Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին հարցրեց, թե պատրաս՞տ եք Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքից հանել պարտադիր բաղադրիչը:
Նա հիշեցրեց, որ վարչապետը «ԴԵՄ ԵՄ»-ի անդամներին ասել էր,որ պատրաստ է քննարկել այդ օրենքում առկա բացերի, խնդիրների վերաբերյալ՝ դրանք չեզոքացնելու առումով, պատրաստ է քննարկում իրականացնել նրանց հետ. «Դրան նախաձեռնության անդամները պատասխանեցին, որ պատրաստ են քննարկման այն պարագայում, եթե պարտադիր բաղադրիչն այդ օրենքից հանվի: Հարցը վերաբերում է 100 հազարավոր ՀՀ քաղաքացիներին: Ես ուզում եմ ստանալ կոնկրետ պատասխան այդ քաղաքացիների համար՝ վերանայվելո՞ւ , է, թե՞ չէ, հանվելո՞ւ է պարտադիր բաղադրիչն այդ օրենքից»:
Տիգրան Սարգսյանի փոխարեն հարցին պատասխանեց կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, որ պատրաստ են աշխատելու «ԴԵՄ ԵՄ» շարժման հետ, որպեսզի շտկեն բացերը, որոնք կան օրենքում, ինչպես կան ցանկացած օրենքում, սակայն չեն ցանկանում նախապայմաներով խոսել. «Կարծում եմ, որ աշխատանքային հանդիպման ժամանակ մենք կքննարկենք այդ բոլոր հարցերը, որոնք փոփոխման ենթակա են եւ փոփոխման ենթակա չեն: Կաշխատենք գտնել փոխըմբռնման եզրը: Կարծում եմ, որ այդ հանդիպումը, անպայման, պետք է լինի ՍԴ որոշումից հետո, որպեսզի ավելի հստակ լինեն մեր գործունեության սահմանները: Մենք պատրաստ են քննարկել՝ առանց նախապայմանների: Մենք պատրաստ ենք գնալ հանդիպման, այն ժամանակ էլ կքննարկենք: Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների եւ չենք ցանկանում, որպեսզի նրանք եւս նախապայմաններ դնեն՝ հանդիպելու համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ