Լրահոս
Օրվա լրահոսը

Հալեպի Ազգային իշխանության ներկայացուցիչ. «Թուրքիան խրախուսել է ահաբեկչությունը» (Տեսանյութ)

Մարտ 26,2014 13:19

Հալեպի Ազգային իշխանության ներկայացուցիչներ Ներսես Սարգիսյանը եւ Կարո Յուզբաշյանը այսօր «Ուրբաթ» ակումբում խոսեցին Քեսապի ողբերգության եւ սիրիահայ համայնքի հետագա ճակատագրի մասին:

Ներսես Սարգիսյանը նշեց, որ բոլորին  ծանոթ է Սիրիայի տագնապը, որն արդեն երրորդ տարին է թեւակոխում, ինչ վերաբերում է Քեսապին, ասում է` Կիլիկիայի վերջին մնացորդները վտանգված են:

«Մեր կարծիքով պետությունn իր դերը առավելագույն կերպով կկատարե, բայց այն հարցը, որ քեսապցիները կարող են վերադառնալ,  շատ արագ չի լինի: Դա մի քիչ ժամանակ կառնե, որ հիմնական տարածաշրջանը ապահով լինի: Կկարծենք, որ Քեսապի հայությունը կվերադառնա իր բնօրրանը, երբ ապահով լինի»,- նշեց Յուզբաշյանը:

Ներսես Սարգիսյանն էլ, պատասխանելով լրագրողների հարցին, հավելեց, որ մի քանի հայ ընտանիք այդպես էլ չի լքել Քեսապը, ու նրանցից լուր չունեն, իսկ մեծամասնությունը ապաստանել է  Լաթաքիայում: Նրա խոսքով, Լաթաքիայի մեջ քեսապցիների իրավիճակը Սիրիայի իշխանությւոնների հոգածության ներքո է, բայց գաղթականների զգացական աշխարհը ցնցված է, ի վերջո, մարդիկ թողել են իրենց տունուտեղը: Նրա խոսքով՝ հարցով զբաղվում են Կարմիր մահիկը, Կիլիկո կաթողիկոսությունը, ՀՕՄ-ը, սակայն ամբողջական խնդիրը հանձնված է Սիրիայի ազգային իշխանություններին ու շտաբ մարմնին:

Իսկ ինչպե՞ս են  գնահատում բանախոսները Հայաստանի իշխանությունների արձագանքը:

Սարգիսյանն, անդրադառնալով ՀՀ իշխանությունների վերաբերմունքին, նշեց. «Ի՞նչ կարելի էր սպասել, որ Հայաստանի Հանրապետությունը անի մեզի համար, հստակ չէ այդ պատգամը ինչ է, մեծիմասամբ խոսված է ազգային փոքրամասնությունների իրավունքներու մասին, որը ընդհանրական է, մինչդեռ Քեսապը ազգային հարց է, այն պատմական Հայաստանի վերջին  մնացորդացն է: Այս հարցի մեջ թուրքական պետությունը հստակ դերակատարություն ունի, այն թույլ է տվել, որ ծայրահեղ իսլամիստները սահմանը հատեն եւ թափանցեն Քեսապ»: Նա փաստեց, որ թուրքական ընդդիմադիր որոշ ԶԼՄ-ներ եւս սկսել են հստակ խոսել, թե ինչպես են իսլամիստական, որոշ առումով ահաբեկչական խմբավորումներ թափանցել Քեսապ, եւ հարկ է, որ ՀՀ իշխանությունները կարողանան արժեւորել շեշտադրումները:

Կարո Յուզբաշյանն այն հարցի առնչությամբ՝ հնարավոր է սիրիահայերի նոր ալիք լինի Հայաստան, հայտնեց, որ այսպես թե այնպես Սիրիայից դուրս եկող հայի առաջին սեւեռակետը Հայաստանն է կամ Արցախը, եթե այդ մարդկանց բնագավառը երկրագործական է, կուզանա հաստատվել Արցախում, եթե արհեստավոր են՝ Հայաստանում:  Նրա ձեւակերպմամբ. «Այս անգամ թուրքական գործոնը Քեսապի հարցում բացահայտ է, Թուրքիո գործոնը պետք է պատրվակ դարձնենք:  Ցավալի է, բայց  ջոկատներից որոշներում նաեւ թուրքմեններ են»:

Բանախոսներն անդրադարձան ՀՀ ԱԺ պատգամավորների այցին Լաթաքյա, Սիրայում  ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանի՝ նրանց հետ հանդիպմանը, ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանի ու  մյուս գործիչների հայտարարություններին եւ գործողություններին: Նրանց համազոմամբ, այդ ամենը մարդկային, զգացական դաշտում է, կարեւորն այն է, որ  միջազգային ատյաններում թուրքական դերակատարությունը դատապարտվի, ինչպես դա արեցին ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի եւ ԱՄՆ գրասենյակները:

Սարգիսյանի ասելով, հարկ չկա, որ Հայաստանից, Արցախից կամ Սփյուռքից կամավորական խմբեր մեկնեն Սիրիա: Նրա ձեւակերևպմամբ, հարցը չպետք է վերածվի շահարկման, պետք է կարեւորվի Սիրիայի տեղական մարմինների կարծիքը, փորձ արվի շարժել քաղաքական դաշտը եւ մարդասիրական օգնություն առաքվի:

Կարո Յուզբաշյանն ասում է, որ Հայաստանյան իշխանությունները կարող են Հայոց ցեղասպանության եւ թուրքի իսկական նկարագրի բացահայտմանը ծառայեցնել քեսապյան դեպքերը: Հայերն արդեն 60-70 զոհ են տվել, բայց անպայման ուզում են վերադառնալ, որովհետեւ իրենց հող ու ջրին կառչած մարդիկ են:

 

Ներսես Սարգիսյանը համոզված է՝ պետք է բողոքի լուրջ ալիք բարձրացնել. Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, այն ե’ւ ուրիշի սահմաններն է հատել ե’ւ խրախուսել ահաբեկչությունը:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31