Հայ մեծանուն երգիչ Շարա Տալյանի թոռնուհին՝ Ռուզաննա Բաբաջանյանը, մուրացիկի կարգավիճակով շրջում է փողոցներում. նրանից խլել են նրա բնակարանը: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի զրույցում նշեց Ռ.Բաբաջանյանի ներկայացուցիչ, փաստաբան Մելանյա Առուստամյանը, գործի նյութերը, վկաների ցուցմունքները ցույց են տալիս, որ հեռավոր ազգականն օգտվել է անկողնային հիվանդ Շարա Տալյանի դուստր Լուսյա Տալյանի անօգնական վիճակից ու խլել նրա բնակարանը: Արդյունքում՝ 80-ամյա հիվանդ կինն իր միակ բնակարանը 2007 մարտի 2-ին նվիրել է ոչ թե մոտ 60 տարեկան իր հարազատ դստերը, ով, ի դեպ, տառապում է «շիզոֆրենիա» հիվանդությամբ, այլ՝ հեռավոր ազգականին և 2008թ. փետրվարի 1-ին մահացել: «Չի կարելի ծաղրել մարդուն, ով հիվանդ է, չի կարելի նրա անօգնական վիճակն օգտագործել»,- ասաց փաստաբանը՝ հանրության և երկրի նախագահի ուշադրությունը հրավիրելով խնդրի վրա: Ըստ Մ.Առուստամյանի՝ մի հայտնի արվեստագետ, լսելով այս պատմությունը, իրեն հայտնել է՝ «մի՛ զարմացեք, Նար Հովհաննիսյանը՝ Նար-Դոսի որդին, սովից մահացավ 90-ական թվականներին», բայց դա «մութ ու ցուրտ 90-ականներին էր, իսկ հիմա՞»:
Գործը քննող դատարանն, ըստ փաստաբանի, կողմնակալ է, անաչառ չէ, ծաղրում, ճնշում, թույլ չի տալիս խոսել Ռուզաննա Բաբաջանյանի ներկայացուցիչներ Մ.Առուստամյանի ու Մոնիկա Հակոբյանի հրավիրած վկաներին, իսկ նրանք պնդում են, որ «կնոջը մեկուսացրել են, անազատության մեջ են պահել, բռնության սպառնալիքի ազդեցության տակ կինը նվիրել է բնակարանը հեռավոր ազգականին: Ըստ վկա Անուշ Հովհաննիսյանի՝ երբ ինքը գնացել է հիվանդանոց՝ Լուսյային տեսնելու, վերջինս իրեն մոտ է կանչել, ականջին ասել՝ «սրանք ուզում են տունը խլել ինձնից, բայց չեմ տալու, տունը տալու եմ Ռուզաննային»: Փոխարենը, ըստ հայցվոր կողմի, դատարանը՝ դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ, բարեհաճ է հակառակ կողմի՝ հեռավոր ազգականի ու նրա որդու՝ Լևոն ու Ալբերտ Ժամհարյանների հանդեպ։ Դատարանը ներկայումս խորհրդակցական սենյակում է, նախատեսվում է, որ ապրիլի 4-ին կհրապարակվի դատարանի վճիռը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում