Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցմունք տվեցին այն խանութի աշխատակիցները, որոնց մոտ պատսպարվել էր քավոր Հարութի ահաբեկված դուստրը (Ֆոտոշարք)

Մարտ 26,2014 17:52

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու` Վահե Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Հիշեցնենք, որ նրա դեմ քրեական գործ հարուցվեց անցած տարվա ապրիլի 23-ին Գյումրու Շիրակացի փողոցում հնչած կրակոցների պատճառով: Ըստ առաջադրված մեղադրանքի,  Վահե Ղուկասյանը ապօրինի կերպով ձեռք բերված հրազենից ապօրինաբար, շատերի կյանքին վտանգ սպառնացող միջոցով փորձել է կյանքից զրկել Հարություն Խաչատրյանին: Շիրակացի փողոցի «Ցածր գներ» խանութի դիմաց առնվազն 3 անգամ կրակել է նրան, սակայն չի կարողացել ավարտին հասցնել իր մտադրությունը, քանի որ Արտյոմ Կարապետյանը՝ Շեկոն, դուրս գալով «Մերսեդես» մակնիշի մեքենայից, իր ընկերոջը` Հարություն Խաչատրյանին ու նրա դստերը պաշտպանելու նպատակով «Մակարով» տեսակի հրազենից կրակ է արձակել: Այդ ընթացքում, ըստ մեղադրանքի, Վահե Ղուկասյանը չի դադարեցրել կրակահերթը, փոխադարձ կրակոցներ են արձակել, որի արդյունքում Վահե Ղուկասյանը թեթևակի վնասվածքներ է ստացել հետնամասում, իսկ Հարություն Խաչատրյանին` քավոր Հարութին ու Արտյոմ Կարապետյանին`Շեկոյին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ և Արտյոմ Կարապետյանը մահացել է:

PrevPhoto
NextPhoto

Հիշեցնենք, որ Ղուկասյանների պատերազմը ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մտերիմների հետ էր, Շեկոն` պատգամավորի հանգուցյալ հորեղբոր թիկնապահն էր, իսկ «Քավոր Հարութը» նույն հորեղբոր երեխաների կնքահայրն է:

Այսօր դատարանում ցուցմունք տվեցին Շիրակացի փողոցի վրա գտնվող տարբեր խանութների տերերն ու աշխատակիցները: Վերջիններս միաբերան պնդում էին, որ իրենք կրակոցներ չեն լսել, այլ հետո են հասկացել, որ դրանք կրակոցներ էին, , կատարվածի մասին չեն հետաքրքրվել, ոչինչ չգիտեն: Հակասություններ կային նրանց նախաքննական ցուցմունքների ու դատարանում տված ցուցմունքների միջև: Ամեն մի վկայի հարցաքննությունից հետո դատախազ Արմեն Շիրոյանը ստիպված էր լինում ընթերցել տվյալ վկայի նախաքննական ցուցմունքը: Նշենք, որ դատարանում ցուցմունք տալուն պես վկաները անմիջապես հեռանում էին, այնպիսի տպավորություն էր, որ ուզում էին վայրկյան առաջ ավարտվել հարցաքննությունը ու փախնել:

Ինչևէ, առաջին վկան Շուշանիկ Օհանյանն էր, ով աշխատում էր Շիրակացի փողոցում գտնվող «Նվերներ» խանութում: Տիկինը պատմեց, որ ապրիլի 23-ին սովորականի պես եկել է աշխատանքի ու ժամը 11-ի կողմերը ապակեղեն է ստացել, դասավորել է: Ու այն պահին, երբ տեսակավորել, դասավորել ու դրսից ներս էր բերել ապրանքը, նկատել է սև մեքենա: Ըստ վկայի, իրեն թվացել է, թե վարորդի կողքից իջնող թիկնեղ անձը զենք ուներ ձեռքին ու կրակում էր: «Ինձ թվաց, թե զենք կար մոտը, ես արագ ներս մտա, ներսում ինձ թվաց, թե երկու կրակոց լսեցի, թեև մտածեցի ավտոյի կալոսների ձայն է, բայց հետո ուժեղ կրակոց լսեցի, մի 10 տարեկան երեխա ներս մտավ խանութ, վախեցած, ես նրան տարա պահեստային մաս: Էնքան վախեցած էի, որ չեմ էլ նկատել, թե երեխան ինչպես դուրս եկավ: Երբ դուրս եկանք, տեսա շտապօգնության մեքենա: Հետո նոր միայն իմացա, որ այդ երեխան տուժողի աղջիկն է`քավոր Հարութի: Կյանքում ես չէի տեսել քավոր Հարութին, երեխան ասում էր` պապաս, պապաս: Դա 15-20 րոպե տևեց, աղմուկ-աղաղակ լսվեց, շտապօգնության մեքենա եկավ»,- պատմեց տիկինը: Թե ինչ մակնիշի էր սև գույնի մեքենան և ինչ զենք էր տեսել մեքենայից դուրս եկող տղամարդու ձեռքին, վկան ասաց, որ ինքը մեքենայի մակնիշներն ու զենքերը չի տարբերակում:

Դատախազը հայտարարեց, որ տիկնոջ նախաքննական ցուցմունքի և դատարանին տված ցուցմունքի միջև հակասություններ կան, և հրապարկեց նախաքննական ցուցմունքը: Նախաքննական ցուցմունքում խոսք չկա այն մասին, որ Շուշանիկ Օհանյանը դրսում մայթի մոտ կանգնած սև մեքենա է տեսել, որից և դուրս է եկել զինված անձ: Նշենք, որ սև մեքենան քավոր Հարութի մեքենան է: Դատախազը հետաքրքրվեց, թե ինչու նախաքննական մարմնին չէր հայտնում, որ նման բան է տեսել և արդյո՞ք ցուցմունքը իր ձեռքով էր գրել: Վկան ասաց, որ դա հետո է հիշել` տուն գնալիս:
Վկայություն տվեց նաև այս կնոջ դուստրը` Նարինե Մովսիսյանը, որը նույն խանութում էր աշխատում: Վկան ասաց, որ այդ օրը ժամը 13-ի սահմաններում մի երեխա է ճչոցով ներս մտել իրենց խանութ, գոռալով` պապաս, պապաս: Եվ իրենք երեք հոգով` ինքը, մայրը և քավոր Հարութի դուստրը`Քնարիկը մտել են պահեստ, և երբ դուրս են եկել, տեսել են դրսում ժողովուրդ է հավաքվել: Դատավոր Աշոտ Մանուկյանը հետաքրքրվեց` հետո ի՞նչ գիտեք: «Գիտեմ այն, ինչ բոլոր գիտեն», -ասաց վկան: Նա ասաց, որ պահեստում քավոր Հարութի աղջկա հետ մնացել են 5-10 րոպե, երեխան անընդհատ ուզել է դուրս գալ, նա դողացել, կուչ է եկել:

Վահե Ղուկասյանի փաստաբան Հայկ Ալումյանը հետաքրքրվեց.«Եթե դուք այդ ամբողջ ընթացքում պահեստում էիք ու ձայներ չեք լսել, ինչի՞ց էիք այդպես վախնում»: «Ես հետո եմ վախեցել»,-ասաց վկան: Ըստ նրա, քավոր Հարութի դուստրը`Քնարիկը` դպրոցական պայուսակը ձեռքին, մտնելով խանութ գոռացել է` «պապայիս կրակել են», իսկ իր մայրը`Շուշանիկ Օհանյանը, տեսել է, որ քավոր Հարութի ձեռքը վնասված է :
Այստեղ ևս դատախազը հրապարկեց վկայի նախաքննական ցուցմունքը, որտեղ նա նշում էր, որ կրակոցներ է լսել: Նա դատարանում պնդում էր , որ ինքը պահեստում եղել ու ոչինչ չի լսել: «Ես գմփգփոց էի լսում այդ պահին, հետո եմ հասկացել, որ կրակոցներ են»,- պարզաբանեց վկան:

Նշենք, որ «Ցածր գներ» խանութի տերը, որի աշխատակիցները կրակոցների ժամանակ պառկել են գետնին և գոռացել.«Փախեք խանութի վրա են կրակում», ևս ասաց, որ ինքը չի հետաքրքրվել դեպքի մանրամասներով: Շիրակացի փողոցում գտնվող «Միլենա» խանութի տերն էլ ասաց, որ իրեն այս դեպքը չի հետաքրքրել:Նա հայտարարեց, որ իր գործերն իրեն ավելի հետաքրքիր էին այդ պահին, քան կրակոցները:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31