Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական դեպարտամենտը` Գավառի դատարանում հնչեցրած սեռական հայհոյանքների մասին. (Տեսանյութ)

Մարտ 25,2014 20:15

Aravot.am-ը անդրադարձել էր վերջերս Գավառի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած մի միջադեպի, որի ընթացքում ամբաստանյալ Սարգիս Հակոբյանը դատական նիստից առաջ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել հայցվորի ու վերջինիս կողմնակիցների հասցեին, իսկ դատական կարգադրիչները չեն միջամտել, քանի որ տեղում չէին:

Երեկ Aravot.am-ը գրել էր, որ ամբաստանյալի կողմից բռնության ենթարկված Հասմիկ Խաչատրյանը նամակ-բողոք է ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ դատական դեպարտամենտին, ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին եւ խնդրել ձեռնարկել համապատասխան քայլեր, հաշվի առնելով, որ դատական գործընթացը շարունակվում է, իսկ ամբաստանյալն, ըստ տուժողի, իրենից վտանգ է ներկայացնում:

Մենք մարտի 18-ին էլ` միջադեպի օրը անդրադարձել էինք այս խնդրին. տուժողի  փաստաբան Տիգրան Մուրադյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ տուժող Հասմիկ Խաչատրյանին աջակցող`«Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները ամբաստանյալի հայհոյանքները տեսանկարահանել են: Մեզ հետ զրույցում հ/կ-ի ներկայացուցիչներն ասացին, որ հենց հայհոյանքների պահը չեն հասցրել ֆիքսել, բայց մեզ տրամադրած տեսանյութում ամբաստանյալն ու նրա կողմնակիցներն իրենց ագրեսիվ են պահել, ու էլի վիրավորական արտահայտություններ են հնչեցրել:

Տեսանյութում  դատական կարգադրիչներից մեկը մոտենում է ամբաստանյալին, բայց, ինչպես հ/կ-ից մեզ վստահեցրին, կարգադրիչը ոչ թե եկել էր միջամտելու, այլ` դատական նիստերի դահլիճի դուռը բացելու եւ այդ պահին էլ նկատել է, որ ամբաստանյալն ագրեսիվ է: Իսկ բուն միջադեպին եւ սեռական հայհոյանքների պահին կարգադրիչները ներկա չեն եղել:

Այս առնչությամբ դատական դեպարտամենտից Aravot.am-ին վստահեցրին. «Գավառի դատարանի վարչական շենքում տեղակայված են 3 կառույցներ` դատարանի աշխատակազմ, անձնագրային ստորաբաժանումն ու նոտարական գրասենյակ: Դատական կարգադրիչների լիազորությունները սահմանափակվում են դատարանի մասով: Ըստ դատական նիստի ընթացքում արված հայտարարության, ամբաստանյալը վիրավորել է ներկաներին: Նիստի ընթացքում հայտնել են նաեւ, որ ունեն տեսագրությունը: Ամբաստանյալը հերքել է հայտարարությունը, իսկ հայտարարության հեղինակին բացատրվել է, որ իրավունքների պաշտպանության համար պետք է տեսագրությունները ներկայացնեն համապատասխան մարմիններին` ոստիկանությանը: Հարկ է նկատել, որ ենթադրյալ վեճը տեղի է ունեցել մինչեւ դատական նիստերի դահլիճ մտնելը, որից առաջ դատական կարգադրիչները բացել են դահլիճի դուռն ու ներս հրավիրել դատավարության մասնակիցներին եւ մասնակցել ցանկացող անձանց»:

Հիշեցնենք, որ հայհոյող ամբաստանյալը հանրաճանաչ բախտագուշակ Վարսիկի որդին է` Սարգիս Հակոբյանը, որը պարբերաբար խոշտանգումների է ենթարկել կնոջը` Հասմիկ Խաչատրյանին, տարիներ շարունակ կնոջը դաժանաբար ծեծի է ենթարկել, սեռական բնույթի հայհոյանքներ տվել, պարբերաբար ծխախոտը հանգեցրել է կնոջ մարմնին, 6-ամյա տղային ստիպել է թքել մոր վրա եւ բռունցքով հարվածել մոր երեսին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31