Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիա տեխնիկական կենտրոնում գտնվում է ուսումնամարզական հավաքում:
Ըմբիշները գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ նախապատրաստվում են ապրիլի 5-6-ը Ֆինլանդիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Լեւոն Ջուլֆալակյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Սա հավաքականի վերջին ուսումնամարզական հավաքն է Եվրոպայի առաջնությունից առաջ: Թիմը տարվա կտրվածքով անցել է պլանավորված բոլոր ուսումնամարզական հավաքները, մասնակցել միջազգային մրցաշարերին: Տղաները նորմալ մարտական վիճակում են: Մնում է, որ մրցագորգում ցույց տան այն ամենը, ինչի ընդունակ են:
Եվրոպայի առաջնություն մեկնելու ենք ապրիլի 3-ին: Ֆինլանդիայում մրցագորգ մտնելու են Կարեն Ասլանյանը` 59 կգ քաշային կարգ, Արամ Ջուլֆալակյանը` 66, Վարշամ Բորանյանը` 71, Արսեն Ջուլֆալակյանը` 75, Հրաչ Հովհաննիսյանը` 80, Մաքսիմ Մանուկյանը` 85, Արթուր Ալեքսանյանը` 98 եւ Վաչիկ Եղիազարյանը` 130»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` erit.am-ի