«Տպավորությունն այնպիսին է, որ որոշ նախարարներ փորձում են ինքնահաստատվել, դրսևորել պաշտոնյային ոչ վայել վարքագիծ խորհրդարանում և խորհրդարանից դուրս»,-այսօր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսպիսի «կոռեկտության հորդոր» արեց: Այնուհետև նշեց. «Պարոն վարչապետ, հորդորում ենք այս բացատրական աշխատանքը տանել այն նախարարների հետ, որոնք իրենց ոչ կոռեկտ են դրսևորել վերջին ժամանակահատվածում խորհրդարանում և խորհրդարանից դուրս: Եթե ուզում են ինքնակայանալ, դա թող կատարեն այլ ձևաչափի մեջ: Եթե այս ձևաչափի գործունեությունը շարունակվի, մեր կողմից լինելու են ավելի կտրուկ գնահատականներ»:
Հիշեցնենք, որ երեկ նախարարը բնապահպանական ակտիվիստին ասել էր՝ «ականջներդ կկտրեմ, կտամ ձեռքդ, լակո՛տ»:
Վահե Էնֆիաջյանի հորդորին հորդորով պատասխանեց ԿԳ նախարար կամ իր ձևակերպմամբ « ՀՀ բարեկրթության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար» Արմեն Աշոտյանը. «Ցանկացած մարդ ունի իր արժանապատվությունը, արժանապատվությունից կարող են խոսել մարտիկ, որոնք ունեն արժանիքներ ու պատիվ: Պատգամավորը, նախարարը, մարզպետը, քաղաքապետը, ինչպես շարքային քաղաքացին կազմված են մսից և արյունից, նյարդային համակարգից: Եվ ցանկացած սադրանք, որ ուղղված է ցանկացած մարդու հանդեպ, մեկ, երկու, երեք հանդուրժելու պարագայում, արժանանում է երբեմն կտրուկ, բայց արդարացի հակահարվածի: Իմ հորդորը՝ կառավարության կազմում բացառապես կայացած մարդիկ են, կենսագրություն աշխատանքային փորձ, կրթություն ունեցող, ինտելեկտուալ մարդիկ, որոնք կայանալու խնդիր չունեն, հատկապես իրենց քաղաքական ճանապարհը չգտած քաղաքական միավորումների կամ մարդկանց հաշվին: Լավ կլինի, որ իրենք իրենց աչքի գերանը տեսնեն սկզբից: Այստեղից այնտեղից արտահոսող ձևակերպումները, որոնք ուղղում են կառավարության անդամներին, ուղղակի անթույլատրելի են: Ամոթ է բոլորիս, քանի որ քաղաքական պայքարի նշաձողը չի կարող իջնել շուկայի մակարդակի»:
Արմեն Աշոտյանը ամփոփելով հորդորեց զուսպ ու կոռեկտ լինել, իսկ Վահե Էնֆիաջյանը հորդորեց «բառախաղի մեջ չփորձել նոր դիվիդենտներ հավաքել կառավարության և այլ ներկայացուցիչների առաջ»: Նախարարն նաեւ նշեց. «Որոշ գործիչներ «Hello kitty»-ի դեմքով նստում են ԱԺ դահլիճում, բայց երկու ժամ հետո մասնավոր ֆինանսավորում ունեցող կայքերը բացում ու տեսնում ես, թե ինչեր են գրել։ Տեքստը մի բաժանեք, ուղիղ ասեք: Փոքր երկիր է, ինչ-որ դուք անում եք, վստահ եղեք, ես էլ կարող եմ անել, մենակ ես կարող եմ անել, էլ չեմ ասում ամբողջ կառավարությունը ինչ կարող է անել: Մի արեք այդպես, կրեք մեզ, հաղթեք մեզ, հաղթեք ինտելեկտուալ: Բարեկրթության սահմանները պահպանեք»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Առաջարկ… Թող մեկը կտրի Արամ Հարությունյանի ականջներն ու տա Տիգրան Սարգսյանի ձեռքը………………….