Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ անդրադառնալով իր և բնապահպան ակտիվիստի միջև երեկվա կոնֆերանսում տեղի ունեցած միջադեպին, ասել է, որ մի խումբ բնապահպաններ մոտեցել են և փորձել են խանգարել միջոցառումը, և ինքը՝ տեսնելով ստեղծված իրավիճակը, խնդրել է ու առաջարկել է՝ դուրս գալ դահլիճից և բոլոր հարցերի պատասխանը ներկայացնել դրսում: «Բնականաբար հորդորեցի, որպեսզի խոսելիս լինեն ավելի շատ մասնագիտական մոտեցումներ, որ պատասխանենք իրենց հարցերին: Ցավոք սրտի, ուզում եմ արձանագրել, որ այնպիսի տպավորություն էր այդ միջոցառման ժամանակ, որ գոռալով հարցեր են կարգավորում: Եղան տարբեր մեղադրանքներ, նախարարության հասցեին տարբեր տիպի արտահայտություններ հնչեցին: Խնդրում եմ՝ դուք ինքներդ եզրակացություն կատարեք. երբ բարձրանում են նստատեղերի վրա, երբ դու փորձում ես շփվել լրագրողների հետ, և տարբեր կողմից խաչաձև հարցեր են բարձրացնում… եղան վիրավորական արտահայտություններ նախարարության հասցեին և ես ստիպված էի պատասխանել: Բոլոր արտահայտությունները նախարարության հասցեին, այդ թվում նաև անձնական, ես լսում էի, և ստիպված եղա արձագանքել, այդ թվում նաև՝ կոշտ արձագանքել: Սա՛ է եղել ամբողջ պատմությունը»:
Լրագրողների հարցին, թե չե՞ք պատրաստվում ներողություն խնդրել, Արամ Հարությունյանն այսպես արձագանքեց. «Թող այն մարդիկ, ովքեր այդ իրավիճակը ստեղծում են, թող նաև իրենք մտածեն, որ այն նշաձողը, որը հենց վերաբերում է քաղաքական գործիչներին, կառավարության անդամներին թող այդ նշաձողը չիջնի երբեք: Ես ասում էի՝ գոռալով հարցեր մի՛ բարձրացրեք: Ես գտնում եմ, որ ես գործել եմ տվյալ իրավիճակին համարժեք և տվել եմ այն համարժեք պատասխանը, ինչն անհրաժեշտ էր, երբ քեզ բերում են անձնական դաշտ և փորձում են խաչաձև հարցերով շփոթեցնել, և այդ շփոթմունքի մեջ մեկ այլ հետաքրքրություն գտնել… Շատ եմ ափսոսում, որ այդ քննարկումը նման իրավիճակի վերածվեց»:
Մանրամասները կարող եք կարդալ` 168.am -ի կայքում