Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի այգիները ուժեղ վարակված են կալիֆոռնիական, ավելի փոքր չափով՝ թուրանական վահանակիրներով: Կալիֆոռնիական վահանակրի վահանիկը կլոր է, 2 մմ տրամագծով: Այն ուժեղ վարակում է դեղձենուն, խնձորենուն, տանձենուն, ծիրանենուն, շլորենուն: «Նոյեմբերյանի այգեգործների միություն» ՀԿ նախագահ, «Հայկական միրգ» ՓԲ ընկերության Տավուշի մարզի գյուղատնտես Սպարտակ Զաքարյանն ասաց, որ կալիֆոռնիական վահանակրի էգը 2000-4000 հատ ձու է արտադրում, ձմռանը իր մարմնով փակում, պաշտպանում դրանք: Էգն այդ կերպ ոչնչանալով՝ կյանք է տալիս մեծաքանակ սերնդի: Եթե ժամանակին դրա դեմ բուժումներ չեն կատարվում, ծառը ամբողջությամբ պատվում է վնասատուներով, մի տարվա մեջ ամբողջությամբ չորանում:
Սպարտակ Զաքարյանը հայտնեց, որ դրանց դեմ պայքարի առաջին փուլը պետք է իրականացնել ծառերի բողբոջների ուռչելու ժամանակ, երկրորդ փուլը՝ մայիսին, ծառերի ծաղկաթափից հետո, երրորդը՝ հուլիսին: Թուրանական վահանակրի էգն ավելի փոքր թվով ձվեր է արտադրում:
Ս. Զաքարյանի վկայությամբ՝ պտղատու այգու մեկ հեկտար տարածքում այդ վնասատուի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է 30-40 հազար դրամի բուժանյութ: Արդյունավետ են գերմանական եւ ճապոնական բուժամիջոցները: Սակայն նոյեմբերյանցի շատ այգեգործներ, սոցիալական վատ վիճակում գտնվելով՝ օգտվում են շուկան հեղեղած պարսկական եւ թուրքական էժան բուժանյութերից, որոնք անարդյունավետ են: Ս. Զաքարյանն ասաց, որ եթե տարածաշրջանի համայնքապետերը գյուղերում այգեգործներին հավաքեն, ինքը պատրաստ է պտղաբույծներին անվճար մասնագիտական խորհրդատվություն կատարել: Կալիֆոռնիական եւ թուրանական վահանակիրների եւ դրանց դեմ պայքարի միջոցառումների մասին տեղեկատվություն է տպագրել գյուղատնտեսության աջակցության Տավուշի մարզային կենտրոնի «Ֆերմեր» թերթը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ