Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրեց նորանշանակ դատավորներին

Մարտ 25,2014 13:32

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը մարտի 24-ին, ձևավորված ավանդույթի համաձայն, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի, Դատական դեպարտամենտի և Արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավարի մասնակցությամբ, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների, ինչպես նաև ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների դատավորներին ու աշխատակազմերին ներկայացրել է նորանշանակ դատավորներին:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014թ. մարտի 20-ի հրամանագրով Արմեն Բեկթաշյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի, իսկ Գևորգ Նարինյանը՝ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Ինչպես բազմիցս նշել ենք, դատավորների հետ նման հանդիպումները միաժամանակ կրում են աշխատանքային խորհրդակցության ձևաչափ, որի ընթացքում քննարկվում են դատական իշխանությանն առնչվող բազմաթիվ հարցեր:

Դատավորների և աշխատակազմերի հետ աշխատանքային խորհրդակցության ընթացքում Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը մտահոգություն հայտնեց դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների խախտումների մասին և տեղեկացրեց, որ այս խնդրի շուրջ ստանում է հանրության դժգոհությունը: Վճռաբեկ դատարանի նախագահը նկատեց նաև, որ քիչ չեն դատական նիստերն ուշացումով սկսելու վերաբերյալ ստացված դժգոհությունները:

Գրանցվել են նաև դեպքեր, երբ դատական նիստի ընթացքում դատավորները թույլ են տվել դատավորին ոչ հարիր պահվածք: Արման Մկրտումյանը հորդորեց ցուցաբերել խիստ զգոնություն, առանձնահատուկ ուշադրություն դարձնել ողջամիտ ժամկետների ու դատավորների վարքագծի կանոնների պահպանմանը: Նա վստահեցրեց, որ խիստ ուշադրությամբ է հետևելու այս խնդիրներին, որոնց խախտումներն անհանդուրժելի են:
Հանդիպման ժամանակ Վճռաբեկ դատարանի նախագահն անդրադարձավ ոչ միայն քաղաքացիների, այլև փաստաբանների արտահայտած դժգոհություններին, այն մասին, որ դատական ակտերը կողմերին տրամադրվում են ուշացումներով: «Ի՞նչ է նշանակում դատական ակտը կողմերին հանձնել ուշացումով: Սա արատավոր երևույթ է, որը խախտում է անձանց իրավունքները: Անհրաժեշտ է վերջ դնել այս անթույլատրելի երևույթին: Ուշացվում է նաև դատական ակտերի հրապարակումը Դատալեքս տեղեկատվական համակարգում, ինչը չունի որևէ տրամաբանական արդարացում: Խիստ հրահանգեք ձեր աշխատակազմերին, որ դատական ակտերը հրապարակվելուց հետո նույն պահին տեղադրվեն Դատալեքսում: Պետք է հնարավորինս արագ լուծել բարձրացված խնդիրները` հետագայում բացառելով նմանատիպ դժգոհությունները»,-ասաց Արման Մկրտումյան:

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանն էլ իր խոսքում նշեց, որ 2013թ-ին շուրջ չորս հազարով ավելացել են քրեական գործերի մինչդատական վարույթների գործերը: «Սա անշուշտ խոսում է այն մասին, որ թե քաղաքացիները և թե փաստաբաններն սկսել են ավելի վստահել դատարաններին: Նրանք բավարարված չլինելով քննչական ու դատախազական մարմիններից՝ արդարություն են փնտրում և գտնում դատարաններում: Ինչպես գիտենք՝ քննիչի որոշումը բողոքարկում են նախ դատախազին, իսկ հետո՝ դատարան: Ակնհայտ է, որ դատարանների նկատմամբ վստահությանը զուգահեռ բարձրացել է նաև հանրության իրավագիտակցությունը: Այս առումով անհրաժեշտ է պահպանել խիստ պրոֆեսիոնալ մոտեցում. քաղաքացին, ով դիմել է դատարան, պետք է վերջնական արդյունքում հասնի արդարության: Ակնհայտ է, որ դատական գործերի ավելացումներն էլ ավելի են ծանրաբեռնում դատավորներին, սակայն փաստ է, որ դա դատական համակարգի կայացվածության, արդյունավետության և հոգատար աշխատանքի արդյունքն է»,-նշեց Դավիթ Ավետիսյանը` հավելելով, որ ներկայումս քննարկվում է դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու հնարավորությունները:

Դատական դեպարտամենտ

Տեղեկատվական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31