ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը նախազգուշացնում է՝ կհրապարակի այն ընդդիմադիրների նկարները, ովքեր ցանկացել են իրենց կողմն անցնել: Այս մասին 168.am-ի հետ զրույում ասաց Առաքել Մովսիսյանը՝ պատասխանելով մեր այն հարցին՝ ոչ իշխանական ուժերի կողմից Կառավարությանն անստահություն հայտնելու դեպքում ՀՀԿ-ից «առնետավազք» կսկսվի: Միաժամանակ պատգամավորն ասաց, թե չի լսել, որ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները «առնետավազքի» մասին խոսեն. «Ես չեմ լսել, որ որևէ մեկը առնետավազքի մասին տենց բան ասի, բայց…»: Ապա Առաքել Մովսիսյանը նախազգուշացրեց. «Չեմ ուզում շատ բան ասել՝ բոլորը մեզ մոտ են գալիս, հակառակը՝ չի լինի: Չեմ ուզում դրան անդրադառնամ, բայց իմ մոտ որ մեկը տենց բան կասի՝ նկարն էլ կդնեմ դեմը ու կասեմ՝ որ ժամին, որ րոպեին ա ուզեցել էս կողմ գա, եղա՞վ»: Նա վստահեցրեց, թե ՀՀԿ-ից ոչ ոք ընդդիմություն չի գնա: «Մեզնից ոչ մեկ չի գնա»,- ասաց նա: Դիտարկմանը, թե ըստ ոչ իշխանական ուժերի՝ խոսքը ոչ թե ճամբարը փոխելու մասին է, այլ նրա, որ ՀՀԿ-ական մի շարք պատգամավորներ հոգու խորքում գիտակցում են՝ կառավարությունը վատ է աշխատում, Առաքել Մովսիսյանն այսպես արձագանքեց. «Ուրեմն եթե մի մարդ դժգոհ ա մի տեղից, բայց չի արտահայտվում ինֆարկտը շուտ խփում ա, փչանում ա, պիտի մեջդ չպահես ոչ մի բան»:
ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում