Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղնախարարն այցելեց Սյունիքում գործող կաթի վերամշակման արտադրամաս եւ կառուցվող խոզաբուծական խոշոր համալիր

Մարտ 25,2014 23:22

Այսօր ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ուղեկցությամբ այցելեց  Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղ, շրջեց  ֆերմեր Սեյրան Առաքելյանի միջոցներով գյուղում հիմնադրված եւ 2014թ-ի մարտից շահագործման հանձնված կաթի վերամշակման արտադրամասում: Ներկայումս արտադրամասում օրական 1 տոննա կաթ  է վերամշակվում: Այստեղ կաթը գնում են նաեւ գյուղի մյուս ֆերմերներից՝ 1 լիտրը 160 դրամով եւ կաթի իրացման հարց լուծում համայնքում:  Հիմնադիրը նախատեսում է կաթի վերամշակման ծավալները կրկնապատկել, եռապատկել առաջիկայում: Այժմ արտադրամասում արտադրվում է «Լոռի», «Չանախ»  պանրի տեսակներ, ինչպես նաեւ կարագ,  իսկ առաջիկայում նախատեսում են արտադրել նաեւ մածուն, թթվասեր, կաթնաշոռ:  Արտադրամասի գործարկման համար ֆերմերից պահանջվել է 20 մլն դրամի ներդրում անել: Հաջորդ կանգառը, որ գյուղնախարարը Սյունիքի մարզպետի հետ այցելեց, Կապանի տարածաշրջանի Աճանան գյուղն էր: Աճանանում այս պահին «Վամաքս» ՍՊԸ-ի կողմից իրականացվում են խոզաբուծական ժամանակակից համալիրի կառուցման  աշխատանքներ: Պատասխանատուների խոսքով՝ համալիրի կառուցման եւ սարքավորումների ձեռքբերման համար կպահանջվի մոտ 1 մլրդ դրամ գումար: «Համալրը նախատեսված է 200 գլուխ խոզամայրի համար,  որտեղ տարեկան կբուծվի  եւ մսի համար կիրացվի  4 հազար գլուխ խոզ, եւ տարեկան կարտադրվի 300 տոննա խոզի միս: Խոզաբուծական համալիրում կգործի նաեւ ժամանակակից սպանդանոց, ինչպես նաեւ կերախոհանոց, որտեղ  խոզերի համար կարտադրվեն լիարժեք համակցված կերեր», – նշեցին պատասխանատուները: «Մինչեւ տարեվերջ շահագործման կհանձնվի  խոշոր խոզաբուծական այս համալիրը, որը հանրապետությունում առաջինն է՝ ժամանակակից տեխնոլգիաների առումով: Եվրոպական բոլոր երկրներում խոզաբուծությունն այս եղանակով է իրականացվում, վերջին երեք տարիներին ամբողջ աշխարհում աֆրիկյան ժանտախտը տարածվեց եւ խոզերը մասսայաբար ոչնչանում են, միայն այս տեխնոլոգիաների կիրառման արդյունքում մենք կարող ենք խոզաբուծությունը զարգացնել», – ասաց Սերգո Կարապետյանը: Գյուղական համայնքներ այցելելուց հետո գյուղնախարարն ու Սյունիքի մարզպետը մարզպետարանում հանդիպեցին գյուղական համայնքների ղեկավարների հետ, որտեղ Սյունիքի մարզպետարանի գյուղվարչության պետ Սամվել Թանգյանը ներկայացրեց 2013թ.-ին գյուղատնտեսության ոլորտում կատարված աշխատանքներն ու խնդիրները:  Սյունիքի մարզում 400 հա-ով ավելացել է աշնանացանը, շատացել է  անասնագլխաքանակը, մեծացել է բերքատվության ցուցանիշը: Ձեռքբերումներից բացի, նա ներկայացրեց մարզում առկա խնդիրները:

10147390_643230575746654_206020217_o

«Մեր մարզում ցավոտ խնդիրներից մեկը 2012թ-ին մարզին տրամադրած աշնանացան ցորենի սերմնացուի վճարի հավաքագրումն է: Որոշ համայնքներում դժվարանում է գումարների հավաքագրումը, 32 մլն դրամի պարտք ունենք, 92 մլն դրամի չափով մուտքագրել ենք, ժամանակի ընթացքում նաեւ մնացած պարտքը կմուտքագրենք: Հաջորդ խնդիրը կապված է անասնաբուժական ծառայությունների մատուցման հետ, մասնավորապես՝ անասնաբույժների աշխատավարձը ցածր է, նրանց գումար է անհրաժեշտ համայնքից-համայնք գնալու համար, կամ էլ պետք է փոխադրամիջոցով ապահովել», – նշեց Սամվել Թանգյանը: Նրա խոսքով՝ որոշ բնակավայրերում կախված անասնագլխաքանակից՝ անասնաբույժների աշխատավարձը մինչեւ 35 հազար դրամ գումար է կազմում:

10149700_643230565746655_1259802374_o

ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը համայնքի ղեկավարներին տեղեկացրեց, որ Գորիսի տարածաշրջանի Խնձորեսկ գյուղում պետք է կառուցվի անասնաբուժական ծառայությունների մատուցման կենտրոն, շինարարությունը կսկսվի եւ կավարտվի մինչեւ տարեվերջ: Նմանատիպ կենտրոններ կկառուցվեն նաեւ  մյուս մարզերում: Գյուղնախարարը մանրամասն ներկայացրեց գյուղատնտեսության ոլորտում գրանցված հաջողությունները, ձեռքբերումները, խնդիրներն ու անելիքները: Նրա խոսքով՝ մեքենատրակտորային կայանների թարմացման, ապահովագրական համակարգի ներդրման, մթերատվության ու բերքատվության ավելացման եւ այլ խնդիրներ կան, որոնց լուծման ուղղությամբ հստակ աշխատանքներ են տարվում:

10150162_643230482413330_1967514105_o

«Ես մեր երկրի ապագան կապում եմ կոոպերատիվների եւ մանր տնտեսությունների միավորման հետ, որովհետեւ առանց խոշոր տնտեսությունների՝  մենք արդյունաբերական գյուղատնտեսություն ունենալ չենք կարող, ինչը պետք է ուղղված լինի արտադրանքի ու արտահանումների ավելացմանը: Մենք արտահանման ծավալն ավելացրել ենք, միայն այս  տարվա 2-3 ամսվա ընթացքում պտուղ- բանջարեղենի եւ մսամթերքի արտահանման ծավալները քառապատկվել են՝ հատկապես ոչխարի մսի»,- նշեց պարոն Կարապետյանը: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը գյուղնախարարին տեղեկացրեց, որ Սյունիքում կան գյուղատնտեսությամբ զբաղվելու եւ այն զարգացնելու լավ հնարավորություններ: «Սիսիանի տարածաշրջանի Դարբաս համայնքում տարիներ շարունակ մարդիկ մեծ ներդրումներ են արել: Եթե կարողանանք գազիֆիկացնել այդ տարածքները, ապա տնտեսվարողները խոստանում են մոտ  3-4 անգամ ավելացնել շրջանառությունը, տարածաշրջանի մի շարք գյուղերի եւս հնարավորություն կունենան ավելի ակտիվ ներգրավել գյուղատնտեսական աշխատանքների մեջ: Մենք կփորձենք պոտենցիալ ներդրողների կամ կառավարության պահուստային ֆոնդի միջոցները նման թիրախային համայնքներ ուղղել», – ասաց Վահե Հակոբյանը: Մեզ հետ զրուցած գյուղապետերն անկեղծացան, որ համայնքները գյուղտեխնիկայի խնդիր ունեն, աշխատում են հնամաշ գյուղտեխնիկայով, նորերը ձեռքբերելու հնարավորություն չունեն, շատերը հարակից համայնքների գյուղտեխնիկայի oգնությանն են դիմում, ոմանք էլ դժգոհեցին, որ նույնիսկ շուկայականից էժան գներով իրենց տրամադրվող դիզվառելիքի գները մատչելի չեն գյուղացիներին:

Հաշվի առնելով անցած տարվա ընթացքում մարզում գյուղատնտեսության ոլորտում գրանցված ձեռքբերումները՝ Սերգո Կարապետյանը մի շարք գյուղատնտեսների եւ ֆերմերների պարգեւատրեց գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալներով ու պատվոգրերով:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31