Լրահոս
Օրվա լրահոսը

Բանավեճ՝ Նիկոլ Փաշինյանի և Արմեն Աշոտյանի միջև. ո՞ւմ են «ռևիզիայի» ենթարկելու

Մարտ 26,2014 16:49

Այսօր ԱԺ-ում «Կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ բանավեճ տեղի ունեցավ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի միջև: Խնդիրը ծագեց այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ ՀՀ բուհերում տեղի ունեցած տխրահռչակ միջադեպերին՝ հատկապես Տարոն Մարգարյանի ատենախոսւթյան ժամանակ գրանցված դեպքին:  Այնուհետև մտահոգություն հայտնեց, թե ուսանողներին գցում են սոցիալական կախվածության մեջ: Ի պատասխան ԿԳ նախարարը նշեց, թե «Ողջ քաղաքական թիմեր գիտեմ, որ սոցիալական կարիքի պատճառով ընկել են  կախվածության մեջ»:

Նիկոլ Փաշինյանը միանգամից դիմեց հակահարձակման ու նշեց. «Եթե քաղաքական թիմերի սոցիալական կախվածությունից եք խոսում, ապա առաջին հերթին այդ իմաստով պիտի ռևիզիայի ենթարկվի ձեր խմբակցությունը: Տասնյակ են դեպքերը, երբ խմբակցությունից մարդիկ միջանցքներում քննարկումների ժամանակ դեմ են արտահայտվում օրենքներին, ասում՝ անթույլատրելի է, բայց վերջում գալիս կողմ են քվեարկում: Սա քաղաքական թիմերի սոցիալական կախվածության օրինակ է: Թե ումից է կախվածությունը, գիտենք. օլիգարխիայից և այդ կարգի խմբավորություններից»:

Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Չհասկացա՝ ինչո՞ւ իմ տեսական դիտարկումը միամտաբար կամ դիտավորյալ պրոյեկտեցիք կոնկրետ թիմերի վրա: Ի սեր աստծո, ես դա ասելիս տեսական վերլուծություն էի անում, եթե պաշտպանվելու, նման կոնտր հարվածի կարիք կար, ուրեմն տեղին եմ ասել»:

Այնուհետև Արմեն Աշոտյանը ԱԺ ամբիոնից զգուշացրեց՝ բայց շեշտելով, որ ելույթի այս հատվածը Նիկոլ Փաշինյանին չի վերաբերում. «Այն, ինչ կարելի է ասել պատգամավորին, կարելի է նաև նախարարին, այն, ինչ նախարարը կարող է ասել ի պատասխան, բարի եղեք  դա լսել: Ինչ որ ցանում եք, հնձում եք ավելին: Ոչ թե քանի որ մենք հատուկ ջանքեր ենք գործադրում,  քանի որ ավելին ասելու և անելու, ավելի շատ կարողություններ ունենք: Իրականում բոլորիս համար մի պահ կանգ առնելու ժամանակն է: Բարձրանում ես վերև, թվում է դու ես, իսկ  աշխարհը տակդ է, մի պահ մի վախեցիր նայիր ներքև, գուցե տա Աստված գլուխդ պտտվի, այդ ժամանակ գուցե կարողանաս բնության կողմից պարգևվված ծանրության ուժի ներքո գտնել սեփական տեղդ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31