Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդի նկատմամբ օրինական ռեկետը», «հանձնաժողովացավն», ու «ամպոտ ոտքերով» խորհրդարանականները

Մարտ 25,2014 18:55

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին պատգամավորների մեծամասնությունը անդրադարձ կատարեց Քեսաբում տեղի ունեցած վերջին զարգացումներին, մասնավորապես Քեսաբի հայաբնակ բնակավայրի ճակատագրին: Այդ խնդրին անդրադարձան Էդուարդ Շարմազանովը,  Հերմինե Նաղդալյանը, Հովհաննես Սահակյանը և այլք: ՕԵԿ  պատգամավոր Մհեր Շահգելդյանը նկատեց. «Սա մարտահրավեր է միջազգային կազմակերպություններին, որոնք զբաղվում են փոքրամասնությունների իրավունքներով»:

ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն անդրադարձ կատարեց «Հարավկովկասյան երկաթուղիներ» և «Հայփոստ» ընկերությունների աշխատանքին: Նա մտահոգություն հայտնեց, թե Գյումրիի նորակառույց Մուշ-2 թաղամասում չկա «Հայփոստի» բաժանմունք, ու խնդիրը երեք տարի բարձրացնում են, սակայն այդպես էլ արձագանք չկա:  Մի զավեշտալի փաստ էլ օրինակ բերեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի վերաբերյալ. «Հրաման է իջեցվել, որ աշխատանքային շաբաթը լինի չորսօրյա: Սա անհասկանալի է, քանի որ մեր պայմաններում աշխատանքային շաբաթը հնգօրյա պիտի լինի»: Սուքիաս Ավետիսյանը նշեց նաև աշխատավարձի հետ կապված որոշ խնդիրներ ու հրատապ համարեց այն, որ կառավարությունը մեկ անգամ ուշադրություն դարձնի այդ կազմակերպության գործունեությանը:

ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանի հայտարարության թեման կանանց դեմ բռնություններն էին: Պատգամավորը մտահոգություն հայտնեց, թե «հանուն կողքի մարդկանց կարծիքի, վտանգվում է ոչ միայն ամուսինների համատեղ կյանքը, այլև երեխաների ճակատագիրը»:

ԲՀԿ-ական պատգամավորները կրկին անդրադարձան կառավարությանն անվստահություն հայտնելու խնդրին: ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը կոչ արեց ոչ իշխանական ուժերի երիտասարդական կազմակերպություններին այս հարցում միավորվել: Մեկ այլ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանն էլ կոչ արեց երիտասարդական ոլորտում գործող ՀԿ-ներին այս խնդրի շուրջ միավորվել:

ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը բարձրացրեց վճարովի ավտոկայանատեղիների խնդիրն ու այն որակեց` որպես «ինքնախոստովանություն ժողովրդի նկատմամբ օրինական ռեկետի»:  ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին էլ ասաց. «Մի երիտասարդ նախաար, որին արդեն այս դահլիճում առիթ ունեցել եմ հորդորել` մետրոպոլիայից ժամանած բարձր, սպիտակ ռասսայի առոգանությամբ չխոսել հանրության հետ, հերթական անգամ սեփական ծառայողական մեքենայի պատուհանից կյանքին դիտելով արհամարհանք չդրսևորել ժողովրդի նկատմամբ»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը մինչ ելույթ ունենալը նշեց. «Պարզվում է օպոզիցիան մտածում է իշխանության մասին վտանգավոր դոզաներով»: Այնուհետև խոսեց.  նոր վարակի մասին` «հանձնաժողովացավի կամ հանձնաժողովային հիվանդության մասին» ու ասաց. «Այսքանից հետո մնում է, որ անիշխանությունը կառավարությանն  անվստահություն հայտնելու հարցում ունեցած սեփական ձախողումները քննող հանձնաժողով ստեղծի և այդքանով համարի իր առաքելությունը կատարված»:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, անդրադառնալով «երկիրը ներսից բզկտելու ծրագրին մասնակցող» որոշ գործընկերներին ասաց. «Ոմանք փորձում են հերթական անգամ ջուր պղտորելով ձուկ որսալ: Ոմանք տարբեր ժամանակներում լինելով իշխանության մաս և անմիջական մասնակցություն ունենալով բոլոր գործընթացներին` ոտքերն ամպոտ խորհրդարանական ամբիոնից այս կամ այն հարցով հանձնաժողով ստեղծելու մասին են խոսում` մտքում վստահ լինելով, որ դա տեղի չի ունենա»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ալինա says:

    Դախկա կարենի և հհկ տեռորիստների վտանգավոր ,,դոզան,, ժողովրդի համար այնքան մեծ է, որ արդեն բզկտել ու շնչահեղձ է աևել երկիրը:
    Իսկ հհկ գյադագյուդեքի փակ դահլիճներում աքլորանալու և տերերին հերոս ներկայանալու
    գավառական պահվածքը համարժեք պատասխանի կարժանանա ժողովրդի կողմից ու ժողովրդի ձեռքով …..(Տավուշեցի)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31