Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ծառուկյանի խաղատները հիշող ֆինանսների նախարարին. «Մնա չափիդ մեջ եւ մի՛ խառնվիր մեծերի գործերին»

Մարտ 25,2014 13:25

Այսօր ԱԺ-ում քվեարկության դրվեց եւ 62 կողմ, 42 դեմ արդյունքներով առաջին ընթերցմամբ ընդունվեց «Պետգույքի կառավարման մասին» օրենքի նախագիծն ընդունելու հարցը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Հովիկ Աբրահամյանը խորհրդակցության էր հրավիրել բոլոր խմբակցությունների ղեկավարներին իր աշխատասենյակ՝ քննարկելու օրենքի հետ կապված որոշ հարցեր: Քննարկումից հետո նա տեղեկացրեց, որ որոշ խնդիրներ կան, որոնք կլուծվեն հետագա քննարկումների ժամանակ, եթե անհրաժեշտություն լինի, խորհրդարանական լսումներ կհրավիրեն:

ԱԺ-ում շարունակվեց վճարովի ավտոկայանատեղիների, չշահագործվող ավտոմեքենաների տուգանքների հարցի առնչությամբ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու 4 ոչ իշխանական ուժերի նախաձեռնության քննարկումը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն (լուսանկարում) իր ելույթում անդրադարձավ ֆինանսների նախարարին: Նախարարը ոչ իշխանական ուժերին հարց էր ուղղել, թե ի՞նչու ներկայացված հարցադրումների մեջ չի ներառվել Գագիկ Ծառուկյանին պատկանող խաղատունը, որն ընդունված օրենքի համաձայն՝ Երեւանին մերձ շրջանում միակն է մնացել, իսկ մյուս փոքր խաղատները փակվել են: Նա հայտարարել էր, որ ԲՀԿ խմբակցությունն է նպաստել այդ օրենքի ընդունմանը, որ Գագիկ Ծառուկյանն ավելի մեծ շահույթ ստանա եւ հավելել. «Այո, համաձայն եմ, որ ագահությունը պետք է չափ ու սահման ունենա»:

Ստեփան Մարգարյանն այսօր պատասխանեց նախարարին այսպես. «Ֆինանսների նախարարը, ճիշտն ասած, պարզ չի, թե ինչու էր եկել, քննարկվող հարցից անտեղյակ էր: Բայց քանի որ նա իրեն թույլ տվեց վիրավորել ԲՀԿ խմբակցությանը եւ խորհրդարանական ոչ իշխանական քառյակին առանձին, ես անդրադառնամ նրան եւս: Կարծես թե պարզ է դառնում, որ այս կամ այն նախարարը ԱԺ ամբիոնի մոտ հանդես է գալիս մի տեսակ տղայական պահվածքով, հոխորտում է ու հետո իր միջավայրում ասում՝ տեսա՞ք ինչ  արեցի: Այդպիսին էր նախարարի երեկվա պահվածքը: Ուզում եմ հորդորել՝ մնա չափիդ մեջ եւ մի՛ խառնվիր մեծերի գործերին»:

Նա նշեց, որ խաղատների մասին օրենքի նախագիծը ներկայացրել է ժամանակին կառավարությունը. «Նա իրեն իրավունք վերապահեց վիրավորել նաեւ 4 քաղաքական ուժերին՝ ասելով, որ նրանք թաքնվում են քաղաքացիական նախաձեռնությւոնների հանրահավաքի ետեւում, եւ սա անում ենք, որովհետեւ ժողովուրդը մեզ չի վստահում: ես ուզում եմ պարզ ասել՝ ոչ ես, ոչ թլ իմ գործընկերները որեւէ  մեկի, որեւէ մի նախաձեռնության հետեւում չի թաքնվել: Մենք մեր տեսակետները մշտապես հայտնել ենք պարզ՝ ամբիոնից: Առաջարկում եմ այս նախարարիին կամ կառավարության որեւէ անդամի մեզնից որեւէ մեկի հետ գնալ ցանկացած բնակավայր եւ տեսնել՝ ում են վստահում, ում չեն վստահում»:

Նա խորհուրդ տվեց նախարարին խոսելուց առաջ մտածել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31