Լրահոս
Օրվա լրահոսը

Կայքերում մեկնաբանությունների վերաբերյալ ՄԻԵԴ որոշումը բողոքարկվել է

Մարտ 26,2014 09:02

«Երբ մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշեց, թե մենք մեղավոր ենք՝ մինչ այդ ունեինք մի մոդերատոր, անմիջապես եւս չորսի ընդունեցինք աշխատանքի: Հիմա երկու մոդերատոր ունենք, որոնք հետեւում են ռուսերեն մեկնաբանություններին, եւ երեքն էլ՝ էստոներեն մեկնաբանություններին»,- այս մասին Տալլին ժամանած հայ լրագրողներին պատմեց էստոնական ամենամեծ լրատվական պորտալի՝ «Դելֆիի» գլխավոր խմբագիր Ուրմո Սոոնվալդը:

«Դելֆիի» գլխավոր խմբագիր Ուրմո Սոոնվալդը

«Դելֆիի» գլխավոր խմբագիր Ուրմո Սոոնվալդը

«Դելֆին» մասնաճյուղեր ունի Լիտվայում ու Լատվիայում, փորձել է գործել նաեւ Ուկրաինայում, բայց ինչպես պատմեց գլխավոր խմբագիրը՝ այնտեղ հնարավոր չէր ծավալել ազնիվ բիզնես՝ աշխատելով միայն գովազդով:

Սակայն «Դելֆին» իր գործունեությամբ չէ, որ քաջածանոթ է լրագրողներին, այլ նրանով, ինչ կատարվեց այս լրատվամիջոցի հետ եւ որը կարող է դիտարկվել իբրեւ նախադեպ: ՄԻԵԴ-ը «Delfi-ն ընդդեմ Էստոնիայի» Delfi AS v. Estonia գործով որոշում կայացրեց, ըստ որի՝ լրատվամիջոցի կայքերում օգտատերերի թողած մեկնաբանությունների համար տուգանումը չի սահմանափակում խոսքի ազատությունը, եւ դատարանի միջամտությունը եղել է համաչափ։ Անգամ պատասխանատվությունից չի կարող ազատել այն հանգամանքը, որ ընթերցողների մեկնաբանությունները նախապես չեն խմբագրվել, կամ կայքում նախապես գրված է եղել, որ կայքը պատասխանատվություն չի կրում ընթերցողների մեկնաբանությունների համար և այլն:

2009 թվականին Delfi-ի կայքում տեղադրված նյութի տակ կատարված մեկնաբանությունների վերաբերյալ դատավարության արդյունքում լուրերի պորտալը ստիպված եղավ մեկնաբանություններից տուժած կողմին բարոյական վնաս փոխհատուցել։

Սակայն «Դելֆիի» գլխավոր խմբագիրն «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով կատարվածին՝ այժմ էլ պնդեց. «Մենք համարում ենք, որ սա խոսքի ազատության հարց է՝ մարդը կարող է մեկնաբանություն թողնել»:

Թեեւ ավելի ուշ նաեւ խոստովանեց, թե այդ որոշումը ստիպել է իրենց զգուշանալ, երբեմն անգամ հարկադրված են եղել արգելել մեկնաբանությունները: Ասենք՝ Ղրիմի հետ կատարվածից հետո մոդերատորները, ըստ նրա, չէին հասցնում հետեւել արձագանքների հեղեղին, ու հարկադրված էին մեկնաբանության հնարավորություն տալ միայն իրենց կայքում գրանցված օգտատերերին՝ զրկելով մնացածին:

«Մենք համոզված էինք, թե քանի որ արդեն կա նախադեպը՝ քաղաքական գործիչները, միլիոնատերերը, սպորտսմենները, նկարիչներն ու դերասանուհիները նույնպես կփորձեն մեկնաբանությունների պատճառով փող պոկել մեզնից,- ասաց Ուրմո Սոոնվալդը:- Մենք ամիսը երեսուն հազար մեկնաբանություն ենք ստանում, եւ համոզված եմ՝ բոլորն էլ կարող են ինչ որ բան գտնել, որով կարող են դիմել դատարան: Բայց ոչ մեկը նման բան չարեց: Ոչ մեկը»:

«Դելֆին» ՄԻԵԴ որոշումը բողոքարկել է Վերին պալատ, եւ այժմ հուլիսի 19-ին Ստրասբուրգում այս գործի քննությունն է: «Սա վերջին ատյանն է: Դրանից հետո միայն Աստվածն է»,- կեսկատակ ասում է գլխավոր խմբագիրը: Սակայն իրենց շանսերը գնահատում է 50/50՝ կանխատեսելով, թե դժվար է լինելու. «Ամեն տարի Վերին պալատ է բողոքարկվում շուրջ 150 գործ, սակայն վարույթ են ընդունվում երկու-երեքը: Եվ այն, որ մեր գործը այդ երկու-երեքի մեջ է՝ նշանակում է… Սա նախադեպ է բոլորի համար՝ ոչ միայն մեր, այլ ողջ աշխարհի: Եվ սա է պատճառը, թե ինչու է այս դատավարությունը կարեւոր»:

«Դելֆիի» այն դիրքորոշման առնչությամբ, ըստ որի մեկնաբանության պատասխանատուն միայն այն գրողն է, եւ դրա համար կարող են դատի տալ իրեն՝ «Առավոտը» հետաքրքրվեց, թե արդյոք կհամագործակցե՞ն իրավապահների հետ, եթե իրենց կայքում հրապարակված մեկնաբանություններում լինի վիրավորանք կամ զրպարտություն, եւ իրենցից պահանջեն բացահայտել մեկնաբանություն գրողի IP հասցեն: Ուրմո Սոոնվալդի պատասխանն էր. «Միայն այն դեպքում, եթե սկսվի պաշտոնական հետաքննություն, եւ ոչ թե ուղղակի քննիչի պահանջով: Այդ դեպքում ոչ մեկի չենք հայտնի» :

«Դելֆիի» գլխավոր խմբագրի հետ հայ լրագրողների զրույցն ամբողջությամբ կարող եք լսել ձայնագրության մեջ:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Տալլին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31