Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Սփոփանքն այն է, որ նախարարը տղամարդ է»

Մարտ 26,2014 16:21

Մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած ավանդի համար և կանանց միջազգային տոնի կապակցությամբ մայրաքաղաքի և մարզերի մի շարք մանկավարժներ այսօր առավոտյան ԿԳՆ-ում պարգևատրվեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրերով ու ոսկե մեդալներով:

«Անկախ նրանից, որ այսօր մենք քիչ ենք իրար բարի և անգամ ճիշտ բաներ ասում, միևնույն է, դուք ձեր տոկունությունն ու աշխատելու ցանկությունը չեք կորցնում և վստահաբար գիտեք, որ անցողիկը տարբերվում է հավերժականից, ու թեև առօրյա գնահատականի կարիք զգում եք, բայց վստահ եք, որ ձեր աշխատանքի հիմնական գնահատականը տալիս և տալու է ժամանակը: Մենք չենք հավակնում լինել ժամանակի դերում, բայց ուզում եմ նախարարության կողմից ձեզ շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով անբասիր, երկարատև, արդյունավետ աշխատանքի համար՝ փաստել, որ մենք ունենք հազարավոր ուսուցիչներ, որոնց անունները, ցավոք, հայտնի չեն լայն հանրությանը, մինչդեռ, այդ մարդիկ կարող են լինել և պետք է լինեն օրվա հերոսը»,- ողջունելով պարգևատրված մանկավարժներին՝ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և հավելեց, որ մանկավարժների աշխատանքի լավագույն գնահատականն այն սերունդներն են, որոնք մուտք են գործում կյանք:

«Ես հեռու եմ մնում միջսերնդային այն հավերժական բանավեճից, թե գնալով երեխաները փոխվում են, լավը չեն, մենք այսպիսին չէինք և այլն,- ասում է Արմեն Աշոտյանը,- գուցե հայտնվել եմ երկու սերունդների արանքում, դրա համար էլ զերծ եմ մնում, բայց, համենայն դեպս, ամեն ծնող իր երեխայի օրինակով կարող է ասել, որ նրանք փոխվում են, բայց չեն վատանում, իսկ որ փոխվում են, դա դեռ չի նշանակում, որ տարբեր լինելով հանդերձ՝ ունակ չեն պահպանելու իրենց պապերի, հայրերի արածները»:

ՀՀ ԿԳ նախարարը ցավով նկատեց, որ Հայաստանի կրթական համակարգը «կանացի դեմք ունի», ինչի վերաբերյալ հաճախ կարելի է քննադատություններ լսել: «Իհարկե, շատ լավ կլիներ, որ տղամարդ ուսուցիչների թիվը մեծանար, որովհետև աշակերտները նաև տղամարդ դաստիարակների կարիք ունեն: Սփոփանքն այն է, որ նախարարը տղամարդ է»,- կատակեց Ա. Աշոտյանը:

Նախարարն առաջարկեց մանկավարժներին խոսել նաև իրենց դպրոցներում առկա խնդիրների մասին, «բացի աշխատավարձից և դպրոցի շենքային խնդիրներից»,- շեշտեց Ա. Աշոտյանը, որոնց լուծումը, նրա խոսքով, ընթացքի մեջ է: Սակայն քանի որ մանկավարժները նախընտրեցին այսօր չխոսել խնդիրներից, Ա. Աշոտյանը խնդրեց նրանց գրել իրեն իրենց մտահոգությունների մասին. «Ո՞վ պիտի մեզ հուշի՝ ինչն է լավ, ինչն է թերի, եթե ոչ դուք՝ մեր լավագույն մանկավարժները»,- ասաց նախարարը:

Այսօր պարգևատրված մանկավարժներից Գ. Գյուլբենկյանի անվ. ավագ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Քնարիկ Հակոբյանին, օրինակ, մտահոգում է շտեմարանների հարցը, որոնք, ինչպես նա է ասում, քիչ չէ, որ բավականին ուշացումով են լույս տեսնում, նաև ունեն բազմաթիվ թերություններ և սխալներ, ինչպես նաև տարբեր մոտեցումներ, ինչը նա բնական է համարում այն պատճառով, որ հեղինակների տարբեր խմբեր են աշխատում դրանց վրա. «Երեխաները դրանից սթրեսային վիճակների մեջ են հայտնվում, հուզվում են, տարակուսում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ուսուցչուհին:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31