Լրահոս
Օրվա լրահոսը

«Դալտոնիկ, քաղաքական իմպոտենտ». Խոսրով Հարությունյանն ու Ռուբեն Հակոբյանը վիրավորում են միմյանց

Մարտ 25,2014 14:31
ruben hakobyan

 

Այսօր ԱԺ-ում արագաչափերի, վճարովի ավտոկայանատեղիներին, չշահագործվող ավտոմեքենաների տուգանքների հարցի առնչությամբ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, որը հիմնական զեկուցողն էր, առաջարկեց հետաձգել հարցի քվեարկությունը՝ մինչեւ ապրիլի 28-ը: Հիշեցնենք, որ օրինագիծը նախաձեռնել էին ոչ իշխանական 4 խմբակցությունները:

Ռուբեն Հակոբյանը նշեց, որ հարցի քննարկման ժամանակ շահարկումներ եղան, որոնց նպատակն էր շեղել բուն հարցից. «Իմ երիտասարդ գործընկերներից մեկն ասեց, թե այս ժամանակներում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը դարձել է հոբբի: Իսկապես, լավ օրից չէ, որ ամեն հարցի հետ կապված ժամանակավոր հանձնաժողով ենք ուզում: Այ եթե Մարտի 1-ի հանցագործությունները բացահայտված լինեին, ունենայինք դատական անկախ համակարգ, որ կբացահայտեր, մենք դրա անհրաժեշտությունը չէինք ունենա: Եթե կուտակային ֆոնդի հետ կապված հարցերը հակասահմանադրական չլինեին, մենք ժամանակավոր հանձնաժողով չէինք ստեղծի: Լավ օրից չի: Եթե դատական համակարգը չի իրականացնում իր լիազորությունները, թող գոհ լինեն, որ կա մի ամբիոն, որն իրականացնում է»:

Ռուբեն Հակոբյանը խորհուրդ տվեց տրամաբանորեն բացատրել, որ իսկապես ՀՀԿ-ն այդ ճանապարհով տանում է մարդկանց ապահով Հայաստան. «Էդ ի՞նչ տոն է: Շահարկում է ընդդիմությունը: Ի՞նչ ենք շահարկում,եղբա՛յր, գոնե մի հատ ուրիշ հոմանիշ օգտագործեք, արդեն սպանում եք այդ բառով: Ինչո՞ւ եք հեռանում բուն խնդրից: Եթե մեզ դասեր եք տալիս, եթե մենք լավ ընդդիմություն չենք, խնդրեմ, դուրս եկեք, դարձեք ընդդիմություն եւ ձեր օրինակով ցույց տվեք, թե ինչպիսին պիտի լինի ընդդիմությունը: Բայց ոչ թե մտել եք նոր քաղաքականություն եւ իշխանություն եւ դասեր եք տալիս, թե դասական ընդդիմությունն ինչ բան է»:

Ռուբեն Հակոբյանին դուր չէր եկել հատկապես ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի դիտարկումը, թե ընդդիմությունը սեւ ակնոցներ է հագել եւ ամբողջությամբ սեւացնում է. «Ես կարծում եմ, որ դա ընդամենը քաղաքական դալտոնիզմ է՝ տեսնել, թե ընդդիմությունը սեւ ակնոցներով է նայում: Ո՞վ ասաց: Իսկ գուցե դուք եք վարդագույն ակնոց դրել եւ ուզում եք արդարացնել իշխանության բոլոր արածները՝ անկախ ձեւակերպումներից: Եվ ընդհանրապես խորհուրդ կտամ ընդդիմությանը դասեր չտալ, առավել եւս նրանց, ովքեր կյանքում գոնե 15 րոպե չեն եղել ընդդիմություն: Մի քիչ զգույշ եղեք, հարգեք մեզ»:

Ի պատասխան՝ Խոսրով Հարությունյանը բորբոքված հայտարարեց, որ Ռուբեն Հակոբյանն էլ քաղաքական իմպոտենտ է. «Այո, դուք քաղաքական իմպոտենտ եք»: Նա վստահեցրեց, որ մինչ օրս ԱԺ ամբիոնից որեւէ մեկին չի վիրավորել, բայց հիմա ստիպված է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    դալտոնիկ, քաղաքական իմպոտենտ, դհոլ, իդիոտ … Ահա Հայաստանի քաղաքական բառապաշարը…. Եվ ոչ մի մնայուն արժեք…Տխուր է…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31