Լրահոս
Օրվա լրահոսը

Դասախոս. «Մեզանում ընտանեկան բռնություններն այնքան զանգվածային չեն, որ ահազանգենք»

Մարտ 26,2014 18:54

«Ես չեմ սխալվի, եթե ասեմ, որ հայ գենի պահպանողը հենց հայ կինն է»,- խոսելով հայ կնոջ դերի մասին՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շահե քահանա Հայրապետյանը:

Նա այսպես է կարծում, որովհետև, նրա բնորոշմամբ, ընտանիքի ողջ բեռը, ծանրությունը դրված է հայ կնոջ ուսերին. «Գուցե ծայրահեղ է թվում, բայց հայ տղամարդը հաճախ է պանդխտում՝ հանապազօրյա հաց գտնելու հույսով, և երեխաների խնամքի ծանրագույն հոգսը մնում է կնոջը, որը երբեմն ծայրահեղ զրկանքների գնով է կարողանում պահել ու դաստիարակել իր երեխաներին»,- ասաց քահանան և մտաբերեց  հայերին ատող Լոուրենս Արաբացու մի բնութագրում. «Նա ասում էր՝ Արևմուտքի կինը բռնակալ է, Արևելքինը՝ ստրուկ, իսկ հայ կինը ազգի գենի պահպանողն է, դրա համար պետք է ոչնչացնել հայ ազգը»:

ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Վարդան Խաչատրյանն էլ անդրադարձավ ընտանեկան բռնությունների հարցին, որը, նրա համոզմամբ, արհեստականորեն ծնված խնդիր է: Պարոն Խաչատրյանը փորձեց բացատրել, թե ինչու է այդպես կարծում. «Բռնություններ ամեն տեղ էլ կան, և չկա մի երկիր, որտեղ ընտանեկան բռնություններ չլինեն, բայց արդյո՞ք մեզանում այդ ընտանեկան բռնություններն այնքան զանգվածային բնույթ են կրում, որ մենք պիտի ահազանգենք: Կարծում եմ՝ ոչ»: Նա նույնիսկ բռնության նվազման միտումներ է նկատում, թեկուզև, ինչպես նա ասաց, մեզ համար ողբերգական պատճառներով. «Օրինակ՝ երբ տղամարդիկ լքում են Հայաստանը: Այո, գնացողների զգալի մասը տղամարդիկ են, և այս պայմաններում ասել, որ բռնությունները վերելք են ապրում, սխալ կլինի»,- համոզված է Վ. Խաչատրյանը:

Տեր Շահեն այս առումով առավել ուշագրավ է համարում լքված ընտանիքների, լքված հայ կնոջ խնդիրը. «Սա է ամենամեծ ցավը, երբ հայ կինը մերժված է, երբ հայ տղամարդը թողնում է իր «հալալ» ընտանիքը և կապվելով օտարի հետ՝ մոռանում է հայ կնոջը, այն կնոջը, որին պետք է դարձնել լավի չափանիշ, սրբություն և ասել, որ նա իմ ազգի պահապանն է: Հայ կինը մեծ դեր է խաղում ազգի պահպանման գործում»,- ասում է քահանան:

Դիտարկմանը, որ այսօր հայ կնոջ հավաքական կերպարը կարծես թե իներցիայով ենք առաջ տանում, որովհետև ժամանակակից սերնդին և հատկապես դեռահաս աղջիկներին նայելիս դժվարանում ենք ավանդականի տարրեր նշմարել, Վ. Խաչատրյանը պատասխանեց. «Այսօր աղջիկը մանկական տարիքից համացանցում է, ուզենք-չուզենք, դա այդպես է, և ասել, որ համացանցը, որպես այդպիսին, պետք է նպաստի հայկական արժեքների զարգացմանը, ճիշտ չի լինի, ինչպես որ տեղին չի լինի համացանցից բողոքելը: Պարզապես, մենք պետք է ընդունենք, որ չենք քարոզում այդ արժեքները: Այսօր մենք կարո՞ղ ենք ասել, որ հայ կնոջ արժանիքների ներկայացումը կարելի է տեսնել, ասենք, որևէ հեռուստաալիքով: Երևի թե ոչ: Հավատացնում եմ ձեզ, որ ապագայի աշխարհին պետք չի լինի անդեմ հայ ազգը, բոլորին նմանվելով՝ ապագային մենք պետք չենք լինի, ապագային գույն ունեցող ժողովուրդ է պետք: Մենք ասում ենք՝ Եվրոպայից արժեքներ ենք ստանում: Ինձ համար եվրոպական արժեքը Շեքսպիրն ու Դանթեն են, գերմանացի խոշորագույն փիլիսոփաները, իտալացի մտածողներն ու ռեժիսորներն են, բայց, համաձայնեք, սա չէ, որ գալիս է Հայաստան: Մենք այսօր կերակրվում ենք այն ամենով, ինչը այնտեղի ֆաստ ֆուդն է»:

Պարոն Խաչատրյանը ըմբռնումով է մոտենում այս ամենին, ինչպես ինքն է ասում, որովհետև այդպիսին են ժամանակները. «Բայց մենք մեր գույնը պիտի պահե՞նք, թե՞ չէ»,- հարցնում է նա:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31