Լրահոս
Օրվա լրահոսը

Հասմիկ Պողոսյանը՝ Շուշան Պետրոսյանին. «Ապակողմնորոշում եք ամբողջ հասարակությանը»

Մարտ 26,2014 17:40

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին հարց ուղղեց՝ «ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվելու Դուք՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ընտրության հարցում»:

Շուշան Պետրոսյանն ասաց, որ տնօրենի թափուր պաշտոնի համար դիմած գրեթե բոլոր թեկնածուներին ճանաչում է , նրանցից մի քանիսն ուղղակի մշակութային արժեք են: Ակնհայտ է, որ թեկնածուն ուղղակի պիտի մշակույթի գիտակ լինի, ինչու չէ՝ երաժիշտ, ու ամենակարեւորը՝ ունենա մշակույթի այս ձեւաչափում աշխատելու լայն միջազգային փորձ: Նախընտրելի է մեկը, որն ունի մեծ ծանոթություն աշխարհի առաջատար շատ օպերային թատրոնների հետ:

Հասմիկ Պողոսյանը պատասխանեց. «Առաջնորդվում եմ ոչ թե ես, այլ՝ ՊՈԱԿ-ի մասին օրենքը եւ հանձնաժողովը: Անշուշտ, որոշակի դեր է խաղալու այն հանգամանքը, թե զարգացման ինչ հայեցակարգեր են ներկայացնելու այն հավակնորդները, որոնք տնօրենի պաշտոնի համար հայտ են ներկայացրել: Ինձ համար մի քիչ անհասկանալի է՝ թեկնածուները այսօր գիտենք ով է, ով չի, ինչպիսի չափանիշներ պետք է ունենա: Գիտեք ինչ կա, կառավարման ոլորտը  դա որոշակի հատկանիշներ մարդուց պահանջող անհրաժեշտություն է եւ այստեղ միայն ինչ-որ մի ոլորտի գիտելիքները բավարար չեն լինելու: Դրա համար փաթեթի մեջ պարտադիր պահանջ է հայեցակարգի ներկայացման պահանջը, որի շուրջ ավելի մանրակրկիտ հարցեր կտրվեն բոլոր թեկնածուներին եւ ըստ այդմ համապատասխան որոշումը հանձնաժողովի կողմից կլինի»:

Շուշան Պետրոսյանն ասաց, որ պաշտոնապես հայտ է ներկայացրել 9 թեկնածու, եւ միայն մեկն է ներկայացրել ծրագիր:

Հասմիկ Պողոսյանը երգչուհուն հակադարձեց. «Այդպես չի: Խնդրում եմ այդպիսի հայտարարություններ չանեք, որովհետեւ ապակողմնորոշում եք ամբողջ հասարակությանը, այն էլ՝ Օպերայի մրցույթի շուրջ: Ձեզ պաշտոնապես հավաստիացնեմ, որ 9 փաթեթները ամբողջովին զեկուցվել է, որ կնքվել են օրենքի տառին համաձայն, եւ փաթեթների մեջ կան բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որ պետք է լինեն, ներառյալ հայեցակարգերը: Խնդիրը նրանում է, թե ով է որոշել իր հայեցակարգը օր առաջ հանրայնացնել, ով որոշել է ներկայացնել մրցույթին: Դրանք փակ պահվում են, մրցույթի ժամանակ այդ փաթեթները նոր բացվում են: Որեւէ թերացում այս փուլում գոյություն չունի: Մանավանդ Օպերայի հարցում խնդրում եմ մենք մի քիչ զգույշ լինենք, հանգիստ լինենք»:

Նախարարը վսահեցրեց, որ բաց, թափանցիկ մրցույթ է լինելու եւ հարցեր չեն առաջանալու, թե ում ընտրեցին, ինչպես ընտրեցին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Դե հա միակ բանը, որ Հայաստանում կատարյալ է եւ կայացած ընտրական համակարգն է` բոլոր մակարդակներում……………

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31