Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք. Գերմանիայի դասը

Մարտ 26,2014 14:40

Մարդկանց եւ ազգերին ագրեսիվ է դարձնում թերարժեքության բարդույթը

Մայրս ինձ պատմում էր, որ 1945 թվականից հետո այստեղ՝ Երեւան բերվել էին գերմանացի ռազմագերիներ: Ոչ ռազմաճակատից վերադարձող մեր հայրենակիցները, ոչ էլ նրանք, ովքեր պատերազմի՝ սովի եւ զրկանքների տարիներն անց են կացրել մայրաքաղաքում, որեւէ թշնամական զգացում չունեին այդ մարդկանց նկատմամբ: Նույնիսկ, հնարավորության դեպքում, իրենց չոր հացը կիսում էին գերիների հետ:
Բոլորը հասկանում էին, որ նրանք մեզ նման մարդիկ են, որոնցից շատերն, այո, դրանից 10-12 տարի առաջ հիվանդացել էին նացիզմի սարսափելի ախտով՝ սեփական ազգի բացառիկության եւ ինչ-որ «առաքելության» մոլուցքով, եւ այդ քարոզչությունը լվացել էր նրանց ուղեղները: Զանգվածային պսիխոզի ազդեցության տակ նրանց թվացել էր, որ լինում են «թշնամի» եւ «բարեկամ» ազգեր, որ դրանք բաժանվում են «առաջին» եւ «երկրորդ» կարգի: Դրա վերջն աղետ է, որը եւ գերմանացիները ստացան 1945 թվականից: Այդ դասը նրանք, հավանաբար, լավ սերտեցին եւ հիմա խստորեն հետեւում են, որ նման մտածողությունը ծիլեր չտա, եւ պատմությունը չկրկնվի:

Germ_02

Վերջերս մի հարցազրույց կարդացի, որտեղ 1926 թվականին ծնված (ճիշտ մորս տարիքի) գերմանացի մի կին պատմում է, թե ինչպես են իրենց երկրում իշխանության եկել նացիստները: «Երբ ես լսում եմ հիմա որեւէ թանգարանում Հիտլերի ճառերը, մտածում եմ՝ տեր Աստված, որքա՛ն տարօրինակ եւ սարսափելի էր այն, ինչ նա ասում է, իսկ ես՝ ջահելս, կանգնած էի նրա նստավայրի պատշգամբի տակ եւ գոռում էի հրճվանքից: Երիտասարդ մարդուն շատ դժվար է դիմակայել ընդհանուր հոսանքին»: Կինը պատմում է նաեւ, թե ինչպես է 1945 թվականին մի ռուս զինվոր, առանց որեւէ սիրավեպի, Բեռլինում հոգ տարել իր ընտանիքի մասին, եւ դրանից հետո նա տասնամյակներ շարունակ փնտրել էր այդ զինվորին՝ իր երախտագիտությունը հայտնելու հանար:

«Հիմա Ռուսաստանում,- շարունակում է կինը,- ես կարդացել եմ, գլուխ է բարձրացնում ազգայնականությո՞ւնը: Դա շատ տարօրինակ է: Եվ ես կարդացել եմ, որ ձեզ մոտ գնալով քչանում է ազատությունը, իսկ հեռուստատեսությամբ քարոզչություն է գնում: Ես շատ եմ ուզում, որ այն ժողովուրդը, որը մեզ ազատագրել է, չկրկնի մեր սխալները»:
Ահա այսպիսի զուգահեռներ երկու մեծ ժողովուրդների, երկու բարեկամ-մրցակից պետությունների միջեւ: 2000-ականներից սկսած՝ Ռուսաստանի իշխանությունը եւ նրա պաշտոնական քարոզչությունը փորձում է մտցնել իր ժողովրդի գլուխը, որ Խորհրդային Միության փլուզումը մի իրադարձություն էր, որը կարելի է համեմատել համաշխարհային պատերազմում պարտության հետ: Եվ ստացվում է, որ իբր իրենք այստեղ պարտվել են, իսկ Արեւմուտքը հաղթել է, բայց հիմա Ռուսաստանը վեր է կացել ծնկած դիրքից եւ պիտի ռեւանշի հասնի, վրեժխնդիր լինի:

Մոտավորապես այդպիսի քարոզչություն էր իրականացվում Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմների միջեւ ընկած ժամանակահատվածում: Ընդհանրապես ինձ թվում է, որ բազմաթիվ չարիքների, այդ թվում ազգայնամոլության հիմքում ընկած է թերարժեքության բարդույթը՝ մեզ ստորացրել են, ստրկացրել են, ծնկի են բերել, ջարդել-կոտորել են, բայց մենք հիմա փյունիկի պես կհառնենք եւ ավելի հուժկու հարված կտանք մեր թշնամիներին: Լալկանությունը սովորաբար ագրեսիայի է վերածվում:

10-12 տարիների ընթացքում Ռուսաստանի իշխանությանը հաջողվել է կոմպլեքսավորել սեփական ժողովրդին, արթնացնել նրա մեջ մեծապետական բնազդները, սեփական բացառիկության եւ «առաքելության» զգացողությունները: Մաքսային միությունը, Եվրասիական միությունը, Ղրիմը նման քաղաքականության դրսեւորումներն են: Այդ ամենն, իհարկե, ժամանակավոր է, բայց դրանից տուժում են նախեւառաջ ռուս ժողովուրդը, ռուսաստանցիները, որոնք վաղ թե ուշ կանգնելու են աղետի առաջ:
Դրանից տուժում ենք նաեւ մենք՝ հայերս: Որովհետեւ, ինչպես արդեն ասացի, այդ «ուղղության» բաղադրիչներից մեկը ազգերին «առաջին» եւ «երկրորդ» կարգին դասելն է: Մենք այդ առումով, իհարկե, երկրորդ կարգի ենք՝ գրեթե ամբողջ քաղաքական վերնախավը գտնվում է Պուտինի, մեղմ ասած, գրպանում. այն, ինչ Ռուսաստանին պետք էր մեզնից ստանալ, նա ստացել է, եւ հիմա այնտեղ ոչ միայն մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս, այլեւ բոլոր հայերի հետ վարվելու են ընդգծված արհամարհանքով:

Ռուսաստանն, ի վերջո, իր խնդիրները կլուծի եւ կդառնա նորմալ եվրոպական երկիր: Իսկ մեր խնդիրն, ինչպես միշտ, մեր մեջ է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Վերնագիրը և սկիզբը կարդալով` մտածեցի որ վերջապես անդրադառնալու եք մայդանի շարժումը նույն ձևով` ջահելներին էյֆորիկ ճառերով հրապուրած և իշխանությունը այդ ալիքի միջոցով զավթած նացիստների և այն վտանգների մասին, որ դեռ սպասվում է այդ երկրին, քանի դեռ ժողովուրդը ուշքի չի եկել….
    Նույնիսկ զարմացա, քանի որ մեծն արևմուտքը ԱՌԱՅԺՄ հովանավորում է այդ խեղկատակներին, իսկ ֆաշիզմի ծիլերը այնտեղ {նույնպես առայժմ) տեսնում և քննադատում է միայն ՓԻՍ Ռուսաստանը:
    Բայց հետո ամեն ինչ ընկավ իր տեղը: Պարզվում է, Դուք ֆաշիզմի ուրվականը ողջ աշխարհում տեսնում եք միայն ֆաշիզմից ամենաշատը տուժած` աշխարհի ամենաբազմազգ ֆեդերատիվ Ռուսաստանում:)))))))
    Ի դեպ, որտեղից եք վերցրել, որ թեկուզ հենց նույն գերմանացիները լավ սերտել են պատմության դասը, “եւ հիմա խստորեն հետեւում են, որ նման մտածողությունը ծիլեր չտա, եւ պատմությունը չկրկնվի”??
    Ես բազմաթիվ հակառակը ապացուցող փաստեր կարող եմ բերել նեոնացիստների արտոնված երթերի և քարոզների մասին ողջ Եվրոպայում… թե դրանք վերջում ինչ ծիլեր կտան` պարզ չէ:
    Կարճ ասած` Չեք սիրում էլի Ռուսաստանը… Քավ լիցի` դա ճաշակի հարց է: Ես օրինակ որևէ երկրի նկատմամբ ՍԵՐ հասկացությունը` բացի իմ Հայաստանից, չեմ պատկերացնում: Խոսքս կողմնապահ վերլուծության և ուղորդող մեկնաբանությունների մասին է: Ասում եք Ռուսները “ոչ միայն մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս, այլեւ բոլոր հայերի հետ վարվելու են ընդգծված արհամարհանքով”…?
    Որտեղից գիտեք? Արդյոք սա նույնպես մեկ այլ ազգի նկատմամբ քսենոֆոբիայի դրսևորում չի?
    Չերկարացնելու համար այսպես պայմանավորվենք` ԿԱՊՐԵՆՔ, ԿՏԵՍՆԵՆՔ

  2. Հրանտ Պապիկյան says:

    Էս ինչ որ Նորայրը չի երևում, իրա “թեման” ա` про плохих и хороших фашистов, про инородцев, иноверцев, и инопланетян)))))) которых плохие убивают, а хорошие только безобидно маршируют и скворешники мастерят….

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31