Լրահոս
Օրվա լրահոսը

Արտասահմանյան բուհերում անվճար սովորելու հնարավորություն

Մարտ 25,2014 15:34

«Լոնդոն Այ» միջազգային ուսումնական կենտրոնն այսօր ժամը 10:00-ից, վարկանիշային համալսարանների ներկայացուցիչների մասնակցությամբ, Անի Պլազա հյուրանոցում անցկացնում է «Կրթություն արտերկրում. բաց դռների օր» խորագրով միջոցառումը, որը կշարունակվի մինչև ժամը 19։00-ը:

Հիշեցնենք, որ «Լոնդոն Այ» միջազգային ուսումնական կենտրոնի հրավերով առաջին անգամ Հայաստան են ժամանել ԱՄՆ-ի, Մալթայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի վարկանիշային համալսարանների և ուսումնական հաստատությունների պաշտոնական ներկայացուցիչները, որոնք հանդիպում-խորհրդատվության ընթացքում մասնակիցներին մանրամասն տեղեկատվություն են տրամադրում բակալավրիական, մագիստրոսական, դոկտորական ծրագրերի և ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում ու Եվրոպայի մի շարք երկրներում կազմակերպվող ամառային դպրոցների ու կրթաթոշակների վերաբերյալ:
Aravot.am-ի հետ զրույցում «Լոնդոն Այ» միջազգային ուսումնական կենտրոնի գործադիր տնօրեն Գայանե Եղիազարյանն ասաց, որ իր այցելությունները բրիտանական և մի շարք այլ բուհեր օգնել են իրեն հասկանալ, թե ինչը կարող է առիթ կամ պատճառ դառնալ, որպեսզի ուսանողը ցանկանա այս կամ այն երկրում սովորել: «Դրսում մեր երեխաների որակյալ կրթությունն ապահովող մի շարք նախապայմաններ կան՝ սկսած կեցության պայմաններից մինչև լսարանային, մարզական, գրադարանային պայմանները: Եվ ես շատ ուրախ եմ, որ ինձ հաջողվեց համագործակցել այնպիսի հաստատությունների հետ, որոնք անվճար տեղեր կարող են տրամադրել մեր ուսանողներին»,- ասաց նա:

12-րդ դասարանի աշակերտ Սպիվակ Միքայելյանը, որը նույնպես եկել էր հանդիպում-խորհրդատվությանը՝ ծանոթանալու արտերկրում ուսումը շարունակելու ծրագրերին, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ավելի հակված է ուսումը շարունակելու Մեծ Բրիտանիայում. «Չնայած որ ամերիկյան համալսարանները վարկանիշավորման աղյուսակներում ավելի բարձր հորիզոնականներ են զբաղեցնում, բայց, որքան ես եմ տեղյակ, Անգլիայում կրթությունն ավելի էժան է ու որակյալ: Ես ծանոթ եմ առաջարկվող բոլոր տարբերակներին և համեմատելով հասկացա, որ Անգլիայում ավելի լավ է»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա համոզված է, որ արտասահմանյան բուհերում ստացած կրթությունը լավ ապագա է խոստանում, «բայց ամենակարևորն այն է, որ սովորելուց հետո անպայման վերադառնաս Հայաստան և զարգացնես քո երկիրը, ոչ թե մնաս արտերկրում ու աշխատես ուրիշների համար»,- ասում է Ս. Միքայելյանը:

Մինչդեռ, հանդիպում-խորհրդատվության մեկ այլ մասնակից՝ Վահրամ Փափազյանը, որը Հայաստանում ավարտել է բակալավրիատը՝ «Ֆինանսներ և վարկ» մասնագիտությամբ, գնալու դեպքում վերադառնալու մտադրություն չունի: «Լավ կրթություն և աշխատանք ունենալու հնարավորություններն արտասահմանում ավելի մեծ են: Շատ լավ խորհուրդներ լսեցի այսօր, ծանոթացա ծրագրերին և պատրաստվում եմ քննություն հանձնել, որպեսզի կարողանամ ընդունվել: Սակայն դեռ չեմ կողմնորոշվել, թե հատկապես որ համալսարանն եմ դիմելու, ընթացքում կորոշեմ»,- ասաց Վ. Փափազյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31