Լրահոս
Օրվա լրահոսը

«1988-ին իրական ժողովուրդն էր, այսօրվա ամբոխը չէր». Գալուստ Սահակյանը` Հայաստանի, Ղրիմի հարցով զանգերի հապշտապության եւ այլնի մասին

Մարտ 25,2014 14:04

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Պարոն Սահակյան, Ղրիմի հանրաքվեից հետո Հայաստանը շտապեց արձագանքել՝ Սերժ Սարգսյանն այն «ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակ» անվանեց, իսկ Ստեփանակերտում համերգ կազմակերպվեց: Ինչո՞վ էր պայմանավորված հայկական կողմի շտապողականությունը:

-Հետաքրքիր է, երկու բանակի են բաժանվել, մի բանակը հետապնդում է, թե խի՞ ձայն չհանեց, մյուս բանակը ասում է, որ արձագանքեց:

Մենք պատերազմող երկիր ենք, ընդ որում, ազգերի ինքնորոշման իրավունքը մեզ համար բավական բարձրարժեք կատեգորիա է: Ղրիմի և Ուկրաինայի թնջուկում մենք որևէ դերակատարում չունենք, կա Ռուսաստան, Ամերիկա, Եվրոպա: Այսինքն՝ մեր խնդիրն այստեղ այն է, որ ինչքան քիչ լինեն կոնֆլիկտները, այնքան հնարավոր կլինի մեր խնդիրներն ավելի շուտ լուծելի դարձնել: Դրա համար մեր տեսակետը հետևյալն է. նման խնդիրները պետք է լուծել խաղաղ ճանապարհով: Ես, օրինակ, միտում չունեմ մի կողմին մեղադրեմ, մի կողմին չմեղադրեմ: Քաղաքական տեսանկյունից մեզ համար ազգերի ինքնորոշման իրավունքը գերակա խնդիր է: Իսկ իրավաբանական տեսանկյունից մենք այդքան ինֆորմացված չենք և ոչ էլ այդ թնջուկի լուծման խնդիրների շրջանակում ենք ընդգրկված, որպեսզի կարողանանք գնահատականներ տալ:

Ակնհայտ է, որ Ղրիմի հանրաքվեն ռուսական զորքի ներկայությամբ ու ճնշման տակ է անցկացվել, ըստ ձեզ՝ արդյո՞ք դա կարելի է անվանել ինքնորոշման իրավունքի հերթական օրինակ:

-Նախ այնտեղ միշտ էլ եղել է ռուսական զորք, դա միջազգային պայմանագրերով է արված: Մենք այդ վերլուծման շրջանակներում չենք, որպեսզի ասենք՝ էս զորքը խի էր էստեղ, արդյոք եղել է, թե չի եղել, բա դրանից հետո ինչ են մտածել, որտեղից սկսվեց, առիթը որն էր, պատճառները որոնք էին: Մենք ինֆորմացված չենք, որովհետև այդ շրջանակի դերակատարներից չենք: Դրա այն խնդիրը, որը սկզբունքային է մեզ համար՝ նման խնդիրները խաղաղ ճանապարհով լուծել, մենք դրա ջատագովն ենք: Եթե որևէ խնդիր կլինի միջազգային ասպարեզում, մենք նորից հորդորելու ենք, որ Ուկրաինան շուտ ոտքի կանգնի, որպեսի մեր փոխհարաբերությունները շարունակվեն: Իսկ մեր վայ քաղաքագետները և ոգեղեն մարդիկ, որոնք փորձում են բամբասանքների դաշտում գնահատականներ տալ, դա մեր և իշխանությունների խնդիրը չէ: Մեր ամեն խոսքի համար մենք պատասխան պիտի տանք մեր ժողովրդի առաջ: Իսկ մյուսները որևէ պատասխանատվություն չունեն, որ պատասխան տան, դրա համար ամեն ինչ կարող են խոսել:

Որոշ վերլուծաբաններ շտապողականություն են որակում Հայաստանի արձագանքը, դուք այդ կարծիքին չե՞ք:

-Մենք չենք շտապել, հիմա եթե մի այլ տեղ էլ լինի, եթե ազգերի ինքնորոշման իրավունք է, դա մեր հիմնական գաղափարախոսությունն ու բնույթն է: Մենք պաշտպանում ենք ազգերի ինքնորոշման իրավունքները, դա չի վերաբերում իրավական կամ իրավաբանական տեսակետից գնահատականներ տալուն: Մենք քաղաքական տեսակետ ունենք, որն ամբողջ աշխարհը գիտի, մեկ անգամ ևս ասում ենք, որ ազգերի ինքնորոշման իրավունքը վեր է ամեն ինչից: Իսկ ինչ վերաբերում է իրավական խնդիրներին, թե զորքը երբ մտավ այնտեղ, արդյոք սահմանադրությամբ իրավունք ունեին, դրանք իրավական խնդիրներ են: Մենք այդ մասով գնահատական տալու համար պիտի այդ շրջանակի դերակատարներ լինենք:

Պարոն Սահակյան, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն օրերս ափսոսանք հայտնեց Ղրմի հանրաքվեի վերաբերյալ Հայաստանի արձագանքի կապակցությամբ: Դա չի՞ մտահոգում Հայաստանի իշխանություններին:

-Աշխարհում երկակի ստանդարտներ են գործում, եթե այդ ստանդարտները չլինեին, հիմա Ղարաբաղն անկախ երկիր կլիներ: Հզորները փորձում են լուծելի դարձնել այն խնդիրները, որոնք իրենք ունեն: Դրա համար Նժդեհն ասում է՝ ուժն է ծնում իրավունք: Հենց որ մենք էլ շատ ուժեղանանք… Այսօր հարցնում են՝ բա Սիրիայի Քեսաբի դեպքերին չենք մասնակցելո՞ւ: Ապշում եմ անհեթեթ հարցերի վրա, այսինքն՝ որ Քեսաբում բան են անում, հայոց բանակը պիտի գնա, էնտեղ ճակատամարտեր տա՞: Ես պատասխանում եմ՝ դիվանագիտական ճանապարհով ինչ հնարքներ կան, բոլորն օգտագործելու ենք, ինչպես ընդհանարապես Սիրիայի դեպքում օգտագործեցինք, երբ որ 10 հազար սիրիահայեր այստեղ են ապրում:

Մարի Ներսեսյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31