Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ականը՝ վարչապետին. «Դիտավորյա՞լ եք անում, մարդ ու կնիկ բաժանվում են իրարից»

Մարտ 26,2014 17:25

 

«Պարոն վարչապետ, ի՞նչն է պատճառը, որ միջազգային կառույցներից ցածր տոկոսներով վարկեր ստանալով, մենք այն գյուղացուն ենք հասցնում մինչեւ 27-30 տոկոսով: Ի՞նչն  է պատճառը նման բարձր տոկոսների»,- այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն այսպիսի հարց ուղղեց Տիգրան Սարգսյանին:

Հարցին պատասխանեց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Նրա խոսքերով՝ բանկային տոկոսադրույքները բավականաչափ բարձր են եւ դա չի վերաբերում միայն գյուղատնտեսությանը. «Ունենք ՓՄՁ-ների վարկավորման տոկոսադրույքների հետ կապված խնդիրներ էլ: ՀՀ-ում այսօր այնպիսի իրավիճակ է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքն է այն հիմնական գործիքը, որն ազդում է վարկային տոկոսների վրա: ԿԲ-ի միակ խնդիրը ինֆլյացիան է, տոկոսադրույքը սահմանվում է՝ ելնելով սպառողական գների ինդեքսից: ՀՀ-ում դեռեւս կորպորատիվ կառավարման խնդիրներ մենք ունենք: Կորպորատիվացման տեսանկյունից մենք շատ անելիքներ ունենք»:

Լյովա Խաչատրյանն ապշել էր նախարարի այս «հանրամատչելի» պատասխանից. «Եթե ձեր պատասխանը գյուղացիք լսեին, հետաքրքիր է, թե ինչ եզրահանգում կանեին»:

Լյովա Խաչատրյանը բորբոքվեց. «Գյուղացիների մեծ մասը տները կորցրել է: Եթե մեկը վարկ էր վերցրել, ռիսկ էլ չկա՝ 98 տոկոս վերադարձելիություն: Փոխկապակցված-կապակցված տարբեր հորինված բաներ, ամբողջ ազգուտակով, գյուղով ընկել են վարկերի տակ: Սա վաշխառուություն է: 3-4 տոկոսով վերցնում եք, 25 տոկոսով տալիս, էդ ի՞նչ եք անում: Դիտավորյա՞լ եք անում, որ մարդիկ հանցագո՞րծ դառնան: Մարդ ու կնիկ իրար վրա են գցում պարտքը, բաժանվում իրարից: Արդեն ընտանիք են քայքայում այդ վարկերը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31