Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ-ում աղանդներն սկսել են թուլանալ

Մարտ 25,2014 18:05
axand

«Երևանի փողոցներում վեհ կեցվածքով քարոզիչներ են պտտվում, որոնք զգում են իրենց ինչպես ձուկը ջրում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, պատմական գիտությունների դոցենտ Աշոտ Մանուչարյանը՝ անդրադառնալով աղանդների ազդեցությանը հասարակության հոգևոր և բարոյական կերպարի վրա: «Մարդն ազատ է, և որևէ մեկն իրավունք չունի փողոցում նրան կանգնեցնելու և այս կամ այն գաղափարը պարտադրելու»,- ասաց պարոն Մանուչարյանը՝ ընդգծելով օրենսդրական դաշտի խստացման անհրաժեշտությունը:

Բանախոսը գտնում է, որ եկեղեցին միայնակ ի զորու չէ պայքարել աղանդների դեմ: «Աղանդների դեմ պայքարը եռամիասնական համակարգով միայն կարող է լինել. պետությունը պետք է խիստ անհանդուրժող լինի՝ նրանց գործունեությունը սահմանափակող օրենքներ ընդունելով, եկեղեցին՝ իր եռանդուն գործունեությամբ և հասարակությունը՝ իր անհանդուրժողականությամբ: Ես չեմ ասում քարկոծենք նրանց, բռնություն կիրառենք, ո´չ, նրանք մեր եղբայրներն ու քույրերն են, որոնք մոլորվել են, պետք է նրանց դարձի բերել»,- համոզված է Ա. Մանուչարյանը:

Արարատյան հայրապետական թեմի երիտասարդական կառույցի համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանն էլ հիշում է, որ Խորհրդային միությունն աղանդն ընկալում էր որպես պետությունը վտանգող երևույթ և պետության անվտանգությունն ապահովելու համար երբեք թույլ չէր տալիս, որ օտար աղանդներ Քրիստոսի անունով մտնեն իր սահմաններից ներս և պետությունը քանդեն: Նա, սակայն, ուրախությամբ նկատեց, որ այսօր ՀՀ-ում շատ աղանդներ սկսել են թուլանալ: «Նրանց ագրեսիվությունն ինչ-որ չափով հենց դրա հետ է կապված. չէ՞ որ նրանց քարոզչության դաշտն սկսում է փոքրանալ»,- ասում է քահանան: Նրա խոսքով՝ շատ-շատերը, որոնք ինչ-որ ժամանակ հարել են այս կամ այն աղանդին, հիմա վերադառնում են, գալիս են եկեղեցի. «Մենք, պարզապես, խնդիր ունենք նրանց հետ աշխատելու, և եկեղեցին այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ է տանում»,- ասում է քահանան:

Նրա դիտարկմամբ՝ հիմա աղանդներն այնքան չեն պայքարում եկեղեցու դեմ, որքան որ մրցակցում են միմյանց հետ, «տեսնեն՝ ով ավելի շատ հետևորդ կունենա և ով շուտ կկարողանա քանդել այս երկիրը»,- ասում է Տեր Պետրոսը: Նա նկատել է, որ բավականին նվազել է Եհովայի վկաների թիվը, և վերջիններիս ու Կյանքի խոսքի միջև է գնում հիմնական մրցակցությունը: «Ներքին պայքար կա, և մեկը մյուսին քայքայում է: Իհարկե, այստեղ պայքարը գնում է նրանց վերնախավերի միջև, բայց տուժում են հասարակ մարդիկ»,- նշեց քահանան:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Լուսանկարը`www.slaq.am-ից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31