Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր Քանաքեռ- Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի դեմ դատավարությունը, որն ընդմիջվեց՝ ամբաստանյալի պաշտպանի միջնորդությունները ուսումնասիրելու համար:
Մինչ դատավոր Լեւոն Ավետիսյանի խորհրդակցական սենյակից վերադառնալը՝ Վոլոդյա Ավետիսյանին բերեցին դատական նիստերի դահլիճ, ներկաներին նա դիմեց. «Դուխներդ տեղը պահեք: Հայերը պիտի պայքարեն: 2000 տարի արդեն պայքարում ենք»:
Իսկ դատավոր Լեւոն Ավետիսյանը մերժեց պաշտպանի միջնորդությունները, որոնք վերաբերում էին դատավորի ինքնաբացարկ հայտարարելուն եւ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը չեղարկելուն:
Պաշտպանը դիմեց դատարանին, օրվա դատական նիստի ձայնագրության կրիչը տրամադրելու խնդրանքով. ըստ պաշտպան Արա Զաքարյանի՝ մեղադրողը թույլ էր տվել արտահայտություններ, որոնք ինքը պետք է ուսումնասիրի եւ ըստ դրանց՝ միջնորդություն ներկայացնի: Պաշտպանը դիմեց նաեւ դատական նիստի օրը հետաձգելու խնդրանքով՝ ձայնագրությունը ուսումնասիրելու համար:
Կարդացեք նաև
Ձայնագրության կրիչի տրամադրման եւ դատական նիստի օրը հետաձգելու վերաբերյալ բոլոր կողմերի համաձայնությունը ստանալուց հետո դատարանը որոշեց բավարարել պաշտպանի դիմումը:
Դատական նիստը նշանակվեց ապրիլի 2-ին:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ