Այսօր` մարտի 25-ին Գյումրիում 6-րդ անգամ հանդիսավորությամբ նշվեց Խոսքի ազատության օրը: Այդ կապակցությամբ տոնակատարության անցկացման կազմակերպչական խորհուրդը, ուսումնասիրելով հանրությունից ստացված 29 առաջարկ, որոշեց պարգեւատրել մի լրագրողների, հասարակական գործիչների եւ կազմակերպությունների:
Պարգեւատրվեցին.
Շանթ Հարությունյանը` քաղաքական-քաղաքացիական դիրքորոշումը խիզախորեն արտահայտելու համար, Հետաքննող լրագրողների ընկերակցությունը եւ hetq.am-ը` օֆշորային հաշիվների ու հարակից խնդիրների հետաքննության եւ բացահայտումների համար, Արգիշտի Կիվիրյանը` քաղաքացիական դիրքորոշումը հետեւողականորեն արտահայտելու, ֆեյսբուքյան հրապարակումների համար, Լուսինե Հովհաննիսյանը` հրապարակախոսության համար, «Արտ-Լաբորատորիա» (Արտլաբ) ստեղծագործական կազմակերպությունը` Խոսքի եւ արտահայտման ազատության ինքնատիպ եւ յուրահատուկ լուծումների համար, Լեւոն Խեչոյանը (հետմահու)` Իսկական մտավորականի դիրքորոշման եւ հրապարակախոսության համար, «Անտարես» հրատարակչությունը եւ Արմեն Մարտիրոսյանը` «Արգելված գրքեր» մատենաշարի եւ Հայաստանում գրքի քարոզի նորարարական մոտեցումների ներդրման համար:
Վերոհիշյալ անձանց եւ կազմակերպություններին շնորհվեցին գյումրեցի գեղանկարիչ Սամվել Գալստյանի գրաֆիկական աշխատանքները:
Հայտարարվեց, որ Խոսքի ազատության օրվա հաջորդ հանդիսությունը կկայանա 2015 թվականի մարտի 25-ին` Գյումրիում:
Խոսքի ազատության օր-2014
Հանրային հաղորդագրություն-2
25 մարտի, 2014, Գյումրի