Հավաստիացնում է «Հայ գրականության հիմնադրամի»
գործադիր տնօրեն Արեւիկ Աշխարոյանը
«Հայ գրականության հիմնադրամը», որ ստեղծվել է 2013թ., այս տարվա հունվարից ԵՄ կողմից ֆինանսավորվող «Գրքի հարթակ» նախագծի հայաստանյան գործընկերն է: Այս մասին տեղեկացանք www.bookplatform.org կայքից: «Առավոտը» հանդիպեց «Հայ գրականության հիմնադրամի» գործադիր տնօրեն Արեւիկ Աշխարոյանի հետ: Մեր զրուցակիցը նշեց, թե «Հայ գրականության հիմնադրամի» նպատակն է աշխարհում հայ գրականության տարածումն ու ճանաչումը, ասաց, որ իրականացնելու են միջոցառումներ, այդ թվում՝ թարգմանության աջակցության ծրագրեր: Ներկայումս ընթանում են բանակցություններ նաեւ մշակույթի նախարարության հետ: Նա հայտնեց, որ եթե արտերկրյա որեւէ հրատարակիչ ցանկություն հայտնի տպագրել հայ հեղինակի գիրք, դիմելու է իրենց՝ թարգմանության ֆինանսավորման համար: Նաեւ շեշտեց, թե դա լավագույն խթան է մեր գրականությունը տարածելու գործում: Անդրադառնալով «Գրքի հարթակին», Արեւիկ Աշխարոյանը փաստեց, որ վերջերս Գերմանիայից, Շվեդիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Թուրքիայից եւ Մակեդոնիայից Հայաստան են ժամանել հրատարակիչներ եւ գրական գործակալներ: Հետաքրքրությանը, թե Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրում ինչո՞ւ են ներգրավել ոչ եվրոպական երկրի, այս դեպքում՝ Թուրքիայի ներկայացուցիչ, գործադիր տնօրենը պատասխանեց. «Թուրքիայի մասնակիցը խնդրել է իրեն էլ ներգրավել աշխատանքներում»: Հավելեց նաեւ, թե «Գրքի հարթակը» կոնկրետ ծրագիր է՝ ուղղված Հայաստանում, Վրաստանում եւ Ուկրաինայում գրահրատարակչական զարգացմանը. «Փետրվարին ունեցել ենք երկու միջոցառում՝ ընդունել ենք արտերկրյա հրատարակիչների եւ անցկացրել երկօրյա աշխատանքային հանդիպում՝ «Գրականության առաջխաղացումը թարգմանության միջոցով» թեմայով»: Մանրամասնելով ասաց, թե աշխատանքային հանդիպման ժամանակ հյուրեր են ունեցել Եվրոպայից, իսկ ամենամեծ՝ 12 հոգանոց խումբը (գրողներ, թարգմանիչներ, հրատարակիչներ), ժամանել է Վրաստանից, գերնպատակն էլ եղել է, թե ինչպես ազգային գրականությունը տարածել աշխարհում: «Երկու օրերի ընթացքում քննարկվեցին գրականության թարգմանության ու աջակցման տարբեր մեխանիզմներ, որոնք վաղուց գործում են Գերմանիայում, Լեհաստանում, Բելառուսում, Վրաստանում եւ այլն»,- հայտնեց տնօրենը: Արեւիկ Աշխարոյանի խոսքով՝ իրենց հիմնադրամի աշխատաոճը, որ լատվիական ծրագրի մոդելն է, փոքր մասով ֆինանսավորվելու է պետության կողմից, մեծ մասով՝ մասնավոր սեկտորի: Ի դեպ, ստորագրվել է թարգմանության աջակցման վերաբերյալ հայտարարագիր:
Ռեպլիկին, թե մեզանում «դրսից» ֆինանսավորվող կազմակերպություններն ընկալվում են իբրեւ «գրանտակեր», Արեւիկ Աշխարոյանի պատասխանը հակիրճ էր. «Մենք գրանտակեր կազմակերպություն չենք»: Նա հայտնեց, որ իրենք ղեկավարվում են հոգաբարձուների խորհրդի կողմից, որոշում գումարի չափը եւ վերահսկում ծրագիրը սկզբից մինչեւ վերջ: Հատուկ էլ շեշտեց, թե բացառվում է ֆոնդերի անիմաստ վատնումը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Իսկ ովքեր էին եկել Ֆրանսիայից որպես թարգմանիչ եւ հրատարակիչ???