Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գորիսի նախկին քաղաքապետի պատասխանը՝ «Լիսկային հլու հնազանդ քոլատակի Սուրիկին»

Մարտ 25,2014 18:44

«ԵԿՄ Գորիսի կառույցի ղեկավարը՝ Սուրիկ Բաղդասարյանը ինձ հասցեագրել էր՝ ո՞վ ես, ի՞նչ մարդ ես, ո՞ր կուսակցությունից հռետորական հարցերը եւ աճապարել պատասխանել իր իսկ հարցերին: Հաշվենկատություն դրսեւորելու պարագայում չպետք է պատասխանեի, որովհետեւ քո ու քեզ նմանների՝ իմ հասցեին հնչեցրած քննադատությունը միայն բարձրացնում է վաստակածս հեղինակությունը: Սակայն, Լիսկայի ճիրաններից ազատագրելու, մարդասիրական մղումներից ելնելով, որոշեցի պատասխանել ոչ թե այդ մերկապարանոց հրապարակման իրական հեղինակին, այլ այն ստորագրողի ամոթալի բեռան տակ կքած քոլատակի Սուրիկին»,- իր նամակում գրել է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը:

« Չեմ կասկածում, որ հոգուդ խորքում՝ ինչպես զոհված ավագ եղբայրդ՝ Վոլոդյան, նրա այրին, զավակները, ինչպես մյուս արվեստագետ ավագ եղբայրդ, իմ մասին ունես հրապարակվածին տրամագծորեն հակառակ կարծիք: Ցավակցում եմ, որ լիսկայական վայրի կամայականությունների մեջ թաղված լինելուդ պատճառով չես հանդգնում բարձրաձայնել իրական համոզմունքիդ մասին: Ինչպես ասում են՝ մեղքը քո վիզը: Մանավանդ զոհված ազատամարտիկ եղբորդ հիշատակի հանդեպ հարգանքից դրդված՝ քանիցս օգտակար դիտողություններ եմ արել քեզ եւ առաջարկել հեռու մնալ Լիսկայի արտասովոր քրեական ընթացքից: Վերջին դիտողությունս արել եմ 2012 թվականի մայիսի 6-ին ՝ ՀՀ ԱԺ ընտրությունների օրը: Երեւի չես մոռացել, որ այն եղել է Գորիսի թիվ 3 դպրոցի մոտ: Դու ոչ միայն չես ընդդիմացել ինձ, այլեւ բազմաթիվ մարդկանց ներկայությամբ, քո նախաձեռնությամբ ողջագուրվել ես ինձ ու ականջիս փսփսացել՝ Հարությունյա՛ն, քեզ շատ եմ հարգում, բայց չեմ կարող չենթարկվել Սուրիկ Խաչատրյանի հրամանին: Իսկ այժմ, եթե ի վիճակի ես, դասեր քաղիր հետեւյալից:

Իր վրա զայրացած ուսուցչի՝ ո՞վ ես դու հարցին, դպրոցական Նապոլեոն Բոնապարտը պատասխանել է՝ ես մարդ եմ: Ո՞վ ես, ի՞նչ մարդ ես, ո՞ր կուսակցությունից հարցերիդ, 60 ամյա տարիքում ես էլ պատասխանում եմ՝ ես մարդ եմ, գորիսեցի, սյունեցի հայ մարդ… Իմ կյանքում հիմնականում կատարել եմ ընտրովի աշխատանքներ, երբեւէ չեմ հպարտացել այն իրողությամբ, որ մայրաքաղաք Երեւանում հրաժարվել եմ բարձր պաշտոններ զբաղեցնելու, բարեկեցիկ կյանքով ապրելու հնարավորությունից, 1989-ի սկզբներին տեղափոխվել եմ իմ ծննդավայր Գորիս եւ ողջ կարողականությամբ մասնակցել տարածաշրջանի ինքնապաշտպանությանը: Սիրելի Սուրիկ, որքան էլ դժվար է , վերջապես ըմբռնիր՝ երբեւէ չեմ հեռացվել աշխատանքից: Ընտրված պաշտոններից՝ այդ թվում Գորիսի քաղաքապետի պաշտոնից ազատվել եմ իմ հոժար կամքով: Հակառակ քեզ օգտագործողների կողմից իմ նկատմամբ կիրառված բռնություններին՝ 1992 թվականի մայիսի 5-ին հեղինակությունս բավարարել է եռապատիկ ավելի ձայներով հաղթելու ՀՀ քաղաքական իշխող ուժի թեկնածուին եւ ընտրվելու Սյունյաց արծվաբույն Գորիսի քաղաքապետ, գորիսեցիների հետ պատվով դիմակայելու բոլոր փորձություններին: Հրապարակմանդ մեջ շեշտված քանի- քանի կուսակցություն չեմ փոխել, երբեք իմ կամ այլոց կուսակցական տոմսը չեմ պատռել: 1989 թվականի դեկտեմբերի 7-ին Կոռնիձորի մարտին, որին մասնակցել եմ նաեւ ես, հաջորդած հանրահավաքում հայտարարել եմ, որ հայրենիքի պաշտպանության դիրքերում թշնամական գնդակների տարափի տակ խորապես համոզվել եմ, որ այլեւս չեմ անդամակցի Գորբաչովին, Վեզիրովին եւ նմաններին հնազանդ կուսակցությանը: Մի քանի օր անց էլ կուսակցական տոմսս ՀԿԿ Գորիսի շրջկոմի բյուրոյի նիստում, հակառակ ինձ արված առաջարկներին, հանձնել եմ շրջկոմի ղեկավարությանը:

Մեղավոր չեմ, որ Արցախյան շարժումը 1989 թվականին վերանվանվեց հայոց համազգային շարժում եւ 1989 թվականի նոյեմբերի 4-ին կայացած առաջին համագումարում դրական վերաբերմունքի է արժանացել լուրջ առաջարկներով եւ քննադատական շեշտադրումներով համեմված ելույթս: Հանրահայտ է, որ հակառակ քո ղեկավար Սուրիկ Խաչատրյանի, երբեք չեմ անդամակցել իշխած ՀՀՇ-ին եւ իշխող ՀՀԿ-ին: Անցած քսանչորս տարիներին մոտ երեք տարի ունեցել եմ կուսակցական անդամակցություն, չեմ հեռացվել ՀՅԴ-ից: Տարիներ առաջ գաղափարական ընկերներս ընկալումով են վերաբերվել անկուսակցականի՝ իմ հետագա ընթացքին: Նորմալ եւ դրական համարիր այն իրողությունը, որ ՀՀ ԱԺ անկուսակցական պատգամավորի թեկնածությունս պաշտպանել են ականավոր հայորդիներ, Հայաստանի ընդդիմադիր գրեթե բոլոր կուսակցությունները, հասարակական մի շարք կազմակերպություններ: Հանրահայտ է ՝ ՀՀ ԱԺ 1999 թվականի հիշատակածդ ընտրություններում ոչ թե ունեցել եմ չնչին թվով ձայներ, այլ բացարձակ հաղթել եմ քո կուռքին՝ Սուրիկ Խաչատրյանին:

Իմ նկատմամբ կիրառված ամենազանգվածային կեղծարարությունից հետո նույնիսկ ընտրական թիմս կարողացել է Գորիսում արձանագրել ՀՀ բոլոր ընդդիմադիր գործիչների շարքում ռեկորդային ցուցանիշ՝ ավելի քան 6000 քվե:

2007 թվականի ընտրությունների ընթացքում, մրցակցելով Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի հետ, իմ դեմ կիրառված ոչ պակաս զանգվածային կեղծարարություններից հետո Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններում իմ օգտին կարողացել ենք արձանագրել կրկին ռեկորդային ցուցանիշ՝ մոտ 13. 600 քվե: Հաղթանակներիս նպաստել են զոհված եղբորդ, մյուս ավագ եղբորդ ընտանիքները, գերդաստանիդ գուցե նաեւ ընտանիքիդ անդամները:

Ընտրակաշառքը, ընտրակեղծարարությունները, մահափորձերը, մարդկանց առեւանգումները, խոշտանգումները, լիսկայական մյուս վայրագությունները շարունակում եմ համարել նողկալի եւ Հայոց ահեղ ու արդար դատաստանին արժանի իրողություններ:

Քոլատակի Սուրիկ, ավելորդ չեմ համարում մեջբերել Շեքսպիրի խոսքը՝ «դերասան կա , որ մի քանի ապուշ հանդիսատեսի ծիծաղեցնելու համար ինքն է սկսում ծիծաղել: Դա մի շատ խայտառակ բան է եւ ի ցույց է դնում նման կերպ վարվող դերասանի ողորմելի սնափառությունը»: Դու մեկն էս այն քչերից, որոնք Գորիսն ուզում են տեսնել միայն ամոթալի լիսկայանոց եւ մարտնչող համառությամբ չեն ենթարկվում ԼեռնաՀայաստանի երբեմնի հպարտ մայրաքաղաքի փառապանծ անցյալին վերադառնալու հրամայականին:

Դեռեւս 1991 թվականի փետրվարին քո ներկայությամբ Գորիսի քաղխորհրդի ձայնասփռվող նստաշրջանում հայտարարել եմ՝ Սուրիկ, եթե երբեւէ որեւէ մեկը քեզ համարի նախավերջին սրիկա, իմացիր որ կոմպլիմենտ է անում, դու վերջին սրիկան ես: Անշուշտ, իմ կողմից հայտարարածը չի վերաբերել ու չի վերաբերում Սուրիկ Խաչատրյանին հլու հնազանդ Սուրիկ Բաղդասարյանին»,- եզրափակում է իր նամակը պարոն Հարությունյանը:

 

Սամվել Հարությունյան

Մարտ 25. 2013թ.

Գրի առավ Արփինե ՍԻՄՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31