Մի քանիսն աչքի են ընկնում բարձր առաջադիմությամբ
Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը 2013 թվականից գործում է որպես մասնագիտացված կրթօջախ, որտեղ ապրում են 0-18 տարեկան մտավոր եւ ֆիզիկական խնդիրներ ունեցող 93 երեխաներ: Նրանցից 38-ը հաճախում է օժանդակ դպրոց: Կան նաեւ հանրակրթական դպրոցի ներառական ծրագրով սովորող երեխաներ:
«Բնականաբար, սկիզբը դժվար էր: Դժգոհությունները մեր կողմից էլ էին շատ, քանի որ սկզբից դպրոցներն էլ դեռ չէին մարսել ներառական ծրագրի բուն իմաստը: Բայց հիմա, փառք Աստծո, համապատասխան մասնագետներ իրենք էլ ունեն, մեր մասնագետների հետ համագործակցում են: Հիմա արդեն խնդիր չկա, երեխաները բոլորն էլ իրենց ինտեգրված են զգում հասարակության մեջ»,- ասում է մանկատան փոխտնօրեն Արմինե Պետրոսյանը:
Մանկատան երեխաները դպրոցում սովորում են մինչեւ 9-րդ դասարան, ավագ դպրոց չեն գնում՝ բացառությամբ մի քանի լավ սովորողների, որոնց մտավոր հնարավորությունները բավարարում են ավագ դպրոցի պահանջներին: Մյուսները սովորում են արհեստներ՝ գորգագործություն, ասեղնագործություն, նաեւ թատերական բեմադրություն անել, նկարել:
Փոխտնօրենը դպրոցում երեխաների առաջադիմությունը գնահատում է բավարար, չի կարող ասել, թե շատ լավ է. «Այսօրվա դրությամբ 12 երեխաներից, որոնք հաճախում են հանրակրթական դպրոց, կարելի է առանձնացնել միայն 2-ին, որ լավ են սովորում՝ Գայանեն եւ Զարուհին»:
13-ամյա Գայանեն, որն ունի խնդիր՝ կապված ձեռքերի հետ, եւ բազմիցս մեկնել է Գերմանիա՝ բուժման նպատակով (մոտ 14 վիրահատություն է տարել), մանկատանն է հայտնվել, քանի որ ծնողները ժամանակին հրաժարվել են նրա խնամակալությունից: Մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանը հայտնում է, որ հիմա կապ են հաստատել նրա ընտանիքի հետ, աղջկա հարազատները գալիս են մանկատուն, փորձում լրացնել այն թերին, որ բաց են թողել այսքան տարիների ընթացքում, բայց Գայանեն ոչ մի կերպ չի կարողանում ընտանիքի հետ մերվել: Իսկ վերջին անգամ, երբ նա վերադառնում էր Գերմանիայից (բուժվում էր), ինքնաթիռի վայրէջք կատարելուն պես զանգահարել էր մանկատան տնօրենին, խնդրել, որ նա դիմավորի, ոչ թե ծնողները:
Գայանեն հավանաբար դպրոցից հետո բարձրագույն կրթություն կստանա Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, քանի որ, որոշ ժամանակ ապրելով արտերկրում, լավ տիրապետում է օտար լեզուներին: Լեզուների հետ մեկտեղ նա նկարում է, եւ հնարավոր է՝ կրթությունը շարունակի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում:
Գայանեի ընկերուհի 15-ամյա Արուսիկը, որն ունի հենաշարժողական ապարատի խնդիր, նույնպես լավ է նկարում եւ ցանկանում է նկարչուհի դառնալ, նաեւ նոութբուք ունենալ: Երազում է հոր հետ ապրել, իսկ մոր մասին մեզ հետ խոսելիս նա չկարողացավ արցունքները զսպել: Գիտակցում է, որ ունի ընտանիք, բայց նրանցից ոչ մեկը չի ընդունում իրեն: Հիմա, երբ Արուսիկը զանգահարում է նրանց, չեն էլ պատասխանում: Իսկ 12-ամյա Զարուհին, որն ունի մտավոր խնդիրներ, ցանկանում է կրթությունը շարունակել երաժշտության ուղղությամբ: Նրա երազանքն է տուն գնալ: «Մամաս չէ, բայց քույրիկս գալիս է այստեղ՝ ինձ տեսնելու»,- ասում է Զարուհին:
Մանկատան շրջանավարտներից շատերն ընդունվել են բուհեր, մեծ մասը՝ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ: Վարձի մասին բարերարների օգնությամբ հոգում է Նագաշյան կենտրոնը, որտեղ էլ 13-23 տարեկան երեխաներ են ապրում:
ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ