Լրահոս
Օրվա լրահոսը

Կառուցվում է Մեղրիի ինքնահոս համակարգը. փոխվարչապետն ընդունեց Համաշխարհային բանկի առաքելությանը

Մարտ 26,2014 16:13

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) ջրային պաշարների համապարփակ կառավարման խնդիրներն ուսումնասիրող առաքելությանը` ջրային պաշարների ավագ մասնագետ Ուինսթոն Յունի գլխավորությամբ:

Զրուցակիցները քննարկեցին ջրային պաշարների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր: Առաքելության ղեկավարը տեղեկացրեց, որ մտադիր են Հայաստանի կառավարության հետ քննարկել Հայաստանում ջրային պաշարների կառավարման ներկա իրավիճակի, ընթացիկ մարտահրավերների ու հնարավորությունների բացահայտմանն ուղղված ուսումնասիրությունների նախաձեռնման հնարավորությունը:

Փոխվարչապետը նկատեց, որ ջրային պաշարների արդյունավետ կառավարման խնդիրներն արդիական են Հայաստանի համար, եւ կառավարությունը մեծ կարեւորություն է տալիս այդ հարցին: Նա տեղեկացրեց, որ օրերս հրապարակվել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարների վերաբերյալ բավականին համապարփակ ուսումնասիրություն, որն իրականացվել էր ՀՀ կառավարության առաջարկով` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Փոխվարչապետն առաքելությանն առաջարկեց մասնավորապես ուսումնասիրել ջրային պաշարների արդյունավետ կառավարման ազդեցությունը տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման վրա:

Ա. Գեւորգյանը նաեւ նշեց, որ մեր երկրի համար առաջնահերթ խնդիր է ջրի կուտակման նոր հնարավորությունների ստեղծումը, եւ այդ նպատակով կառավարությունը ջրամբարաշինական խոշոր ծրագրեր է նախաձեռնել: Ներկայումս գործնական քայլեր են իրականացվում Կապսի, Եղվարդի, Վեդիի եւ Սելավ-Մաստարայի ջրամբարների կառուցման ուղղությամբ, քննարկվում է նաեւ այլ ջրամբարների կառուցման հնարավորությունը: Այդ ծրագրերի իրականացման հարցում կառավարությունն ակնկալում է նաեւ միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությունը:

Անդրադարձ եղավ նաեւ ՀԲ աջակցությամբ համակարգում իրականացվող ծրագրերին: Փոխվարչապետը տեղեկացրեց, որ հաջողությամբ մեկնարկել է ոռոգման համակարգերի շահագործման հուսալիության եւ արդյունավետության բարձրացմանն ուղղված քառամյա ծրագիրը: Ներկայումս իրականացվում են Մեղրիի ինքնահոս համակարգի շինարարական աշխատանքները, ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ նախատեսվում է ինքնահոս չորս նոր համակարգի կառուցում:

Ա. Գեւորգյանը տեղեկություններ ներկայացրեց նաեւ հանրապետության ոռոգման համակարգի ներկա իրավիճակի մասին, ինչպես նաեւ ընդգծեց հետագա ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ինստիտուցիոնալ բարեփոխումների հարցում համապատասխան մարմինները կհամագործակցեն ՀԲ-ի մասնագետների հետ:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31