Սարգիս Խաչատրյանը պնդում է, որ «ՎՏԲ Հայաստան բանկն»
իրենից գումար է պահանջում, որը պայմանագրով նախատեսված չէ
«ՎՏԲ Հայաստան բանկը» իր բաժանորդին խաբել է եւ մոլորեցրել. համենայնդեպս՝ այդպես է կարծում «Առավոտին» դիմած Սարգիս Խաչատրյանը, որն անցյալ տարի նշյալ բանկի հետ գործարք է կնքել: Մեզ հետ զրույցում Սարգիս Խաչատրյանը պատմեց, որ բանկի հետ պայմանագիր կնքելիս կարծես թե պայմանները շատ ձեռնտու էին սպառողի համար, սակայն հետո պարոն Խաչատրյանը պարզել է, որ պայմանագրում բանկը մի կարեւոր կետ չի նշել, որպեսզի բանկի հաճախորդը իր ռիսկերը հաշվի առնի:
Սարգիս Խաչատրյանը 2013 թվականին վարկ է ստացել «ՎՏԲ Հայաստան բանկի» Արաբկիր մասնաճյուղից, որի դիմաց ոսկի է գրավադրել:
Ըստ Խաչատրյանի՝ ոսկու գրավադրման պահին բանկը ոսկու 1 գրամը շուկայականից բավականին բարձր գնով է հաշվել, որը առաջին հայացքից հաճախորդին ձեռնտու պայման է. «Իրականում դա բանկին է ձեռնտու պայման, հասկանալի է նաեւ, որ բանկն էլ իր ռիսկերը պետք է հաշվի առնի, եւ ես դրան ամենեւին էլ դեմ չեմ: Վարկը ստանալու պահին իմ ոսկիները բանկը գնահատեց 583 հարգի 1 գրամը՝ 15300 դրամ, իսկ վիճակագրական ծառայության տվյալով՝ այդ օրը նույն հարգի ոսկու գրամը որպես զարդ եղել է 14517 դրամ, իսկ 750 հարգի ոսկու մեկ գրամը բանկը գնահատել է 19700 դրամ, իսկ, օրինակ, Կենտրոնական բանկի տվյալներով՝ իմ գրավադրման օրը քիմիապես մաքուր ոսկու ձուլակտորի 1 գրամը եղել է 18960 դրամ: Այսինքն՝ ՎՏԲ բանկը, ըստ էության, թանկ գներով է գնահատել իմ գրավադրած ոսկին, բայց դա նրան ձեռնտու էր, որպեսզի վարկի ծավալը շատ կազմի, որից էլ շատ տոկոսներ ստանա. այլ տրամաբանություն չեմ տեսնում»:
Բանկի գրավադրած ոսկու դիմաց Սարգիս Խաչատրյանը ստացել է 3 միլիոն դրամ, պայմանագրով գրավադրման արժեքը կազմել է 3 միլիոն 42 հազար դրամ. սա նորմալ ընթացակարգ է, եւ բանկերը գրավի արժեքի եւ վարկի գումարի որոշակի հարաբերակցություն են կազմում: Սակայն Սարգիս Խաչատրյանը 2 ամիս հետո անակնկալի է եկել, երբ ինքը չկարողանալով տոկոսները վճարել՝ բանկից զգուշացրել են, որ նրա ոսկիները վաճառքի են հանելու, իսկ վաճառքից հետո 3 միլիոնից որքան գումար պակասի, հաճախորդը պետք է այդ տարբերությունը վճարի. այդ պակասորդը, ըստ բանկի, կազմել է 3 միլիոնի 40%-ը: «Ես սա էլ գուցե նորմալ կհամարեի, եթե բանկը գոնե բանավոր՝ նախապես, մինչեւ պայմանագիր կնքելն ինձ զգուշացներ, սակայն հետագայում հնարավոր պակասորդ լինելու ու դա վճարելու իմ պարտավորության մասին պայմանագրում էլ ոչ մի կետ չկա: Նախ՝ ինձ զանգահարեցին բանկից ու բանավոր ասացին, որ գրավադրած իմ ոսկիներն իրենք վաճառքի են հանելու, իսկ պակասորդը ես պիտի վճարեմ, երբ ես վրդովվեցի ու հակադարձեցի՝ նման կետ պայմանագրով չկա, բանկի աշխատակիցն ինձ ասաց՝ մենք քեզ քո ոսկուց ավելի փող ենք տվել, հիմա ոսկուդ արժեքը 3 միլիոնի չի հասնում, պակաս փողը դու պիտի տաս: Բայց բանկն ինքն է թանկ գնահատել, թող էժան գնահատեր՝ իր ռիսկը հաշվելով, ու ինձ էլ չխաբեր: Ես 3 ամիս առաջ նամակ եմ գրել բանկ, որպեսզի պատասխանեն, թե գրավի առարկայից որքան ավելի գումար են ինձ տվել պայմանագիրը կնքելու ժամանակ, այն, ինչ բանավոր են պնդել, բայց մինչ օրս պատասխան չեմ ստացել»:
Ընդ որում, բանկը պայմանագրում նշել է, որ եթե գրավի առարկայի իրացումից ստացված գումարը գերազանցի վարկի ծավալը, ապա բանկը պարտավոր է ավելի գումարը վերադարձնել հաճախորդին, իսկ այ, որ պակասորդ լինի, վարկառուն պետք է գումարը վճարի՝ պայմանագրում նշված չէ:
Կարդացեք նաև
Տարօրինակ է, որ «ՎՏԲ Հայաստան բանկը» նման ռիսկային գործելաոճ ունի՝ նկատի ունենալով, որ ոչ մի բանկ չի կարող եւ առավել եւս չի ցանկանա իրեն ոչ շահավետ պայմանով վարկեր տրամադրել, ապա մնում է ենթադրել, որ բանկն այդպես է վարվում՝ հույսը դնելով դատարանի վրա՝ օրենքով սահմանված կարգով բռնագանձում կատարելով: Օրինակ՝ ՀՀ «քաղաքացիական օրենսգրքի» 250 հոդվածը՝ Գրավ դրված գույքն իրացնելը (վաճառելը) ասում է. «Եթե գրավ դրված գույքի՝ տվյալ պահին ձեւավորված գինն ավելի է գրավով ապահովված պահանջի եւ գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) ծախսերի հանրագումարից, ապա գրավառուն պարտավոր է գրավատուին փոխհատուցել տարբերությունը, հակառակ դեպքում գրավառուն իրավունք ունի պակաս գումարն ստանալ պարտապանի այլ գույքից, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ»: Այս մասին, սակայն, բանկը Սարգիս Խաչատրյանին չի զգուշացրել, այսինքն՝ բազմաթիվ քաղաքացիներ առաջին հայացքից կարող են գայթակղվել բանկի վարկային պայմանից եւ առանց կասկածելու, որ բանկը որոշակի տեղեկատվություն թաքցնելով՝ մոլորեցնում է իրենց, մեծագույն հաճույքով կկնքեն պայմանագիրը: Դժվար թե շարքային քաղաքացին բանկ գնալուց առաջ ուսումնասիրի ՀՀ օրենսգրքերը, որպեսզի իր ռիսկերը գնահատի:
Սարգիս Խաչատրյանը՝ գտնելով, որ «ՎՏԲ Հայաստան բանկն» իրեն մոլորեցրել է, խաբել է, դիմել է դատարան, իսկ հայցադիմումում Խաչատրյանը նշել է. «Մոլորության եւ խաբեության ներքո բանկի հետ կնքել եմ գործարք ինձ համար ոչ ձեռնտու պայմաններով՝ բանկի մեղքով»: Գործի քննությունը Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է՝ դատավոր Ա. Սուքոյանի վարույթում: Գործը վարույթ ընդունելուց հետո որոշ ժամանակ անց նշանակվում է դատական նիստ, որը Ս. Խաչատրյանին անհայտ պատճառներով չի կայանում, իսկ 2-րդ դատական նիստի մասին հայցվորը պատշաճ չի ծանուցվել: Սարգիս Խաչատրյանի պատմելով՝ շատ պատահական զանգահարել է դատարան՝ նիստի օրը ճշտելու, տեղեկացրել են, որ հենց զանգահարելու օրն է նիստը նշանակված, մինչդեռ ծանուցումը նիստի հաջորդ օրն է ստացել:
«Դատարանում իմացա, որ այդ գործով իմ հայցին ՎՏԲ բանկը 2013 թվականի հոկտեմբերի 31-ին հակընդդեմ հայց է ներկայացրել, որի օրինակը պարտավոր էին այդ ժամանակաընթացքում ինձ ուղարկել, սակայն չեն ուղարկել: Մոտ 5 ամիս հետո նոր ստացել եմ բանկի հակընդդեմ հայցը: Ընդ որում, ես պայմանագրի բնօրինակը կորցրել էի, եւ բանկն ինձ տրամադրել է իր հետ կնքած պայմանագրի կրկնօրինակը, որը չի համապատասխանում բնօրինակին: Դա էլ պարզել եմ հակընդդեմ հայցը կարդալուց հետո: Հակընդդեմ հայցով ՎՏԲ բանկը բռնագանձում է պահանջում պայմանագրի 11.1 կետով, սակայն տրամադրված կրկնօրինակի մեջ 11.1 կետ գոյություն չունի: Կրկնօրինակ պայմանագրում նույնիսկ իմ հասցեն լիարժեք նշված չէ, միայն գրված է Աշտարակի խճուղի: Մինչդեռ պետք է նշվեր շենք 2/1 նկուղ, այսինքն՝ ըստ էության, ես համարվում եմ ռիսկային վարկառու, եթե հասցես լիարժեք գրվեր: Իսկ եթե ռիսկային եմ, բանկը պիտի որ մերժեր վարկի տրամադրումը, քանի որ հետագայում բռնագանձելու այլ առարկա չէր ունենալու»:
Այս գործով դատական հաջորդ նիստը ապրիլի 2-ին է, իսկ «ՎՏԲ Հայաստան բանկի» պարզաբանումը կներկայացնենք առաջիկայում:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ