Արաբկիրի Քանաքեռ Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում ազատամարտիկ, քաղբանտարկյալ, պահեստի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով հերթական դատական նիստը՝ Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ:
Դատական նիստը սկսվեց պաշտպան Արա Զաքարյանի միջնորդությամբ: Պաշտպանը պահանջում էր դատավորի ինքնաբացարկը, քանի որ ըստ պաշտպանի՝ գործի քննության համար սխալ վայր է ընտրված, եւ նաեւ կային գործի հետ կապված դիմումների ընդունման եւ դատական նիստերի օրերի նշանակման հետ կապված հարցեր, ինչը, ըստ պաշտպանի, կասկածի տակ է դնում գործով դատավորի անկախությունը:
Դատավարությունը նախագահող Լեւոն Ավետիսյանը դիմեց Վոլոդյա Ավետիսյանին, արդյոք կո՞ղմ է միջնորդությանը, ինչին դրական պատասխանեց մեղադրվողը, նաեւ ավելացրեց, որ իրեն քննության ընթացքում առաջարկեցին հրաժարվել պայքարից եւ հանդիպել լրագրողների հետ, այդ դեպքում հաջորդ դատական նիստին խափանման միջոցը որպես կալանք ընտրելու որոշումը կփոխվի. «Ես նրանց ասացի, որ ազգի դավաճան չեմ»,- ասաց Վոլոդյա Ավետիսյանը: Դահլիճում հնչեցին ծափահարություններ:
Մեղադրող կողմը համարեց, որ միջնորդությունը պետք է մերժվի՝բերելով իր հակափաստարկները:
Այնուհետեւ դատարանը պաշտպանին դիմեց՝ արդյո՞ք այլ միջնորդություն չկա: Պաշտպանը նշեց, որ ցանկանում է եւս մեկ միջնորդություն ներկայացնել, եթե դա էլ թողնի հետագայի համար, ապա լրացուցիչ անգամ կերգարացի մեղադրվողի փակի տակ մնալը:
Պաշտպան Արա Զաքարյանի երկրորդ միջնորդությունը՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը փոխելն էր: Նա նշեց, որ մեղադրվող կողմի այն պնդումը, թե մեղադրվողը ազատության մեջ կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ շփվելով գործի հետ կապված վկաների հետ, անհիմն է: Մեղադրող կողմը այս միջնորդությունը եւս մերժեց՝ պնդելով, որ արձանագրվել է դեպք, երբ մինչդատական վարույթի ժամանակ խոչընդոտվել է գործի քննությունը: Հետո մեղադրող կողմը նշեց, թե մեղադրվողը տուժողի վնասը չի փորձել փոխհատուցել՝ գոնե որպես մեղմացուցիչ հանգամանք: Սրան պաշտպանը հակադարձեց, թե այս գործով տուժող չկա, վնասն ու՞մ պիտի փոխհատուցվի:
Այս պահին դատարանը խորհրդակցական սենյակում է:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ