Ըստ այդ որոշման նախագծի, հավանություն է տրվելու Հայաստանի գործող ատոմակայանի (ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի) շահագործման ժամկետը 10 տարով երկարացնելու ծրագրին (ժամկետը ավարտվում է 2016 թվականին): Այն, որ գործող ատոմակայանի շահագործման ժամկետը պետք է երկարաձգվեր, հայտնի էր դեռ 2012 թվականին։ Նման որոշում ՀՀ կառավարությունը ընդունել էր այդ տարվա ապրիլին։ Սակայն գործուն քայլեր այդ ուղղությամբ չէին իրականացվում, որովհետեւ հույսեր կային, որ Հայաստանում կկառուցվի նոր ատոմակայան եւ գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու կարիք չի ծագի։ Այս ծրագրի ընդունմամբ ՀՀ կառավարությունը, փաստորեն, պաշտոնապես արձանագրում է, որ նոր ատոմակայանի կառուցումը, գոնե առայժմ, անորոշ ժամկետով հետաձգվում է։ Այդ մասին նույնիսկ գրավոր արձանագրում կա. «ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքները հետաձգվում են, եւ միեւնույն ժամանակ ավարտին է մոտենում Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը։ Երկրի էներգետիկ անկախության եւ անվտանգության ողջամիտ մակարդակը ապահովելու նպատակով անհրաժեշտ է երկարացնել Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը»,- նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորումների մեջ։ Մինչդեռ, 2008 թվականի հոկտեմբերի 2-ին Սերժ Սարգսյանը ԱԺ-ին եւ ժողովրդին ուղղած իր ուղերձում հայտարարել էր տառացիորեն հետեւյալը. «Առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել»։ Այդ հայտարարությունից անցել է արդեն 65 ամիս։ Բայց սա կառավարության նշված որոշման միակ հմայքը չէ։ Առավել ուշագրավ է, թե ինչ միջոցներով է կառավարությունը իրականացնելու ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը։ Ամբողջ ծրագիրը, ըստ կառավարության հաշվարկների, կարժենա 300 միլիոն դոլար, բայց իրականացման ընթացքում չի բացառվում, որ այն թանկանա մի 20 տոկոսով։ Իսկ որտեղի՞ց այդքան փող։ Կառավարության որոշման նախագծով ՀՀ ֆինանսների նախարարությանը հանձնարարվում է «մինչեւ սույն թվականի մայիսի 1-ը միջոցներ ձեռնարկել… ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ վարկային միջոցների ներգրավման վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի ստորագրման ուղղությամբ»։ Այսինքն, այդ գումարը վարկ ենք վերցնելու ՌԴ-ից։ Ընդ որում, հայտնի չէ՝ կտա՞ն, թե չէ։ Ընդամենը ֆիննախը «միջոցներ է ձեռնարկելու» նման վարկ ստանալու ուղղությամբ։ Հուսանք, որ կտան առանց խնդիրների:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում