Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Ինձ ասում են՝ տղաս ավարտել է Տնտեսագիտականը, հիմա տաքսի է քշում»

Մարտ 25,2014 18:26

«Ինձ շատ են ասում՝ աղջիկս ավարտել է իրավաբանականը, բայց հիմա երեխա է պահում կամ դաստիարակ է, դայակ է, տղաս ավարտել է Տնտեսագիտականը, հիմա տաքսի է քշում եւ այլն: Այստեղ պատասխանատվությունը երկկողմանի է: Իհարկե, պետությունը պետք է  բոլոր նպաստավոր պայմանները ստեղծի, որ բուհն ավարտած որակյալ մասնագետն իր աշխատանքը գտնի աշխատաշուկայում: Բայց չմոռանանք անձի պատասխանատվության մասին»,- այսօր ԱԺ-ում «Կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը օրենսդրական փաթեթը ողջունեց, բայց հորդորեց նախկին օրենքից չհանել որոշ կետեր. «Իսկապես, մենք պետք է մեր ժողովրդի միջից հանենք այն գաղափարը, որ նույնիսկ, եթե սոված ենք, երեխաներն անպայման բարձրագույն կրթություն պետք է ստանան, հետո այդ բարձրագույն կրթության դիպլոմով գնան ցածր մաարդակի աշխատանք կատարելու: Մենք պետք է ուժեղացնենք միջին մասնագիտականը, եւ մի արտոնություն, որը տրված էր նախկին օրենքով, դուք հիմա փորձում եք հանել: Եթե երեխան սովորել է միջին մասնագիտական քոլեջում, նա հնարավորություն ուներ բարձր առաջադիմությամբ ավարտած դիպլոմի հիման վրա հարցազրույցով ընդունվել համապատասխան մասնագիտությամբ համապատասխան բուհ: Դուք այդ արտոնությունը հանում եք: Հիմա արդյո՞ք հանրակրթության մակարդակ ունեցող երեխայի եւ միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսանողի մեջ չկա տարբերություն: Արդյո՞ք 3 տարուց ավելի ուսանելու ընթացքում նա մասնագիտական հմտություններ ձեռք չի բերել, որ կարողանա հարցազրույցով նստել բուհ-ի երկրորդ կուրս»:

Ըստ Արմեն Աշոտյանի, երկրորդ կուրս նստելու այդ իրավունքը չափազանցված է եւ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. «Եթե ես որոշում եմ գնալ քոլեջ, նշանակում է, որ ես ուզում եմ մասնագիտական կրթություն ստանալ: Այսինքն, սովորեմ ինչ-որ բան, որ հետո գնամ աշխատաշուկա: Եթե ես ուզում եմ բուհ գնալ, ես պետք է գնամ միջնակարգ կամ ավագ դպրոց: Եթե ես պետությանն ասում եմ՝ պետություն, դու ինձ պետպատվերի շրջանակներում տվել ես այս մասնագիտությամբ սովորելու հնարավորություն, որից ես օգտվում եմ, ապա ավարտելուց հետո այդ պետությունն ինձ վրա հույս է դրել՝ որպես մասնագետի, որը պետք է մուտք գործի  աշխատաշուկա: Այդ պահին ես սկսում եմ խաբել պետությանը, որովհետեւ իրականում, ընդունվելով  քոլեջ, ավարտում եմ այն եւ չեմ գնում աշխատաշուկա՝ այնտեղ, որտեղ ինձ սպասում են, ինձ հաշվարկել են, հույս են դրել ինձ վրա: Ասում եմ՝ չէ, գիտեք, ես ուզում եմ գնալ բուհ: Ես չեմ հակադրում այս համակարգերը, բայց չեմ ուզում, որպեսզի այն խեղումը, որն այսօր գոյություն ունի ավագ դպրոցների, քոլեջների եւ ուսումնարանների շրջանավարտների համար, շարունակի գոյություն ունենալ»:

Նախարարն առաջարկեց պատգամավորներին այս իրավիճակից իրենց լավագույն լուծումներն առաջարկել:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31