Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղրիմը, Ղարաբաղի հետ համեմատելով, վարկաբեկում ենք Ղարաբաղի ինքնորոշման գործընթացը»

Մարտ 26,2014 13:12

Երեւան մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հայ-ուկրաինական հարաբերությունների խզման հեռանկար է տեսնում:

«Այդ առումով մենք կուզենայինք ակնկալել, որ Հայաստանի իշխանությունները Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ հնարավորինս խուսափեին հստակ դիրքորոշումներից: Պարզ է, որ չէին կարող քննադատել Ղրիմի հանրաքվեն՝ հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունները, բայց պետք է գոնե չեզոք դիրքորոշում լիներ: Ղրիմը ընկալել որպես ինքնորոշման նախադեպ` նշանակում է վարկաբեկել ինքնորոշման գաղափարը»,-այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Բորիս Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ Ղրիմը Ղարաբաղի հետ համեմատելով՝ վարկաբեկում ենք Ղարաբաղի ինքնորոշման գործընթացը. «Ընտրություն ենք կատարում՝ ում կողմից ենք ուզում Ղարաբաղը տեսնել ճանաչված՝ միջազգայի՞ն ճանաչման ենք ձգտում, թե՞ Ռուսաստանի եւ այլ երկրների կողմից ճանաչմանը: Արդյոք բավարա՞ր է Ռուսաստանի աջակցությունը Ղարաբաղի ինքնորոշման հարցում, եթե այն լինի՝ դա լուրջ հարց է, իսկ կլինի՞ աջակցությունը, թե՞ ոչ՝ կասկածելի է, որովհետեւ Ռուսաստանը սուր հարաբերություններ ունի Արեւմուտքի հետ: Այդ հարաբերություններն օրեցօր վատանում են: Ինչը, կարծում եմ, որ ժամանակավոր բնույթ ունի, որովհետեւ Ռուսաստանը մեծ երկիր է, ու երկար չի կարող շարունակել նման քաղաքականություն: Այն ձեռնտու չէ նաեւ Արևմուտքին, կգա մի պահ, երբ փոխզիջման կգնան»:
Ըստ բանախոսի, Ռուսաստանը որպես փոխզիջման փաստարկ կարող է բերել այն ռեսուրսները, որոնք ունի՝ Մաքսային միություն, Ղրիմի ինքնորոշում եւ դրա դիմաց փոխհատուցումներ անի.« Թե այդ հարաբերությունների վերականգնման ընթացքում Հայաստանը որտեղ է հայտնվելու, Հայաստանին ինչպես են վերաբերվելու՝ ակնհայտ է, մեր երկրին դնելու են ինչ-որ տեղ՝ առանց նրա կարծիքը հարցնելու, որովհետեւ փոխզիջման համար ռեսուրսներ չունի: Հայաստանի իշխանությունները տանում են դեպի մի իրավիճակ, որ դառնալու ենք այլ կողմերի առեւտրի փոքր իր»:

Պարոն Նավասարդյանի խոսքով, պետք է ընդդիմությունը ոչ միայն դներ իշխանափոխության հարցը, բայց նաեւ արդյունավետ ու այլընտրանքային տարբերակներ առաջարկեր արտաքին քաղաքականության հարցում.«Այլընտրանքային ուղիներ առաջարկելու վճռականություն ունենար: Ունենք վատ, վտանգավոր քաղաքականություն ու դրա այլընտրանքը չունենք ՝ոչ ներսում, ոչ էլ՝ դրսում»:
Անդրադառնալով Սիրիայի տարածքում հայաբնակ բնակավայրում՝ Քեսաբում, տեղի ունեցած վերջին իրադարձություններին, ասաց, որ ՀՀ իշխանությունները սկզբունքային վերաբերմունք չկարողացան դրսեւորել որպես այդ համայնքի իրավունքների շահերի պաշտպան:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31