Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ դադարեցրել են, մեկ ճանաչել փախստականի կարգավիճակը

Մարտ 26,2014 14:40

«Առավոտն» անդրադարձել էր փախստական Դանիել Մովսեսյանի դատական նիստերին եւ նշել, որ նա այն միակ փախստականն է, ով մեկ տարվա ընթացքում ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության կողմից ստացել էր տեղեկանք՝ Հայաստանում փախստական լինելու վերաբերյալ, իսկ մեկ տարի հետո որոշում՝ փախստականի կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ: Սա այն եզակի դեպքերից է, երբ ՄՊԾ-ն հակասում է ինքն իրեն՝ մեկ տարվա մեջ տրամադրած իր իսկ տեղեկանքների հարցում:

5-1

Նշենք, որ Դանիել Մովսեսյանի հայցի հիմքում ընկած էր նրա խնդրանքը դատարանին, որ անվավեր ճանաչեն ՄՊԾ-ի կայացրած 04.06.2013թ. թիվ Մ-171/13-Փ որոշումը: Որոշումն այն մասին է, որ Դանիելը Հայաստանում այլեւս չի կարող ճանաչվել որպես փախստական: Որոշման նկարագրական մասում ՄՊԾ-ն շեշտում է, որ Դանիելը ծնվել է Հայաստանում, եւ դա էլ հիմք է նրան փախստականի կարգավիճակից զրկելու համար: Խնդիրն այն է, որ Դանիելը ծնվել է Հայաստանում՝ 1989թ. եւ, այդուհետեւ, ծնողների հետ միասին գնացել է Ադրբեջան, որտեղից էլ բռնագաղթվել է Հայաստան: Դանիելի դատական քննություններն անցկացվեցին առանց պատասխանող կողմի ներկայության, քանի որ Միգրացիոն ծառայությունից դատարան էր ուղարկվել գրություն, որտեղ տեղեկացնում էին, որ իրենք ներկա չեն լինելու դատական քննություններին: Հիշեցնենք, որ անցած դատական քննության ժամանակ պատասխանող կողմի բացակայության պատճառով հետաձգվեց դատական նիստը, քանի որ հայցվորի ներկայացուցիչը ներկայացրել էր միջնորդություն, որ պարտավորեցնեն ՄՊԾ-ին՝ ներկա լինել նիստերին: Դատավոր Կարեն Ավետիսյանը բավարարել էր հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը եւ նշանակել էր եւս մեկ դատաքննության օր, որի մասին Դանիել Մովսեսյանը պետք է ծանուցվեր փոստային առաքման միջոցով: Կայացավ նաեւ հետաձգված դատաքննությունը, սակայն ՄՊԾ-ն, որպես պատասխանող կողմ, այդպես էլ դատարան չներկայացավ: Միայն հայցվոր Դանիելի ներկայացուցիչն էր դատարանում՝ Աշխեն Եսայանը: Աշխենը ներկայացրեց Դանիելի փախստական համարվելու վերաբերյալ հիմքերը: Նա ձեռքում ուներ նաեւ այն տեղեկանքը, որը Դանիելին տրամադրել էր Միգրացիոն ծառայությունը՝ նրա՝ Հայաստանում փախստականի կարգավիճակ ունենալու վերաբերյալ: Այդ տեղեկանքները ծառայությունը տրամադրում է միայն այն անձանց, ովքեր ՀՀ-ում ունեն փախստականի կարգավիճակ, որն էլ պետք է ծառայի որպես հիմք՝ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ձեռք բերելու համար: Դատական նիստը նախագահում էր դատավոր Կարեն Ավետիսյանը: Ներկայացուցչի բերված փաստերն ուսումնասիրելուց եւ լսելուց հետո, դատավորը նշանակեց վճռի հրապարակման օր, որը 2014 թ. մարտի 30-ն է: Հետաքրքիր վիճակ է ՄՊԾ-ի աշխատաոճում՝ տրամադրում են տեղեկանք, որ անձը համարվում է փախստական, որը կնքված եւ ստորագրված է ծառայության պետ Գագիկ Եգանյանի կողմից, իսկ այդուհետեւ՝ տրամադրում են որոշում, որ անձը փախստական չէ: Վիճակն այնքան տխուր չէր լինի, եթե այն հարցին, թե ինչպե՞ս է այդօրինակ տեղեկանքներ ծառայության կողմից տրամադրվել փախստականներին, եթե նրանք ի սկզբանե փախստական չէին կարող համարվել, ՄՊԾ-ն չպատասխաներ. «Մի ժամանակ մի տատիկ կար ծառայությունում աշխատող, երեւի ինքն էլ առանց նկատելու փախստականի տեղեկանքներ է տրամադրել»: Նշենք, որ Դանիել Մովսեսյանն Ադրբեջանից բռնագաղթվելուց հետո Հայաստանում հաշվառվել է որպես փախստական, ստացել փախստականի անձը հաստատող փաստաթուղթ՝ փախստականի վկայական եւ ութ տարի շարունակ նրա իրավունքներն ամրագրվել են հենց այդ փաստաթղթի առկայությամբ, որը ՄՊԾ-ի կողմից անվավեր է ճանաչվել միայն 2013 թվականին:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31