Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ գյուղացիները այս տարվա գարնան տաք եղանակից պետք է զգուշանան, քանի որ դեռեւս լինելու են ցրտահարություններ. «Գարունը տաս օր շուտ է սկսել եւ տարիների մեր փորձը ցույց է տալիս, որ երբ գարունը շուտ է սկսում, ապա կրկին ցրտում է մի քանի օր հետո, եւ այգիներում ցրտահարության վտանգը մեծանում է: Վաղվանից նորից սկսելու է ցրտել, ոչ ոք չի կարող երաշխիք տալ, որ լավ եղանակ կլինի, եւ 0-ից ցածր չի իջնի ջերմաստիճանը»:
Գյուղատնտեսը գյուղացիներին խորհուրդ է տալիս ցրտահարությունից զերծ մնալու համար կատարել ծխահարումներ: Իսկ ավելի արդյունավետ միջոց նա համարում է կարկտային ցանցերի օգտագործումը:
Անդրադառնալով հավանական բերքին՝ Հրաչ Բերբերյանը առանձնացրեց հատկապես հացազգիները. «Տարին վատ չի սկսել հացազգիների համար, կարծում եմ այս տարի հացազգիների կայուն բերք կունենանք, որեւէ խոչընդոտ չեմ տեսնում ես»:
Նա նշեց, որ սերմերի քանակի սպառումից կարող է ենթադրել, որ բանջարեղենի աճեցման տարածքները Արարատյան հարթավայրում կմնան նույնը. «Տարածքները անցյալ տարի մի փոքր պակասել էին: Այդ վիճակը այս տարի նույնպես կպահպանվի»:
Նա հայտնեց, որ հողատարածքներում դեռեւս առկա է մորմազգիների ցեցի պրոբլեմը, եւ այս հարցը դեռ լուծում չի ստացել.«Մասնագետներ կան, առաջարկում են խթանել գյուղացիներին բուժումներ կատարել, բայց մոռանում են, որ մորմազգու ցեցը աշխատում է հենց մոլախոտի հետ՝ այսինքն այն տեղերում, որտեղ գյուղմթերք չի մշակվում: Հնարավոր չէ մի փոքր տարածքում պայքարել դրանց դեմ՝ չվնասազերծելով ամբողջ տարածքը: 6 անգամ սրսկումներից հետո մի տարում կհաղթենք մորմազգիների ցեցին»:
Կարդացեք նաև
Արդեն 170 ընտանիք էլ ապահովվել են կարտոֆիլի տնկանյութի էլիտային սերմացուներով, որոնց շնորհիվ, Հ. Բերբերյանի խոսքերով, հաջորդ տարի 10 անգամ ավելի շատ կարտոֆիլի տնկանյութ կլինի:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ