Այսօր ԱԺ-ում «Բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու հարցի քննարկման ժամանակ պատգամավորների դիտողությունները հիմնականում վերաբերում էին այն հանգամանքին, որ բյուջետային օրենքում կատարվեն փոփոխություններ և բյուջեի եկամտային մասի քննարկումը տարվա առաջին կեսին կատարվի, իսկ բյուջեի ծախսային մասին ամբողջական քննարկումը տեղի ունենա տարեվերջին: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանի` այս դիտարկմանն ի պատասխան ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը պատասխանեց. «Չեմ կարծում` դա ավելի արդյունավետ տարբերակ կլինի, քանի որ եկամտային մասը քննարկելիս պետք է հաշվի առնել նաև այն, թե ինչպիսի տնտեսական աճ կլինի»:
Ընդհանուր առմամբ կողմ լինելով բյուջետային բարեփոխումներին` ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց.«Մեր առաջին խնդիրն այն է, որ մենք բյուջեն չենք հաստատում եկամուտներով»: Այնուհետև նշեց, թե «հարկային պրեսը» Հայաստանում ուժեղ է: Հրանտ Բագրատյանը մտահոգություն հայտնեց, թե «ՏԻՄ մարմիններին զրկել ենք բյուջեից և հիմնական միջոցները կենտրոնացնում ենք Երևանում»: Այս առիթով նա նկատեց. «Սաղ փողերը տանում ենք Երևան, սա՞ է ձեր տեղական ինքնակառավարումը»:
Բարձրացված հարցին ի պատասխան ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը օրինակ բերեց «ԱրմենՏելի» գլխամասային գրասենյակի աշխատանքն ու նշեց. «Եկամտի աղբյուրի մոտ առաջացած եկամուտը տվյալ համայնքը որպես մասնաբաժին չի ստանում: Օրինակ` ԱրմենՏելը գլխամասային եկամուտը հավաքում է կենտրում»: Այնուհետև վրդովվեց, թե «ով վեր է կենում, խոսում է ստվերի մասին: Բայց հատուկենտ մարդիկ կարող են ոտքի կանգնել ու ասել, որ ավելացված արժեքի այս մասը ստվերում է»:
Ամփոփելով պարոն Այվազյանը նշեց. «Հարկային միասնական օրենսգիրք ունենալը անհրաժեշտություն է»:
Ելույթ ունեցավ նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` «Մենք պիտի ընդունենք, որ կոնստրուկցիա չենք կարողանում փոխել» դիտարկմամբ: Նա նշեց. «Անընդհատ խոսում ենք հարկային օրենսգրքի առկայության մասին: Բայց ընդունենք, որ շենքի մի թևը չես կարող վեր հանել`առանց ընդհանուր համակարգի: Նույնիսկ շինության նոր մուտք բացելու ժամանակ շենքի հիմնական ճարտարապետին են գտնում կամ նրա ժառանգներին: Մենք դեռ չունենք այն քաղաքական լիմիտը, որի հետևանքով կարող ենք արմատական փոփոխություններ անել»:
Այնուհետև ԲՀԿ-ական պատգամավորը կրկին անդրադարձավ կառավարության աշխատանքին ու նշեց. «Մենք նախատեսում էինք 6.2 տոկոս տնտեսական աճ` համախառն ներքին արդյունքի առումով, բայց կատարեցին 3.5 տոկոսով: Ի՞նչ եղավ բյուջետային մուտքերի հետ»: Միքայել Մելքումյանը այս բոլոր դիտարկումների արդյունքում անխուսափելի համարեց հարկային բեռի ավելացումը:
Գնահատելով կառավարության աշխատանքը `ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, թե «նախարարներն առանձին առանձին աշխատում են, բայց հավաքական առումով արդյունք չկա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև