«2011—ից մինչ այսօր թերեւս մենք կարող ենք արձանագրել այն պահը, երբ ուղղակի հայկական համայնքների հայաթափման հետ կապված հանկարծ զգացինք, որ մեր կառավարությունը գիտի, որ մենք այնտեղ հայություն ունենք, ինչ-որ նվազագույն ծրագրեր Սիրիայից արտագաղթող մեր հայ բարեկամներին տեղավորելու հետ կապված եւ ոչ ավելին, այն դեպքում, երբ Հայաստանը չափազանց կենսական շահեր ուներ այդ տարածաշրջանում, եւ Հայաստանը ուներ բավականին լավ եւ հարգված հայկական համայնք»,- այսօր՝ մարտի 26-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը։ Նրա կարծիքով՝ Հայաստանը դեռ վաղուց պետք է իր ուժերի սահմաններում միջամտեր սիրիական խնդրին։
Նա համարում է, որ Հայաստանը բացարձակ որեւէ ձեւով ցույց չի տվել, որ իրեն անհանգստացնում է սիրիական խնդիրը, մինչդեռ Սիրիան գտնվում էր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում.
«Ամբողջ աշխարհը խոսում է գլոբալ ահաբեկչությունից, բայց Հայաստանը քնած է, Հայաստանին թվում է, թե իրեն չի վերաբերում, Հայաստանը չի պատկերացնում այդ ցանցը ինչ թելերով է ազդում հայերի, այդ թվում Լաթաքիայից տեղահանված հայերի վրա»:
Պարոն Սաֆարյանին չի զարմացնում ներկայիս իրավիճակը, քանի որ նա համարում է անտարբերության արդյունք, եւ նրա կարծիքով՝ մենք մեր սիրիացի բարեկամներին միայն կարող ենք ասել՝ «հայրենիքը ձեզ հետ է, բայց բարոյապես»:
Ստյոպա Սաֆարյանի կարծիքով Ղրիմի հարցում Հայաստանի դիրքորոշումը սխալ է, նա առաջարկեց իր տարբերակը, այն է՝ Հայաստանը չի մերժում ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի իրականացումը, եթե այն իրականացվել է միջազգային նորմերին համապատասխան եւ որ նման խնդիրը պետք է լուծվի Ուկրաինա-Ռուսաստան, Ռուսաստան-Արեւմուտք կամ միջազգային հանրության քննարկումների եղանակով:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ