«Վիճակագրական վարչության տվյալների համաձայն՝ ամեն օր բնակչության 10 տոկոսը քաղցած է պառկում քնելու, 42-43 տոկոսը աղքատ է, ներդրումները հանրապետությունում պակասել են 50 տոկոսով, վերջին 4 տարում հանրապետությունից արտագաղթել է ավելի քան 200.000 մարդ, նախատեսված 7 տոկոս տնտեսական աճի փոխարեն՝ տեղի է ունեցել 5 տոկոս պարտքի աճ: Արտաքին պարտքը կազմում է ավելի քան 5 միլիարդ դոլար: Այս թվերի շարքը կարելի է երկար շարունակել, սակայն վիճակը ցույց է տալիս, որ գնալով հանրապետությունում վիճակը չի կարգավորվում»,- այսօր՝ մարտի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Կոմկուսի կենտկոմի նորանշանակ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:
Նա նախընտրում է Հայաստանի արտաքին քաղաքականությունը բաժանել երկու մասի՝ մինչ Մաքսային միությունը եւ Մաքսային միությունից հետո: Նա նշեց, որ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ողջունում է Հայաստանի մուտքը Մաքսային միություն, քանի որ կարծում է, Մաքսային միության կազմի մեջ մտնելով՝ լուծվում են Հայաստանի համար կարեւոր որոշ հարցեր.«Մաքսային միության մեջ մտնելով՝ առհավետ լուծվում է ազգի անվտանգության խնդիրը, որը Հայաստանի կոմունիստական կուսակցությունը համարում է համար 1 խնդիր: Բացի դրանից՝ մենք նույն միության անդամն ենք եղել, բայց տնտեսական կապերը խզվել են: Մաքսային միության մեջ մտնելով՝ մենք հնարավորություն կունենանք վերականգնել մեր տնտեսական կապերը, ավելին՝ կստեղծվի նոր միասնական տնտեսական տարածք, ինչո՞ւ չէ՝ նաեւ մշակութային տարածք, հնարավոր է նաեւ լինի ընդհանուր դրամ»:
Տաճատ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի կոմունիստական կուսակցությունն ամեն ինչ անելու է, որ Հայաստանը մի օր շուտ մտնի Մաքսային միության կազմի մեջ, եւ այդ պատճառով նրանք գիտակցաբար չեն ուզում խոչընդոտել նախագահ Սերժ Սարգսյանին. «Մենք այսօր հանրապետության նախագահին չպետք է խանգարենք, որպեսզի կարողանանք այդ պատմական ակտը մինչեւ վերջ իրագործել»:
Անդրադառնալով Ուկրաինայի դեպքերին՝ Տ. Սարգսյանն ասաց, որ Ուկրաինայում, տապալելով օրինական ընտրված նախագահին,
իշխանության գլուխն են անցնել ֆաշիստները: Նա համարում է, որ Ղրիմի հանրաքվեն համապատասխանում է ազգերի ինքնորոշման իրավունքներին, ՄԱԿ-ի եւ միջազգային ստանդարտներին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
ապրեն հայ կոմունիստները