Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու լոռեցի մեղադրվում են կեղծ վթար կազմակերպելու մեջ

Մարտ 26,2014 19:54

Ըստ «Դատալեքս» կայքի ՝ Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ, 1988թ. ծնված Մ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսի 7-ին, ժամը 22-ի սահմաններում նախնական համաձայնության գալով Հաղպատ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ա. Ա-ի հետ, խարդախությամբ ուրիշի գույքի խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի վարչական տարածքում գտնվող  քարի  արտադրամասի մոտ կեղծ վթար է ստեղծել: Ա.Ա.-ի  վարած «Կամազ» ավտոմեքենան հետընթաց երթեւեկելու  ընթացքում իբր  բախվել է 2013թ. օգոստոսի 4-ին Մ-16 միջպետական ավտոճանապարհի  59-կիլոմետրում  Մ.Գ.-ի  կողմից արդեն իսկ վթարի ենթարկված, ապա քարի արտադրամասի մոտ տեղափոխված  ու այնտեղ կայանած, Մ. Գ.-ին պատկանող «Հոնդա» մակնիշի ավտոմեքենային եւ իբր վնասել:  Նա այդ կերպ փորձել է «Գարանտ ինշուրանս» ԱՓԲԸ-ից  990 հազար դրամ հափշտակել: Սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել լոռեցիների կամքից անկախ հանգամանքներում:

Երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,խոշոր չափերով խարդախության փորձ»): Սույն հոդվածը նախատեսում  է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի  չափով կամ ազատազրկում՝ 2-5 տարի ժամկետով: Նրանց  նկատմամբ որպես խափանման միջոց  է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս գործով դատավարությունն ընթանում է  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31