Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովարորդները տրանսպորտի նոր նախարար են ուզում ունենալ (Տեսանյութ)

Մարտ 26,2014 16:44

«Ավտովարորդների պաշտպանության լիգա»-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը որոշել է իր կառույցին անդամակցող վարորդների հետ միասին տրանսպորտի նախարարի պաշտոնի համար նոր ընտրություններ անցկացնել եւ ձայների մեծամասնությունը հավաքած թեկնածուին նախարարի պաշտոնը վստահել: Նա պատճառաբանում է, որ «տրանսպորտի ոլորտը մեր երկրում ձախողված է, ճգնաժամ է ապրում», իսկ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին, ինչպես Տ. Հովհաննիսյանն է պնդում, այդ հարցերը չեն հետաքրքրում` «Գագիկ Բեգլարյանը զբաղված է Հյուսիս-Հարավ ճանապարհը սարքելով»:

«Մենք կընտրենք մեր նախարարին, արհմիություն կկազմենք, կհզորանանք ու մեր հարցերն ինքներս կլուծենք»,-այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում հայտարարեց Տ. Հովհաննիսյանը՝ պահանջելով վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Հարցին, թե մարտի 28-ից հետո չորս ուժերը պահանջելու են կառավարության հրաժարականը, միանալո՞ւ եք այդ նախաձեռնությանը, նա պատասխանեց. «Մենք տրանսպորտի ոլորտի ներկայացուցիչներ ենք, մենք ո՞նց կրթության կամ մշակույթի նախարարների հրաժարականը պահանջենք, կարող է մարդիկ շատ լավ աշխատում են»: Նրա մեկնաբանությունները` տեսանյութում:

Տիգրան Հովհաննիսյանի խոսքերով` «Կառավարությունը վերածվել է գրանտային կազմակերպության եւ ինչ առաջարկ, որ հ/կ-ները անում են, կառավարությունը գողանում է նրանց գաղափարը ու գրանտ է ստանում: Սակայն այդպես էլ ոլորտի խնդիրները չեն լուծվում»:

Տիգրան Հովհաննիսյանը նաեւ անդրադարձավ ավտոներկրողների խնդիրներին: Ըստ նրանց՝ արդեն 23 տարի է՝ ավտոներկրողները հարկային դաշտից դուրս են գործում.«Ես պահանջում եմ, որ նրանք օրինական դաշտ մտնեն: Ավտոներկրողների նկատմամբ չկիրառեն այն հարկային արտոնությունը, որը որ օրենքով սահմանված է սովորական քաղաքացիների համար: Ավտոներկրողները երկրորդ ավտոմեքենան վաճառելիս պետք է 20% ԱԱՀ վճարեն: Պահանջել ենք մաքսային գների մասին տեղեկատվություն տրամադրել, ինվոյսները հրապարակել, չեն անում: Բացարձակ տեղյակ չենք մաքսազերծման գներին: Ես Ճապոնիայից 4 հազար դոլարով մեքենա եմ բերում, եւ պարզվում է 3 հազար դոլար մաքս պետք է վճարեմ: Ինչո՞ւ պետք է այդքան շատ մաքս վճարեմ: Առանց մաքսային բրոքերի չես կարող ավտոմեքենան մաքսազերծել, մինչդեռ կարգը թույլ է տալիս անգամ տանը նստած, առցանց մաքսազերծել քո ավտոմեքենան, բայց մտնում ես Պետեկամուտների կայք, կոդ է պահանջում եւ առանց այդ կոդի չես կարող ցանցից օգտվել, կոդն էլ մաքսայինը չի տրամադրում` ասելով բրոքերների միջոցով արեք: Ես իմ բրոքերով չեմ կարող անել այդ գործողությունը, պետք է անպայման իրենց բրոքերներով անեմ, որոնք նստած են այնտեղ: Եվրոպացին գալիս է ընթացակարգերը պարզեցնում, ոտքը քաշում է, մաքսայինն իր գործելաոճը շարունակում է»,-ասում է պարոն Հովհաննիսյանը:

Այն պահին, երբ Տիգրան Հովհաննիսյանը խոսում էր նաեւ տաքսիստների խնդիրներից, լուր տարածվեց, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքում տաքսիստների համար 75 կայանատեղիներ է հատկացրել, որպեսզի նրանք հաճախորդին սպասեն այդ վայրերում եւ ստիպված չլինեն կարմիր գծանշումներով վճարովի ավտոկայանատեղիներից օգտվել: Սրան ի պատասխան՝ ասուլիսին ներկա մեկ տասնյակից ավելի տաքսու վարորդները ասացին` «Դեռ պետք է տեսնենք, թե որտեղ են այդ կայանատեղիները, կարող է «Տեցի կրուգո՞ւմ» են»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31