Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանն ուզում է «հակահանրապետական» օրենք ընդունել

Մարտ 26,2014 16:11

«Այսօր այս դահլիճում կրթությունն է թևածում»,-այսօր ԱԺ-ում «Կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը վստահեցրեց, թե՝ ոչ մի քաղաքականություն, այլ միայն կրթությունից են խոսելու:

Սակայն պատգամավորներն ու նախարարը չկարողացան երկար դիմանալ առանց քաղաքականության, մինչև այն, երբ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց այն հարցը, թե ինչ միջավայրում են այսօր կրթություն ստանում: Եվ հիշեցրեց վերջին շրջանում բուհերում տեղի ունեցած տհաճ միջադեպերը, մասնավորապես, դեկտեմբերի 26-ին Տնտեսագիտական համալսարանում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսության ժամանակ լրագրողների աշխատանքի խոչընդոտումը, նրանց հրմշտելն և վիրավորելը: Նիկոլ Փաշինյանը մտահոգություն հայտնեց, որ նույն այդ զեղչային համակարգը, որի մասին խոսվում է,  ծառայելու է «ՀՀԿ-ական ուսխորհուրդների ամրապնդմանը»:

Պատգամավորը, մասնավորապես, ասաց. «Ուսանողների սոցիալական դժվարություններն օգտագործում են նրանց՝ կախվածության մեջ դնելու համար: Մտավախություններ ունեմ, որ այս ֆինանսական լյուֆտերը կօգտագործվեն հանրապետական ուսխորհուրդներն ամրապնդման համար: Ուստի հանրությունը պիտի ազդակ ստանա, որ դուք և կառավարությունը մտահոգված եք: Բայց իմ նկարագրած միջադեպերի նկատմամբ ձեր, մեղմ ասած, անտարբերությունը, թույլ է տալիս մտավախություն ունենալու, որ այդ ռիսկերը կան ու մեծանալու են: Ունենք ռիսկ, որ դրանք կօգտագործվեն քաղաքական այդ արատավոր երևութները բուհերում խորացնելու համար:Սրա համար հանրությունը և ես ակնկալում էինք, որ դուք, բուհի ղեկավարությունը, կառավարությունը խիստ կարձագանքեիք այդ միջադեպերին»:

Արմեն Աշոտյանը, ի պատասխան, նշեց, թե մարտի 26-ի դեպքերի հետ կապված երեք ամիս անց «սուր չեն խաչելու» ու, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց. «Ձեր հարցադրման ձևը վկայում է այն մասին, որ մեզ հարիր չէ ծամելու այդ հարցերը ԱԺ-ում: Այդ թեմայից չեմ խոսելու, և դուք՝ որպես ինտելիգենտ պատգամավոր, կարող եք ավելի լավ թեմաներ գտնել ձեզ համար»: Դառնալով մարտի 26-ի դեպքերին՝ նախարարը նշեց, թե այդ ուսանողները «տղամարդկություն ունեցան» ներողություն խնդրելու՝ ի տարբերություն շատ քաղաքական գործիչների:

Արմեն Աշոտյանը ընդունեց, որ սոցիալական խնդիրները առկա են և նաև սահմանափակում են տարբեր մարդկանց, որոշ ուսանողների ազատություններ: Այնուհետև նշեց. «Քաղաքական թիմեր են սոցիալական կարիքի պատճառով ընկնում կախվածության մեջ: Ավելին, այս օրենքը այդ դեպքում հակահանրապետական է: Եթե առաջ քսաներեք տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ ուսանողը պիտի գնար ձեր ասած կախվածության մեջ ընկներ ռեկտորից, ուսխորհուրդի նախագահից՝ միտինգի կամ ինչ որ միջոցառման մասնակցելու համար ու զեղչ ստանար, ապա այսօր այդ զեղչը տրամադրված է: Ուստի օրենքը տալու է ոչ թե կախվածություն, այլ ազատություն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31