Լրահոս
Օրվա լրահոսը

Խառնվել է Թոխմախի Մհերը. «Հայկական ժամանակ»

Մարտ 26,2014 11:05

Մարտի 17-ին տեղեկատվություն տարածվեց, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության Վրեժ Իսրայելյանի անվան թիվ 17 դպրոցի տնօրեն Նաիրուհի Սարգսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։

Նշված էր նաեւ, որ մանկավարժին ոչ հարիր պահվածքի համար նույն տնօրենը շուրջ 6 ամիս առաջ ստացել էր բանավոր խիստ նկատողություն եւ նախազգուշացվել, որ կրկնվելու դեպքում կազատվի աշխատանքից։ Անդրադառնալով տնօրենի ազատմանը՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել էր. «Զբաղեցրած պաշտոնից կազատվեն բոլոր այն դպրոցների տնօրենները, որոնք թույլ կտան իրենց մանկավարժին ոչ հարիր պահվածք։ Աշակերտների եւ ծնողների նկատմամբ կոպիտ եւ անհարգալից վերաբերմունքն անպատիժ չի կարող մնալ»:

Խոստովանենք՝ տարօրինակ ու անհավատալի է թվում՝ դպրոցի տնօրենն աշխատանքից ազատվել է աշակերտների եւ ծնողների նկատմամբ կոպիտ եւ անհարգալից վերաբերմունքի համար։ Նման դեպքեր մեր դպրոցներում թերեւս ամեն օր են տեղի ունենամ ու անհետեւանք մնում։ Իրականում, աշխատանքից ազատված տնօրենը հանդգնել է նկատողություն անել եւ խիստ խոսել Էրեբունու նախկին թաղապետ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի մերձավորի՝ պետեկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մասնագիտացված մաքսատան ղեկավար Բաբկեն Ղազարյանի քրոջ որդու հետ։

Մեզ հայտնի դարձավ, որ թիվ 17 դպրոցի այդ աշակերտը դասի ժամանակ խոսել է բջջային հեռախոսով։ Ոաուցիչը նրան նկատողություն է արել, բայց նա չի անջատել հեռախոսը։ Եվ դա դարձել է մի ամբողջ պատմություն։ Այդ մասին պատմել են քեռուն, քեռին էլ՝ Մհեր Սեդրակյանին։ Վերջինս էլ զանգել է Տարոն Մարգարյանին ու պահանջել ազատել «իր տեղը չճանաչող» տնօրենին։ Մհեր Սեդրակյանից մեկնաբանություն ստանալու մեր փորձերն ապարդյուն անցան։ Անցյալ շաբաթ նրա վարորդն ասում էր, թե Սեդրակյանը Հայաստանում չէ։ Երեկ ԱԺ-ում պատգամավորը մի պահ երեւաց դահլիճում, իսկ հետո ողջ ընթացքում նրա աշխատասենյակի դուռը կողպած էր։ Զանգերին պատասխանող նույն անձը խոստացավ Սեդրակյանին փոխանցել, որ ցանկանում ենք խոսել նրա հետ, բայց հետո ասաց, որ Մհեր Սեդրակյանը չի ցանկանում «ՀԺ»-ի անունը լսել։

Դպրոցի այլեւս նախկին տնօրենն ընդհանրապես չցանկացավ խոսել։ «Ես ասելու բան չունեմ։ Ես չեմ ցանկանում այդ մասին խոսել»,- ասաց նա ու անջատեց հեռախոսը։ Դպրոցի ուսուցիչները, սակայն, ներկայացրեցին տեղի ունեցածը՝ միայն չցանկանալով, որ իրենց անունները գրվեն։ Ըստ նրանց, հայոց լեզվի դասի ժամանակ Մհեր Սեդրակյանի հովանավորյալի քրոջ որդին, 7-րդ դասարանի աշակերտ Ա. Մ.-ն, դասի ժամանակ խոսել է հեռախոսով, ուսուցիչը նկատողություն է արել, որ նա պահի հեռախոսը, բայց աշակերտը չի լսել, ողջ դասարանը խառնվել է իրար եւ ուսուցչուհին 2 աշակերտի դասարանից դուրս է հանել։ «Տնօրենը եկավ, հարցրեց՝ ինչու եք դրսում, նրանք պատմեցին, ասացին, որ Արտյոմն է մեղավոր, տնօրենը Արտյոմին էլ դուրս կանչեց։ Արտյոմն ասաց, որ դասի ժամանակ հեռախոսը զանգել է, ինքը պատասխանել է, ուսուցչուհին բարկացել է, եւ այլն։ Տնօրենն էլ ասաց՝ մյուս անգամ նման բան չկրկնվի, ու ականջն ուղղակի բռնեց։ Տղան չարացած նայում էր տնօրենին, բայց ոչինչ չասաց»,- պատմեց ուսուցչուհիներից մեկը։ «Ընդհանրապես այդ դասարանում հնարավոր չէ դաս պարապել, ինչքան անցնում ես այդ դասարանի կողքով, անընդհատ աղմուկ է։ Այդ օրն էլ դեպքը դասի ժամանակ է եղել, բայց այդ աղմուկն այնքան բարձր էր, որ կողքում սենյակ ունենք, որտեղ ներառական կրթություն ստացող երեխաների հետ են աշխատում, բոլորը լսել են, տեսնում են, որ այդ դասարանում հնարավոր չէ դաս անել, ամեն անգամ, երբ մտնում ես, միշտ խանգարողն այդ նույն երեխաներն են, այդ տղան ու իր ընկերները»,- ասում էր մեկ այլ ուսուցչուհի։ Նրանք պատմեցին, որ միջադեպից հետո դպրոց են այցելել քաղաքապետարանի կրթության վարչությունից, Արտյոմի երկու ընկերները պնդել են, թե տնօրենը խփել է Արտյոմին։ «Բայց վկաներ կան, նման բան չի եղել։ Ուսուցիչներիս չլսեցին, ասացին՝ տնօրենը սուտ է ասում։ Մենք հետո գնացինք քաղաքապետարան, բայց մեզ այնտեղ էլ չլսեցին»,- պատմում էր ուսուցչուհին։
Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը եւս հաստատեց, որ թիվ 17 դպրոցի տնօրենի աշխատանքից ազատվելու պատճառը աշակերտի բջջային հեռախոսն է եղել:

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31