Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար տանող ճանապարհն անցնում է արաբական շուկայի միջով: Համաքրիստոնեական խոշորագույն սրբավայր տանող քարքարոտ ճանապարհի քարերն արդեն փայլում են, այնքան են հղկվել-կլորացել միլիոնավոր մարդկանց անցուդարձից: Արաբական շուկայում առեւտուր անող յուրաքանչյուր երկրորդ արաբ հայերեն մի քանի նախադասություն գիտի. «Բարեւ, հա՞յ ես, ինչպե՞ս ես, լա՞վ ես»: Եվ եթե հանկարծ ինչ-որ բանի գին հարցնես, երկու ոտքով կրակն ես ընկնում, թեւիցդ քաշելով ներս են հրավիրում իրենց կրպակ, առանց զլանալու ցուցադրում ամեն ինչ, խնդրում են, որ պարտադիր սակարկես, հետո էլ «կեղծավորում», թե իրենց խոստացած good price-ը միայն հայերի համար է: Ամենավերջում հուշում են, թե ինչպես գնալ Հարության տաճար:
Հարության տաճարը կառուցված է Քրիստոսի գերեզմանի, Գողգոթայի Խաչելության տեղի եւ այլ սրբավայրերի վրա: Ինչ վերաբերում է Քրիստոսի գերեզմանին, այն գտնվում է Հարության տաճարի մեծ գմբեթի տակ: Հպարտությամբ կարելի է փաստել, որ Հարության տաճարը համատեղ տնօրինում են Հայ, Հույն եւ Կաթոլիկ եկեղեցիները, եւ նրանց է վերապահված այս սրբավայրի մաքրությունն ու գործածությունը։ Վայ այն հայ ուխտավորին, որ մաքրություն անելիս խախտի հունական «սահմանը»: Էլ չենք խոսում հայ հոգեւորականների մասին:
Բախտ եմ ունեցել պատարագի եւ թափորի արարողության մասնակցել Սուրբ Հարության տաճարում, դա աննկարագրելի վիճակ եւ զգացողություն է: Այդքան քրիստոնյա ժողովուրդներ կան աշխարհում եւ թափորի իրավունք միայն հայերն ու հույներն ունեն: Արարողության ժամանակ ողջ տաճարը քոնն է, մայրենի լեզվով հնչում են հոգեւոր երգեր ու հայկական աղոթքը՝ առ Աստված:
Հպարտություն ապրեցի նաեւ Բեթղեհեմում Տիրոջ մսուր այցելելիս: Ուրիշները հերթ են կանգնում, հայերը միանգամից ներս են մտնում, մենք լայն իրավունքներ ունենք այդտեղ եւս: Երբեք մտքովս չէր անցնի, որ Տիրոջ մսուրում կախված կանթեղների եւ սրբապատկերների քանակը կարող է նշանակություն ունենալ: Պարզվում է՝ դրանով էլ են ամրագրված հայերի իրավունքները: Տիրոջ մսուրում հայերն ու հույները հավասար թվով կանթեղներ ու սրբապատկերներ ունեն, կաթոլիկները՝ մի քանի անգամ պակաս: Հետեւաբար՝ նաեւ պակաս իրավունքներ: Մտքիս ծայրով չէր կարող անցնել, որ պատի մի մասը կարող է Հայ առաքելական եկեղեցուն պատկանել, դեպի առաստաղը տանող հատված՝ հույներին: Բայց իրականությունն այդպիսին է: Միշտ վեճեր են ծագել բեթղեհեմյան սուրբ քարայրի տարածքում` պատերի ու պատուհանների մաքրության համար: Այդտեղ հատակի ու ստորին պատերի մաքրելը հայերի իրավունքն է, վերեւի պատերի ու պատուհանների հատվածի մաքրելը հույներին է վերապահված: Երբեմն բանը հասնում է ոստիկանությանը:
Նույնն էլ Սուրբ Հարության տաճարի կրակը բարձրացնելու ժամանակ է լինում: Այդ կրակը խորհրդանշում է աշխարհի վրա լույսի սփռումը, այստեղ էլ հայ եւ հույն հոգեւորականների միջեւ երբեմն ծեծկռտուք է սկսվում Գյուտ խաչի տոնի ժամանակ: Ասում են՝ նման բախումների ժամանակ հույներն անգամ մարդիկ են վարձում, որոնք հոգեւոր հանդերձներով կռվում են հայ հոգեւորականների հետ:
Առաջին տպավորությամբ տարակուսանք կարող է հարուցել, թե ինչպես կարող են հոգեւորականները կռվել միմյանց հետ: Իրականում ամեն ինչ ավելի խորն է, քանի որ ինքնության պահպանման ու տեսակի գոյատեւման խնդիր կա: Եվ տեղին է հայտնի ասույթը, թե աչքդ թեքես, բանիդ տերը չես: Սուրբ երկրում մեկ քառակուսի սանտիմետր հողը ոսկու գին ունի: Մի տպավորիչ օրինակ բերեմ, որի մասին լսեցի Իսրայելում: Վրացիները իրենց սրբավայրերից մեկը ժամանակին փոխանակել են… նարինջով: Հետո վրացական եկեղեցին ձեռքից ձեռք է անցել, եւ ուրիշներն են տնօրինում: Այժմ վրացիները պատրաստ են միլիոնների գնով այն ետ վերադարձնել, բայց չեն կարողանում:
Ի դեպ, հրեաները սրբավայրերում ու Աստվածաշնչի հետ թեկուզ թեթեւ աղերս ունեցող ամեն ինչից կարողանում են փող «քամել»՝ դա գեղեցիկ մատուցելով: Հիշում եմ, թե ինչպես հրեա զբոսավարը պահանջեց, որ հայ ուխտավորներն արագ հեռանան, սպառնալով, թե ոստիկանություն կկանչի, որովհետեւ ինքը խմբի հետ ժամանակ է կորցնում՝ սպասելով նրանց աղոթքի ավարտին: Բանը հասավ նրան, որ հայ սարկավագը քիչ էր մնում բախվեր նրա հետ: «Ձեզ համար սա բիզնես է, մեզ համար սրբավայր,- պոռթկաց երիտասարդ սարկավագը, -կանչում եք, կանչեք»: Կամ՝ Կանայի հրաշքի եկեղեցի այցելելուց հետո զբոսաշրջիկները կարող են քիչ այն կողմ գտնվող խանութից Կանայի գինի գնել: Գինին առանձնապես լավը չէ, եւ խորհրդային տարիների էժանագին պորտվեյն է հիշեցնում: Բայց այդ խմիչքը գայթակղիչ են դարձնում հայտնի պատմությամբ. Գալիլիայի Կանա քաղաքում հարսանիք կար, այնտեղ էին Հիսուսը, Տիրամայրը եւ Հիսուսի աշակերտները։ Երբ գինին վերջացավ, Տիրամայրն ասաց Որդուն, թե՝ գինի չունեն։ Հիսուսը պատվիրում է սպասավորներին հրեական լվացումների համար նախատեսված 6 քարե մեծ ջրամանների մեջ ջուր լցնել: Ապա ջուրը վերափոխում է անուշահամ գինու:
Նույնն էլ հայտնի Կաթի քարայրում: Այստեղ սպիտակ փոշի են վաճառում, որը կապված է հայտնի պատմության հետ: Մանուկ Հիսուսին փախցրած Աստվածամայրը այդ քարայրում թաքնվելով, կերակրել է Հիսուսին ու կաթից մի փոքր թափվել է: Քարայրն ամբողջովին սպիտակ է, ավելի շուտ՝ կանթնագույն: Այսօր մայրանալ երազող շատ կանայք քարայրի սպիտակ փոշուց հրաշք են ակնկալում…
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ