Էստոնիան այսօրվանից ունի ամենաերիտասարդ վարչապետն ամբողջ Եվրոպական միությունում: 34-ամյա Թաամի Ռոիվասը փոխարինեց շուրջ ինը տարի պաշտոնավարած Անդրուս Անսիպին, որը հրաժարական էր ներկայացրել, քանի որ մտադիր է աշխատանքի անցնել Եվրոպական հանձնաժողովում: Նոր վարչապետը նախկին կառավարությունում սոցիալական հարցերով նախարարն էր, Էստոնիայի բարեփոխումների կուսակցության անդամ է:
Սակայն էստոնացիներն ավելի երիտասարդ վարչապետ էլ են ունեցել՝ 32 տարեկան, ուստի այսօր կառավարությունում եւ խորհրդարանում հայ լրագրողների հետ հանդիպումների ընթացքում առավել ոչ այնքան նոր վարչապետի երիտասարդությունն էին շեշտում, այլ այն, որ նոր կառավարությունում տասներեք նախարարներից հինգը կանայք են:
Էստոնիայի խորհրդարանի փոխնախագահ տիկին Լայնե Ռադյարվը (լուսանկարում) հասցրել է պաշտոնավարել եւ իբրեւ Տարտուի քաղաքապետ, եւ մշակույթի նախարար, ու բացահայտեց, թե փորձելու է ընտրվել նաեւ Եվրոպական խորհրդարանում: Նրա եւ Էստոնիայում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպեցինք այն բանից հետո, երբ նոր կառավարությունը խորհրդարանի առջեւ երդմամբ ստանձնեց իր պարտականությունները:
Հենց տիկին փոխնախագահն էլ պատմեց, որ թեեւ նոր վարչապետը 34 տարեկան է, բայց արդեն տաս տարի աշխատել է տարբեր պաշտոններում՝ նախարար է եղել եւ այլն:
Կարդացեք նաև
«Լավ է, որ կառավարությունում բոլորը տղամարդիկ չեն: Ինքս սկզբունքորեն ֆեմինիստ չեմ, չեմ սիրում քվոտաներ եւ այլն, եւ այս թեման ինձ դուր չի գալիս»,- այսպես արձագանքեց Լայնե Ռադյարվը «Առավոտի» դիտարկմանը, թե իրենց նոր կառավարությունում մայրիշխանության սաղմեր կան: Հետո հավելեց. «Մենք ինքներս էլ էինք զարմացել»: Քիչ անց պատմեց, որ երբ ինքը մշակույթի նախարար էր՝ միակ կինն էր կառավարությունում:
Ու բացատրեց, թե ինչպես այժմ այդպես ստացվեց. «Նոր սերունդ է, նոր վարչապետ՝ երիտասարդ, որը գլոբալ է մտածում: Եվ կարծում եմ, որ ճիշտ է մտածում: Սա իր ընտրությունն էր»:
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Տալլին