Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիական ծառայության խորհրդի դեմ նիստը հետաձգվել էր, հետո՝ «ԴատաԼեքսով» կայացվել

Մարտ 26,2014 17:55
femida

ՀՀ վարչական դատարան էր դիմել Սլավիկ Միրզոյանը:

Պատասխանող էր ճանաչվել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը: Հայցվորը խնդրել էր անվավեր ճանաչել քաղաքացիական ծառայության խորհրդի 11.03.2013թ.վարչական ակտը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալության դիտացանցերի եւ տեղեկատվության ծառայության վերլուծության» բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու մասին, փոխհատուցել աշխատավարձը, եւ օրենքը խախտողներին պատասխանատվության ենթարկել:

Սլավիկ Միրզոյանը դատարանին հայտնել էր, որ գտնվել է քաղաքացիական ծառայության երկարաժամկետ ռեզերվում:Դիմում է ներկայացրել, որ իրեն նշանակեն հիշյալ բաժնի գլխավոր մասնագետ:

Նա 1991-1999 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանը կից ՍՊԱԾ չափիչ սարքերի սպասարկման բաժնում, նախ բաժնի պետի տեղակալ, ապա 2008-2011 թթ. տեղեկատվության վարչության, տեղեկատվության նախապատրաստման բաժնի գլխավոր մասնագետ:

Հայցվորը եղել է նախկինում նաեւ ԼՂ վիճակագրական վարչության Հադրութի բաժանմունքի աշխատակից:

2012թ. ապրիլի 23-ի մրցույթում հաղթող ճանաչվելով, չի նշանակվել վերոհիշյալ պաշտոնին:

Ըստ դատարան ներկայացրած դիմումի, նշյալ պաշտոնում  ժամանակավորապես նշանակվել է Արմեն Չախալյանը, որի դիմումն, ըստ հայցվորի, «ընդհանրապես չպետք է քննության առնվեր»:

Հայցվորը հղում է կատարել «Ժամկետային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 31.05.2004թ.436-Ն որոշմանը, համաձայն որի, նշյալ պաշտոնը կարող է զբաղեցնել քաղծառայության երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձը, ում անձնագրային տվյալները բավարար են:

Ի դեպ, նշանակված անձը եղել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից եւ հայցվորի դիտարկմամբ, այն չէր կարող չափանիշ ընդունվել , քանի որ սեյսմիկ ծառայության եւ էներգետիկայի ոլորտները տարբեր են:

Պատասխանողի ներկայացուցիչ Սուրեն Թունյանի առարկություններով, թափուր պաշտոնի համար դիմում են ներկայացրել երեք անձ, նշյալ երկուսը եւ Վալերի Թերզյանը:

ՔԾԽ-ն նախապատվություն է սովորաբար տալիս կարճաժամկետ ռեզերվում գրանցված անձանց, իսկ հավասար հնարավորությունների դեպքում, անցկացնում է հարցազրույց եւ առավել երկար աշխատանքային ստաժ ունեցողին հաստատում:

Արմեն Չախալյանի հետ, ըստ պատասխանողի, կնքվել է ժամկետային աշխատանքայյին պայմանագիր, այդ իսկ պատճառով,  նրա համար որոշում չի կայացվել:՚

Ի դեպ, ըստ պատասխանողի, Սլավիկ Միրզոյանի աշխատանքային ստաժը՝ 1991-1999թթ. սեյսմիկ պաշտպանության ծառայությունում,  չի կարող համարվել քաղաքացիական ծառայության ստաժ, այն համարվել է պետական կառավարման ոլորտի աշխատանքային ստաժ:

Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության կարգավիճակի ուսումնասիրությունից պարզվել է, որ այն չի ունեցել որեւէ մարմնի կարգավիճակ, այն ստեղծվել է 1991թ. հուլիսի 17-ին՝ գիտահետազոտական կենտրոնի իրավունքներով:

Սլավիկ Միրզոյանի հայցը դատարանը մերժել է, նա դիմել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:

«Գտնում եմ, որ դատարանը վճիռը կայացրել է ի հակառակ դատարանի կողմից ձեռք բերված ապացույցների»,- ասում է բողոքաբերը:

Նա նշել է մի շարք խախտումների մասին, մասնավորապես, որ դատարանն առանց իր մասնակցության է քննել գործը.«Նիստը սկսելուց մի ժամ առաջ դատավորի օգնականը զանգել էր ինձ, հայտնել, որ նիստը տեղի չի ունենա, ապա, «ԴատաԼեքսից» իմացա, որ նիստը կայացել է»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31