Այսօր ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հորդորել էր չափի մեջ մնալ եւ չխառնվել մեծերի գործերին:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն, անդրադառնալով ԲՀԿ-ականի ելույթին, հեգնեց նրան. «Ասենք, ժողովրդի մեջ խնդիր կա, դուք դատավճիռն էլ հետն եք բերում, խառնում եք ամեն ինչը: Անչափներն ուզում են չափավորների՞ն հավասարվել: Հլը քեզ նայի, քո տրամաբանությունը նայի, որտեղից՜ ես եկել, որ օջախին ես կպնո՜ւմ, ո՞վ ա քեզ թույլ տվե՜լ: Սա ի՞նչ հարցադրում է, սա ի՞նչ ոճ է»:
Գալուստ Սահակյանը պատասխանեց նաեւ Ստեփան Մարգարյանի այն առաջարկին, թե կառավարության ցանկացած անդամ թող գա մեզանից յուրաքանչյուրի հետ ցանկացած բնակավայր, եւ կտեսնեք, թե մեզանից ում են ավելի շատ վստահում:
Գալուստ Սահակյանի խոսքերով՝ «Էդ որ մեզ ասում եք՝ գնացեք ժողովրդին հարցրեք… Հարցնո՛ւմ ենք: ԱԺ ընտրություններին՝ մեծամասնություն, նախագահականին՝ հաղթանակ, տեղական ինքնակառավարում՝ հաղթանակ: Էդքանից հետո մենք մեզ թույլ չենք տալիս ասել՝ գնացեք ժողովրդին հարցրեք: Իհարկե, այդ պրոբլեմները կան, առաջին արձագանքողները մենք ենք: Դուք կրկնում եք մեզ, բայց շատ կոշտ ու կոպիտ՝ մտածելով հանդերձ, որ արդյունքներ չեն լինելու: Կանգնել այստեղ խոսել, թե էս նախարարն էսպես ասեց, տեսեք տղեք, բա մենք պատգամավոր ենք…եւ այլն, եւ այլն: Քննարկումը վեճ է, մեկին դուր կգա, մյուսին դուր չի գա: Դա ճանապարհ է, որ բոլորս միասին ենք անցնում: Մի մտածեք, որ որոշակի կարողանում եք արդեն ամբիոններից խոսք ասել, դա նշանակում է արդեն փառահեղ ինչ-որ մոտեցումներ: Դուք ընդամենը կուսակցական նեղ ոգեշնչումով եք առաջ գնում: Մի անգամ հրապարակել եմ «Խորհրդարանական ժամով», էլի՞ հրապարակեմ, թե դուք ովքեր եք եւ ինչ եք ուզում անել»:
Կարդացեք նաև
Սա ասելուն պես՝ Գալուստ Սահակյանը Հովհաննես Թումանյանից մի մեջբերում կարդաց. «Շատերը ժողովուրդն ու ամբոխը խառնում են իրար: Այսինքն՝ դուք: Սրանք իրար հակառակ բաներ են. ժողովուրդն իմաստուն է, ամբոխը՝ հիմար, ժողովուրդը ծանր է, ամբոխը՝ թեթեւ, ժողովուրդը մեծահոգի ու բարի է, ամբոխը՝ դյուրագրգիռ եւ վտանգավոր, չար: Ժողովուրդն աշխատանք է սիրում, ամբոխը՝ թալան: Ամբոխամիտ եւ ամբոխավար մարդիկ երբեմն ամբոխի գլուխն անցնելով, որը մի շատ հեշտ բան է, տիրում են ժողովրդին ու նրանց գցում կրակների ու կռիվների մեջ, որը նա չի էլ երազում: Դուք ընդամենը սա եք: Ես դա չեմ ասում՝ Հովհաննես Թումանյանն է ասում՝ 1920 թվականին»:
Գալուստ Սահակյանի ելույթի ժամանակ ոչ իշխանական թեւի պատգամավորների մի մասը լքեց նիստերի դահլիճը՝ չլսելով վերջաբանը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ծիծաղեց՝ «Մարդիկ մտածեցին դու ես ասում՝ թողին-գնացին: Սկզբից պիտի ասեիր Թումանյանն է ասել, որ չգնային, Գալուստ Գրիգորիչ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Եվ ո՞վ Է խոսում ամբոխից ու ամբոխավարությունից։ Գալուստ Սահակյանին ամեն ելույթ ամբոխավարության ամենավառ դրսևորումն է։