Լրահոս
Օրվա լրահոսը

Ամիրյան 4/4-ի բնակիչները բողոքում էին նախագահականի դիմաց (Տեսանյութ)

Մարտ 26,2014 14:12

«Մեր բնակարանները պետության կողմից գրավվեց, քանդեցին 2004-2005 թվականներին: Կազմեցին պայմանագիր, որի համաձայն՝  2007 թվականին պետք է այդ շենքը պատրաստ լիներ, որ էս մարդիկ տեղափոխվեին այս բնակարան, որից հետո քաշքշուկներ սկսվեց, պետությունը էս հարցը գցեց իր վրայից, թողեց ֆինանսների մինիստրության վրա, ֆինանսների մինիստրությունը ֆռռացրեց, պետության կադրերին հանեց մեջտեղից, մենք էսօրվա դրությամբ մնացել ենք միայն կառուցապատողի վրա»,- նախագահականի դիմաց բողոքում էր Վաչագան Թադեւոսյանը: Խոսքը պետական կարիքների համար իրացվող Ամիրյան 4/4-4/24 շենքերի բնակարանների մասին է, որի բնակիչները Հայաստանի Հանրապետության հետ կնքել էին անշարժ գույքի իրացման և փոխհատուցման պայմանագրեր, համաձայն որի, 30 ամիս հետո՝ 2007 թ., պետք է նույն բնակարանների  տների տեղում կառուցվող շենքից ստանային բնակարաններ։

Վաչագան Թադեւոսյանն ասում է, որ շենքը մի քանի անգամ քանդվել եւ կառուցվել է, պայմանագրում նշված ժամկետում չի ավարտվել, 2009 թվականին էլ կառուցապատողն է մահացել, կասկածում են, որ վերացրեցին, մնացել են նրա որդին եւ կինը, եւ երբ կնոջը դիմում են, ասում է՝ ինքը գործ չունի շենքի կառուցման հետ:

Հիմա էլ  բնակարանները, որոնք պետք է հանձնեին  բնակիչներին, կիսակառույց են, ապրելու հնարավորություն չկա, այդ պատճառով եկել են նորից դիմելու նախագահին՝ գրավոր դիմումով, որ հարցին լուծում տրվի:

«Մարդիկ ուզում են ամբողջը դարձնել հյուրանոցային տարածք: Մեզ տվել են բնակարաններ, բայց ի՞նչ օգուտ, որ չի սարքվում, ո՛չ կոմունիկացիա կա, ոչ մի բան, ոչ դուռ, ոչ լուսամուտ, կան տեղեր, հատուկենտ դրված, բայց մեծամասամբ էն հետեւի մասում, ոչ մի բան չի կատարվում:

Մեր պահանջն այն է, որ շուտափույթ կերպով կարողանան կոմունկացիան անցկացնեն, որ մարդիկ կարողանան էս իրավիճակից դուրս գալ, շորերն են արդեն ծախում»,- ասում է Ամիրյանի 4-ի բնակիչ Վաչագան Թադեւոսյանը եւ պատմում, որ հիմա վարձով են ապրում: «Բոլորն են վարձով ապրում, 23 ընտանիք: Մարդիկ կան ընտանիքներով արդեն գյուղերում են ապրում, որովհետեւ քաղաքում արդեն հնարավոր չի ապրել: Կան մարդիկ, որ չստացան, թողեցին, գնացին, ստիպված, զզվեցին այս իրավիճակից:

Բերել ենք նամակը գցենք, որ տեսնենք՝ վերջին իրավիճակը ի՞նչ է լինելու, վերջիվերջո, քանի՞ տասնյակ տարիներ պիտի սպասենք, որ կարողանանք մեր էրեխեքին տեղավորենք: Ծնելիությունը դադարել է, որովհետեւ բոլորը փախել են Ռուսաստան»,- ասում է նա:

Քաղաքացիները պնդում էին, որ բոլոր հնարավոր պետական մարմիններին դիմել են: Մեր հարցին, թե գործը դատական ատյանում ինչ ընթացք է ստացել, նույն տարածքի բնակիչ Գեւորգ Հովսեփյանը պատմեց. «Ֆինանսների նախարարության կողմից մեզ առաջարկվեց հաշտության համաձայնագիր, որը ստորագրեցինք դատարանի վճիռով: Համաձայնագիրը ստորագրվեց անժամկետ: Չնայած մեր վրա հոգեբանական ճնշում գործադրվեց նախարարությունում՝ կամ սա կամ ոչինչ՝ Հայկ Դավթյանի կողմից, նախարարության ներկայացուցիչ էր: Ստորագրեցինք անժամկետ, անցավ երեք տարի, էլի նույն վիճակում է շենքը»: Ըստ նրա՝ գումարային փոխհատուցում էլ չի եղել. «Կային մարդիկ, որոնք վերեւներում մարդ ունեին, դասավորեցին մի քանի ընտանիք, գումարներ ստացան, գնացին, բայց մեզ այնքան քիչ գումար առաջարկեցին, որ  դրանով չէինք հասցնի գոնե երկու ամիս վարձով տուն վերցնեինք, ոչ թե ինչ-որ մի բնակարան գնեինք»:

Ամիրյան 4-ի բնակիչները գրավոր նամակը հանձնեցին նախագահի նստավայր, որտեղ նրանց հեռախոսահամարներ փոխանցեցին՝ ասելով, որ առաջիկա օրերին զանգեն եւ տեղեկանան նախագահականի պատասխանից:

  Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31